Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲԼՈԿԱԴԱՅԻ»

Հոկտեմբեր 12,2004 00:00

«ԲԼՈԿԱԴԱՅԻ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ Նիկոլ Աղաբաբյանի ինքնատիպ նկարը՝ «Նորավանք» Ճանաչված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը տասնյակ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի շատ երկրներում: Այսօր Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում բացված ցուցահանդեսը առանձնանում է նախկիններից: Ներկայացված են մեծածավալ աշխատանքներ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է մեկ ամբողջություն կազմող մի քանի կտավից: Ամենաուշագրավը, սակայն, 9 կտավից կազմված «Նորավանքն» է: Վեց կտավներում եկեղեցին է ու շրջակա լեռնաշղթան, երեքում՝ երկինքը, որպես առանձին մատերիա: Այս աշխատանքը Նիկոլից պահանջել է հոգեկան ու ֆիզիկական ուժերի գերլարում, այն աստիճանի սեւեռում, որ «հալից ընկել է», արդյունքում ծնվել է փառահեղ նկար՝ միայն Նիկոլին բնորոշ գույներով: Այս նկարի վրա աշխատելիս Նիկոլը որոշ ժամանակ ապրել է Նորավանքում, վստահեցնում է, որ այդ օրերին անսովոր հոգեվիճակ է ունեցել, մի տեսակ ինքնամաքրման զգացողություն: «Հատկապես գիշերները, երբ դու ես, ձորը ու Նորավանքը, չկա կողքիդ որեւէ մեկը, զգում ես, որ հոգիդ խաղաղվում է, փոխվում ես»,- պատմում է նկարիչը: «Ինչո՞ւ է նկարների ցուցադրության վայր ընտրված հատկապես Թումանյանի տուն-թանգարանը» հարցին ի պատասխան, Ն. Աղաբաբյանն ասաց. «Թումանյանը մեծություն է բոլորիս համար, հետեւաբար նրա օջախում նկարներս ցուցադրելը մեծ պատիվ եմ համարում: Բացի դրանից, այս թանգարանը ճիշտ լուսավորությամբ հրաշալի ցուցասրահ է»: «Իսկ ինչո՞ւ Նորավանք եւ ոչ մեկ այլ կոթող» հարցի առնչությամբ էլ Նիկոլն ասաց. «Արդեն 3-4 տարի Նորավանքն ինձ գրավում է: Քանի անգամ գնացել եմ նկարելու, բայց միայն լեռներն եմ նկարել՝ համարձակությունս չի բավարարել: Ինձնից 3 տարի պահանջվեց, որպեսզի եկեղեցին նկարեմ: Սկզբում մտածում էի՝ նկարը 5 կտավից կազմված լինի, որպեսզի ամբողջական երեւա լեռնաշխարհը, որտեղ գոհարն է: Հետո ներսումս կուտակվածը հասունացավ՝ դարձավ մեծածավալ նկար, որը 9 կտավից է բաղկացած: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայորդի երբեւէ պիտի գնա Նորավանքում խաղաղվելու, ազատվելու ամեն տեսակ զրթուփրթերից: Օրինակ, ես երբեմն ինձ մի քիչ բլոկադայի եմ ենթարկում՝ թերթեր չկարդալով, հեռուստացույց չդիտելով, քաղաքից հեռու մնալով, որովհետեւ հավելյալ ինֆորմացիան խանգարում է»: Այս ցուցահանդեսի հիմնական թեման հայոց աշխարհն է: Ներկայացված է 35 նկար՝ 50 կտավից բաղկացած: Նորություն է այն, որ երկնկարներ կան, որոնցում երկինքն ու երկիրը առանձին կտավներով են ներկայացված: Այդկերպ նկարիչը կամենում է ասել, որ «Երկինքը նույնպես մատերիա է. երկնքում էլ տեղի են ունենում նույն երեւույթները, ինչ երկրի վրա ու մենք բնավ երկնքից զատված չենք ապրում»: Նիկոլը պատմեց, որ մինչ այժմ նման աշխատանքների գոնե ինքը չի հանդիպել. «Կա եռանկար կամ երկնկար հասկացություն, սակայն մինչեւ հիմա տեսածս նկարները եղել են 2-3 տարբեր կտորներ, որոնք մեկ միտք են արտահայտում: Իմ դեպքում մեկ նկար է՝ տարբեր կտավներից բաղկացած: Պատկերացրեք՝ 9 կտավ դրված է եղել իմ առջեւ ու զուգահեռաբար աշխատել եմ: Եվ այդ բոլորը նկարել՝ մեկ հոգեվիճակի մեջ»: Մինչ երեւանյան ցուցահանդեսը, Ն. Աղաբաբյանը 3 ցուցահանդես ունեցել է Իսպանիայում, հետո Վենետիկում: Այս պահին նա ցուցադրվում է Գերմանիայում, իսկ հոկտեմբերի վերջին նրա աշխատանքները կներկայացվեն Հռոմում, այնուհետեւ՝ ԱՄՆ-ում: Նիկոլը անընդունելի է համարում վրձնակիցների շրջանում տարածված այն մտայնությունը, թե անհատական ցուցահանդեսները չպետք է հաճախակի կազմակերպվեն. «Նկարիչներ կան, որ տարվա մեջ 3 նկար են լղոզում ու դժգոհում, թե Նիկոլը ինչու է շուտ-շուտ ցուցահանդես անում: Նկարչությունը դինամիկ պրոցես է, ես միշտ աշխատանքային պրոցեսում եմ: Եթե տարին 100-200 նկար է ստեղծվում, ու թեկուզ 1 պտղունց լավ բան կա ցուցադրելու, ինչո՞ւ չներկայացնել: Դա նաեւ յուրօրինակ ինքնահաշվետվություն է»: Ըստ Նիկոլի, մշակույթի մարդիկ պետք է նման «հաշվետվություններով» հաճախակի հանդես գան, որովհետեւ իրենք էլ մշակույթի ոլորտի զինվորներն են, ու պարտավոր են «լավ կատարել իրենց զինվորությունը, հակառակ դեպքում դասալիք են դառնում»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել