Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օպտիմալացվածները» շրջան չեն գնում

Հոկտեմբեր 12,2004 00:00

«Օպտիմալացվածները» շրջան չեն գնում Ուսուցչի 463 թափուր տեղ դեռեւս կա Օպտիմալացման պատճառով աշխատանքը կորցրած ուսուցիչներին, ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության թիվ 1412 որոշման համաձայն, հնարավորություն է տրվում որոշակի արտոնություններով աշխատել սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային գոտիներում, որտեղ, այս պահի տվյալներով, շուրջ 274 մասնագետի կարիք կա: Մեր դիտարկումներն ուսուցիչների շրջանում, ինչպես նաեւ ԿԳ նախարարության տվյալները ցույց են տալիս, որ կրճատված ուսուցիչները հեռավոր մարզերում ուսուցչություն անելու ցանկություն գրեթե չեն հայտնում: Դա վերաբերում է հատկապես քաղաքաբնակ ուսուցիչներին, ովքեր գերադասում են այլ աշխատանք փնտրել, քան փոխել բնակավայրը: Դեռեւս 2 տարի առաջ, երբ գործուղման մասին որոշումը կայացվեց, մարզերի դպրոցներում 700 մասնագետի թափուր տեղ կար: Այդ ժամանակ էր, որ վերացվեց սահմանամերձ բնակավայրեր գործուղվող երիտասարդներին տարկետման իրավունքը: Ըստ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի, նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ մանկավարժական բուհերի ռեկտորներին հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ տանել բարձր կուրսերի ուսանողների շրջանում՝ յուրաքանչյուրին գոնե իր մարզում աշխատանքի տեղավորելու նպատակով՝ անհատական գրաֆիկի համաձայն: ԿԳՆ կադրերի բաժնի տրամադրած տեղեկությունների համաձայն, այս պահին առավել շատ թափուր տեղեր են մնացել Շիրակի մարզում՝ 129, որտեղ պահանջվում են ռուսաց, օտար լեզուների, պատմության մասնագետներ: Լոռու մարզի սահմանամերձ գյուղերն ունեն 56՝ օտար լեզուների, քիմիայի, աշխարհագրության մասնագետների կարիք: Վայոց ձորում միայն մեկով են լրացվել թափուր տեղերը, եւ այստեղ եւս նշված մասնագետների կարիք է զգացվում: Թափուր տեղերը 1-ով են պակասել նաեւ Սյունիքում, որտեղ եւս նույն մասնագետների կարիքը կա, թվով՝ 53: Քիչ թե շատ տեղերը լրացվել են Արագածոտնի, Արարատի, Կոտայքի մարզերում, սակայն այս մարզերում էլ հիմնականում քիմիայի, կենսաբանության մասնագետների պակաս կա: Այս ուսումնական տարում սահմանամերձ, լեռնային գոտիներում, ընդհանուր առմամբ, գործուղումով լրացվել է 382-ից միայն 108 տեղը: Իսկ ողջ հանրապետության մասշտաբով, բացի սահմանամերձ գոտիների 274 թափուր տեղից, կա եւս 189-ը՝ այլ մարզերում, ընդհանուր թվով՝ 463: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել