Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԼՈՒՅԹ,

Հոկտեմբեր 12,2004 00:00

ԵԼՈՒՅԹ, ՈՐԸ ՍԹԱՓԵՑՐԵՑ ՇԱՏԵՐԻՆ Արտաշես Գեղամյանի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Պարոն նախագահ, հարգելի գործընկերներ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ադրիան Սեւերինին ակտուալ զեկուցման համար: Կիսում եմ Ձեր գնահատականն այն մասին, որ ժողովրդավարությունն այսօր վտանգավոր ճգնաժամ է ապրում: Կա՞ արդյոք դրանում մեր մեղքը եւ ինչպիսի՞ն է մեր պատասխանատվությունը: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում մեծ ուշադրություն դարձվեց Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ահաբեկչության սպառնալիքի կանխարգելման, մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների պաշտպանության հարցերին: Հռետորների ելույթներում բազմիցս դատապարտվեցին ահաբեկչական հարձակումները Նյու Յորքի առեւտրի կենտրոնի վրա, Իսպանիայում, Ստամբուլում, Էլ-Ֆալուջում, Մոսկվայում եւ Բեսլանում… Անկասկած, այս օգտակար քննարկումների ընթացքում երբեմն այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ մենք, չգիտես ինչու, 21-րդ դարի այդ ժանտախտի՝ հնարավոր քաղաքակրթական արմատներին պատշաճ ուշադրություն չդարձնելով, անցնում ենք կողքով: Ելույթ ունեցող հռետորներից եւ ոչ մեկը չկարողացավ հիշատակել գոնե մեկ օրինակ, որտեղ ահաբեկիչների հանցագործությունները պաշտոնապես դատապարտվեին շիիթական, սուննիթական, վահհաբիտական իսլամական կենտրոնների կողմից: Ահաբեկիչներից ոչ ոք այդպես էլ Ղուրանի անունով չդատապարտվեց, չանվանվեց «շեյթան»: Բայց չէ՞ որ ահաբեկիչների ձեռքերով զոհվեցին հարյուրավոր ճշմարտահավատ մահմեդականներ, ինչպես նաեւ քրիստոնյաներ, հրեաներ… Ի՞նչ է սա. Բրունո Յասենսկու «Անտարբերների դավադրության» նոր խմբագրությո՞ւն: Թե՞ Սեմյուէլ Հանտինգտոնի «Քաղաքակրթությունների բախում» քաղաքագիտական բեստսելլեր դարձած գրքի տագնապ հարուցող կանխագուշակումների իրականացում: Իսկ միգուցե սա յուրահատուկ պատիժ է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամադ Խաթամիի՝ «Քաղաքակրթությունների երկխոսություն» սկսելու խիստ անհրաժեշտության մասին կոչը պատշաճ ուշադրության չարժանացնելու համար: Ի՞նչն է մեզ խանգարում հաղթահարել ահաբեկչությունը, աշխարհում հաստատել իրապես ժողովրդավարական արժեքներ: Կամքի բացակայությո՞ւնը, համարձակության պակա՞սը, գիտելիքների սակավությո՞ւնը: Կարծում եմ՝ ոչ: Մեր կամքն այդ ճակատագրական պայքարում երերուն են դարձնում սուտը եւ երեսպաշտությունը, որոնց դրսեւորումներին ոչ հազվադեպ ականատեսն ենք դառնում եւ այստեղ՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, երբ նրա բարձր ամբիոնը օգտագործվում է ստի ու կեղծիքի մասսայականացման համար: Ադրբեջանի պատգամավորը այն աստիճանի «ոգեւորվեց» իր ելույթում, որ Հայաստանին մեղադրեց ահաբեկչության մեջ: Մեր հասցեին նրա հարձակումները, Սումգայիթի, Բաքվի եւ Կիրովաբադի անմեղ զոհված եւ ողջակիզված հարյուրավոր հայերի հիշատակի առջեւ, չի կարելի համարել այլ կերպ, քան սրբապղծություն: Թվում է՝ ոմանց այժմ էլ է ոգեւորում Ադոլֆ Շիկելգրուպերի սատանայական արտահայտությունը, երբ նա բացականչեց՝ «Ո՞վ է այժմ հիշում Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը», արտահայտություն, որը, ըստ էության, Հոլոքոստի նախերգանքը դարձավ: Ադրբեջանում հայերի վերապրած ողբերգության պայմաններում ճիշտ այդ նույն հռետորը այժմ արդարախոսի պատմուճան հագած, առանց խղճի խայթ զգալու այս ամբիոնից ողբում էր ահաբեկիչների ձեռքով սպանված հրեաների համար: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ երեսպաշտություն: Կամ ինչպես բնութագրես այն, որ դե-ֆակտո ազատ, անկախ Լեռնային Ղարաբաղում 16 տարի առաջ ծնված երեխաներին, որոնք այս տարի ավարտել են դպրոցը, ընդունվել համալսարաններ, Ստրասբուրգից ուզում են ներշնչել, որ նրանք իրենց հողում չեն ապրում, չեն ապրում իրենց հայրենիքում, ուր դեռեւս հին հռոմեական կայսրության ժամանակներից բնակվել են իրենց նախնիները: Ավելին, վիրավորում են նրանց ծնողներին՝ անվանելով զավթիչներ: Եվ երեխաներն ակամայից մտածում են, թե որքան անարդարացի է ստեղծված աշխարհը, եթե մայրենի լեզվով խոսելու եւ գրելու, ինչպես նաեւ պետական քրիստոնեական հնագույն քաղաքակրթության ժառանգների առաքելական եկեղեցում հարսանյաց հանդես իրականացնելու իրավունքը գնահատվում է որպես զավթողականություն: Իսկ Ադրբեջանը, որը տասնամյակներ շարունակ հայերի նկատմամբ վարել է պետական ահաբեկչության քաղաքականություն, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից ներկայացվում է որպես ագրեսիայի զոհ: Պարոն նախագահ, Եվրոպայի խորհրդի պալատը, անտարակույս, գեղեցիկ շինություն է, բայց Ստրասբուրգի բնակիչների համար այն չի փոխարինի քաղաքի գլխավոր կաֆեդրալ տաճարին: Կարծում եմ, պարոն Պիտեր Շիդերը կհամաձայնի, որ այս պալատը չի փոխարինի վիեննացիների համար սուրբ Ստեֆանի տաճարին, իսկ Թերի Դեւիսը, կարծում եմ, չի հերքի, որ լոնդոնցիների համար այն չի փոխարինի սուրբ Պետրոսի տաճարին եւ, առավել եւս, բոլորիս համար Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարին: Մեզնից յուրաքանչյուրը Եվրոպայի խորհրդի պալատի սպասավոր է եւ մեր գործունեությամբ հնարավորություն ունենք այս պալատը վերածելու երրորդ հազարամյակի հոգեւոր տաճարի, որը ողջ Եվրոպայով ժողովրդավարության, ազատության, կարեկցանքի եւ մարդասիրության գաղափարներ կճառագի: Եվ միայն այդ դեպքում մեր համաեվրոպական խորհրդարանական ընտանիքը կարող է հոգեւոր առումով հավակնել «21-րդ դարի սուրբ ընտանիք» դառնալուն, որի ճարտարապետական իրագործումն արդեն մեկ հարյուրամյակ է՝ Բարսելոնում քարի մեջ իրականացվում է մեծն Անտոնիո Գաուդիի նախագծով: Եվ այդժամ, երախտագետ սերունդները, անցնելով Եվրոպայի խորհրդի պալատի մոտով, կհիշեն բարի խոսքով եւ մեզ, ինչպես մենք հիշում եւ հարգում ենք եպիսկոպոս Վեռնեկ Համբուրգեցուն եւ Կոնրադ Քյունեբուրգեցուն, դուքս Բաբենբերգեր Հենրիխ II-ին, Քրիստոֆեր Ռենին, էլ չեմ ասում Բրամանտեի եւ Սանգալոյի, հանճարեղ Միքելանջելոյի եւ Ռաֆայելի մասին, որոնք անմահացան՝ ստեղծելով Ստրասբուրգում, Վիեննայում, Լոնդոնում, Հռոմում վեհաշուք տաճարներ: Եվ թող իրականանան մեր այս երազանքներն ու ձգտումները որպես բարի գործեր, որոնք կփառաբանեն մեզ դարեր ի վեր: ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ (Հայաստան), Եվրոպական Ժողովրդական կուսակցություններ խմբակցություն:Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով:Ստրասբուրգ, 8 հոկտեմբերի 2004թ.R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել