Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 12,2004 00:00

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՑԵԽ ՉԻ» Երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ընտրական օրենսգիրքը»: Սակայն սա դեռ վերջը չէ: Այս օրինագծի համար պայքարը լինելու է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Հիմնական սկզբունքային հարցերը՝ համամասնական եւ մեծամասնական համակարգերի հետ կապված, վստահված անձանց լիազորությունների, ինչպես նաեւ հանձնաժողովների ձեւավորման, առայժմ մնացել են առկախ եւ հենց սրանք են լինելու «կռվի» թեման: «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ հայտարարեց, որ եթե մեծամասնականը տուժի հօգուտ համամասնության մեծացման, ապա իր գլխավորած խումբը դեմ կքվեարկի օրինագծին: Ըստ Կարեն Կարապետյանի, մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորները շատ ավելի օգտակար եւ անհրաժեշտ են երկրին ու ժողովրդին, յուրաքանչյուր ընտրողին, քան կուսակցական ցուցակներով եկողները, որոնք ընտրողների առաջ իրենց պատասխանատու չեն զգում: Կարեն Կարապետյանը այն կարծիքին է, որ ցանկացած երկրի համար օբյեկտիվ անհրաժեշտություն է երկպալատանի համակարգը. «որովհետեւ ռեգիոններ ունեն բոլոր երկրները: Սովորաբար երկպալատանի համակարգ ունենում են այնպիսի երկրները, որոնք ունեն ազգային փոքրամասնություններ: Բայց մեզ եւս դա հարկավոր է, եւ մարդկային տիպով Լոռին, լոռեցիները տարբերվում են մյուս ռեգիոնների բնակիչներից»: Մենք փորձեցինք հստակեցնել՝ եթե «Ժողպատգամավորը» կողմ է մեծամասնական ընտրական համակարգին, ինչո՞վ բացատրել օրերս մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, որ Կարեն Կարապետյանը մտադիր է կուսակցություն ստեղծել: Կարեն Կարապետյանն ասաց. «Մենք նման հայտարարություն չենք արել: Իհարկե, պրոցեսների մեջ ենք, կնայենք: Կուսակցությունը արտադրամաս չէ, կուսակցությունը որոշակի գաղափարների վրա խարսխված մարմին է, որը պետք է ձեւավորվի: Եթե արտադրամասի նման բան լիներ, տարիներ առաջ մենք դա բացած կլինեինք: Մենք ավելի լուրջ ենք վերաբերվում այդ թեմային, քան կա այսօր մեր իրականության մեջ: Չի բացառվում, որ «Ընտրական օրենսգրքից» հետո մենք կանդրադառնանք այս թեմային եւ կփորձենք մտածել այդ մասին: Դեռ վաղ է այդ մասին խոսելը»: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել