Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մոնիտորիստները» պայքարելու են կոռուպցիայի դեմ

Հոկտեմբեր 12,2004 00:00

«Մոնիտորիստները» պայքարելու են կոռուպցիայի դեմ Պայքարը կսկսվի եւ կավարտվի մոնիթորինգի շրջանակներում, իսկ մնացածը իրավապահների գործն է: Երեկ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը հրավիրել էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մոնիթորինգի հանձնաժողովի երկրորդ նիստը: Ըստ օրակարգի, ստեղծվեցին տասը աշխատանքային խմբեր, որոնք պետք է ուսումնասիրեն տարբեր ոլորտներում առկա իրավական եւ նախագծային ակտերը, միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների կատարումը, ներկայացնեն դիտարկումներ եւ առաջարկներ հակակոռուպցիոն պայքարի մեխանիզմների ու ռազմավարության մասին: Մոնիթորինգի հանձնաժողովը կազմվել է ԱԺ խումբ-խմբակցությունների պատգամավորներից եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Հանձնաժողովին անդամակցելու հնարավորություն տրվել է նաեւ ընդդիմությանը, սակայն տեղն առայժմ թափուր է: Բ. Եսայանի ասելով, աշխատանքային խմբերում կարող են տեղ գտնել նաեւ արտախորհրդարանական կուսակցություններն ու հասարակական բոլոր կազմակերպությունները, անհատ մարդիկ: «Մենք պետական մարմիններից պահանջելու ենք մեզ հետաքրքրող փաստաթղթերը, ուսումնասիրելուց հետո ներկայացնելու ենք առաջարկներ: Առանձին դեպքերում, եթե առկա կլինեն կոռուպցիոն ռիսկեր, մեր եզրակացությունն ուղարկելու ենք իրավապահ մարմիններին: Թե նրանք ինչպես կվարվեն՝ իրենց խնդիրն է»,- հանձնաժողովի առաքելությունը պարզաբանեց Բ. Եսայանը: Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանը, որը նաեւ ԶԼՄ-ների ոլորտի աշխատանքային խմբի համակարգողն էր, հարցրեց, թե ի՞նչ իմաստ ունի իրենց աշխատանքը, եթե պետական մարմիններից որոշումներ ստանալու իրենց ջանքերն ապարդյուն են անցնում նույնիսկ դատական մարմիններին դիմելուց հետո: Նախագահի խորհրդականը խորհուրդ տվեց «տեղավորվել» նախագահի հրամանագրով իրենց վերապահված իրավունքների շրջանակում: Ըստ Բ. Եսայանի, հանձնաժողովի աշխատանքները հիմնվելու են նաեւ ԶԼՄ-ների տեղեկությունների վրա: «Իսկ ի՞նչ է փոխվելու, եթե բացահայտվի կոռուպցիայի ակնհայտ «բուրմունքով» որեւէ իրավական ակտ: Չէ՞ որ մինչ օրս բազմաթիվ նման հրապարակումներ եղել են եւ մնացել անհետեւանք: Իսկ հանձնաժողովը, փաստորեն, լիազորված չէ դրանք վերացնելու»՝- մեր այս հարցին պարոն Եսայանը պատասխանեց, որ «հետաքննելը մեր խնդիրը չէ, հանձնաժողովի նպատակն է հասարակությանը ներգրավել կոռուպցիայի դեմ պայքարին»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել