Հայաստանը չի հարգում Եվրոպական դատարանին Առաջին իսկ գործով մեր երկիրը խախտեց ԵԴ-ում սահմանված կարգը եւ «Ա1+»-ի գործի վերաբերյալ իր պատասխանն ուղարկեց ժամկետի խախտմամբ՝ հոկտեմբերի 4-ին: Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը դեռ սեպտեմբերի 30-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից մի գրություն էր ստացել, որում հայտնվում էր, թե մոտակա ժամանակներս ԵԴ-ն սկսելու է «Ա1+»-ի գործի դատաքննությունը. «Քանի որ պետք է մեզ ուղարկեին պատասխանող կողմի՝ Հայաստանի կառավարության պատասխանը, որից հետո նաեւ մենք պետք է ներկայացնեինք մեր հակափաստարկները՝ ԵԴ-ն ծանուցել էր, թե ՀՀ-ն առայսօր չի ուղարկել իր պատասխանը: Իսկ այդ ժամկետը սահմանվել էր սեպտեմբերի 20-ը: Հայաստանն անգամ տեղյակ չէր պահել, թե ուշացնելու է պատասխանը: Սա է կարգը՝ եթե դատարանը ժամկետ է նշանակում, բայց չես կարողանում այդ ժամկետների մեջ տեղավորվել՝ անպայման պետք է տեղեկացնես, որ խնդրում ես լրացուցիչ ժամկետ»: Նկատենք, որ անգամ Թուրքիայի պես երկիրը չի խախտել Եվրոպական դատարանի այս կարգը: Իսկ Հայաստանն իր առաջին իսկ գործում դրսեւորեց նման անհարգալից վերաբերմունք: Տիգրան Տեր-Եսայանը երեկ ուշ երեկոյան կարողացավ պարզել, որ սահմանված ժամկետի խախտմամբ՝ միայն հոկտեմբերի 4-ին էր Հայաստանի կառավարությունն ուղարկել իր պատասխանը, եւ այժմ «Ա1+»-ին ժամկետ է տրվել մինչեւ նոյեմբերի վերջը՝ իր հակափաստարկները ներկայացնելու համար: Արդեն իսկ հայտնի է, որ գործը քննելու է դատարանի 3-րդ սեկցիան, որի կազմում է նաեւ Ալվինա Գյուլումյանը: Մեկնաբանելով իշխանամետ թերթերից մեկի հրապարակումը, թե փորձագետները ծայրաստիճան ցածր են գնահատում «Ա1+»-ի կողմից գործը շահելու հավանականությունը՝ Փաստաբանների միջազգային միության նախագահն ասաց. «Ա1+»-ի գործը նախադեպ չունի Եվրադատարանում. այն յուրահատուկ է ե՛ւ իր երկարատեւ պայքարի, ե՛ւ բազմակողմանիության առումով: Հիմնական խնդիրը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ արտահայտման ազատության խախտումն է: Սակայն մենք լրացուցիչ դիմում ենք ուղարկել, թե խախտվել է նաեւ կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որը վերաբերում է արդարացի դատաքննությանը: Ինձ թվում է՝ այս դիմումները կքննարկվեն համատեղ: Եվ ընդամենն ինքնախաբեություն եւ ժամանակավոր մխիթարանք են այն կանխատեսումները, թե «Ա1+»-ի գործը չի ստանա դրական լուծում»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ