«ԱՐՎԵԼ Է ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԱՆԵԼ» Կարծիք է հայտնում Շավարշ Քոչարյանը Ստրասբուրգից երեկ վերադարձած ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ընդդիմադիր պատգամավոր Շավարշ Քոչարյանին խնդրեցինք ամփոփել այն, ինչ հոկտեմբերի առաջին օրերին տեղի ունեցավ ԵԽԽՎ հերթական նիստում։ Մանավանդ, տեղի էր ունեցել անսպասելին՝ հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր եւ իշխանական թեւերը հանդես էին եկել միասնաբար, իսկ ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանն այնքան էր ոգեւորվել, որ նախ իրեն հայտարարել էր ընդդիմադիր պատգամավոր, հետո էլ, երեւի մոռանալով դա, խոսել էր «իմ նախագահի» մասին՝ պաշտպանելով իր նախագահին։ Ինչեւէ, Շավարշ Քոչարյանն էլ իր հերթին երեկ ասաց, թե Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերում հայաստանյան պատվիրակությունը միշտ էլ միասնական է հանդես եկել, եւ դա ամենեւին էլ նորություն չէր. «Նորությունն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանի ստրասբուրգյան ելույթում կային այն երանգները, որոնք հակասում էին իր ամբողջ նախորդ գործունեությանը»։ Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ, հայ պատվիրակները առաջարկել են մեկ միասնական փոփոխություն, որը չի ընդունվել. «Փոփոխությունը շատ պարզ էր եւ համապատասխանում էր իրականությանը եւ հարցի կարգավորմանը։ Ընդամենը մի նախադասություն էինք ավելացրել, որ բանակցություններում որեւէ շոշափելի արդյունք չկա նաեւ այն պատճառով, որ ԼՂ-ն ներգրավված չէ որպես բանակցային կողմ։ Սա, ցավոք սրտի, չանցավ»։ Ղարաբաղի հարցից բացի, ԵԽԽՎ-ում քննարկվել է նաեւ Յերժի Յասկերնիայի հայտնի զեկույցը 1374 բանաձեւի պահանջների կատարման մասին։ Եվ նախնական խայտառակ զեկույցի համեմատ վերջնական տարբերակում տեղ է գտել 10 փոփոխություն, եւ 10-ն էլ, ըստ Շավարշ Քոչարյանի՝ ուղղված են փաստաթուղթն ավելի իրական դարձնելուն։ 10 փոփոխություններից 4-ը կատարվել է մինչեւ վեհաժողովը՝ դիտարկման հանձնաժողովում։ Դրանցից մեկը հայտնի «գոհունակություն» բառից ազատվել է, որը եղել է Շավարշ Քոչարյանի առաջարկով։ Հաջորդ փոփոխությունը կատարվել է պրն Աթկինսոնի առաջարկով։ Եթե Յասկերնիայի զեկույցում գրված էր, որ Հայաստանում ազատ տեղաշարժի իրավունքը կաշկանդված չէ, ապա Աթկինսոնն առաջարկեց մի փոփոխություն, որն, ըստ էության, արձանագրեց, որ ազատ տեղաշարժի իրավունքը կաշկանդված է։ Աթկինսոնի առաջարկը սա էր՝ Սահմանադրությունը երաշխավորում է ազատ տեղաշարժը, օրենքը պաշտպանում է հասարակական կարգը։ «Դրանով իսկ արձանագրվում է, որ այդ հարցում առաջընթաց չկա»,- եզրակացնում է Շավարշ Քոչարյանը։ Դիտարկման հանձնաժողովում է փոփոխվել նաեւ վարչական կալանքին վերաբերող հատվածը։ Յասկերնիան արձանագրել էր, որ վարչական կալանք, որպես այդպիսին, չի եղել։ Փոփոխված տարբերակում արձանագրվեց, որ վարչական կալանքին վերջ կդրվի վարչական օրենսգրքում փոփոխություններ կատարելով։ «Սա մի քայլ առաջ էր. ըստ էության, անուղղակի արձանագրվում է, որ եղել են վարչական կալանքներ»,- ոգեւորվում է Շավարշ Քոչարյանը։ Դիտարկման հանձնաժողովում կատարված չորրորդ փոփոխությունը կապված է «Ա1+»-ի հետ։ Հնարավոր եղավ այնպես անել, որ «Ա1+»-ի փակման հարցը չկապվի հանձնաժողովի փոփոխության հետ։ Այս չորս փոփոխություններին վեհաժողովում գումարվեց եւս վեց փոփոխություն։ «Դրանցից երկուսը կատարվեցին ԵԽԽՎ այլազգի պատգամավորների ջանքերով՝ առանց մեր մասնակցության։ Դրանք կարեւոր փոփոխություններ են։ 11-րդ կետից հետո եւս երկու լրացուցիչ կետ է ավելացել։ Մեկն այն է, որ 1374 բանաձեւի 9/4 կետի համաձայն՝ վարչական կալանքին վերջ պետք է դրվի մինչեւ օրենքի ընդունումը։ Եվ հաջորդը՝ «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի փոփոխության ժամկետը նշանակվեց ոչ ուշ, քան 2005-ի մարտի 1-ը։ Եվ պահանջ՝ այդ օրենքը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին։ Այս երկու փոփոխություններն առաջարկել են տեղի պատգամավորները, մնացած փոփոխությունները կատարվել են հայկական պատվիրակության կողմից»,- ասաց Շ. Քոչարյանը։ «Մենք միասնաբար փոփոխեցինք այն կետը, որը վերաբերում էր լրագրողների նկատմամբ ոտնձգություններ կատարելուն։ Հասանք նրան, որ արձանագրվեց, որ դատական պատասխանատվության ենթարկելու մեկ դեպք է եղել։ Դրանով ակնհայտ է, որ եղել է պատասխանատվության ենթարկելու միայն մեկ դեպք»,- ներկայացնում է Շավարշ Քոչարյանը։ «Ա1+»-ի մասով պնդում է եղել ընդդիմության կողմից, որ լինի «Ա1+»-ի վիճակն արձանագրող կետ։ Այս հարցում էլ իշխանական թեւի ձեւակերպմանը ընդդիմությունն է միացել. «Դա հետեւյալն է՝ անցած ժամանակահատվածում ազատվել է հաճախականություն, որը առանց մրցույթի տրվել է «Կուլտուրա» ալիքին։ Սա իրականություն է, որը ցույց է տալիս, որ հնարավորություն կար, որը չի օգտագործվել»,- ասաց Շավարշ Քոչարյանը։ Նա գտնում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի պատվիրակությունն արել է առավելագույնը. «Ցանկանում եմ հատուկ նշել, որ հոկտեմբերի 4-ին Հայաստանի 40 հասարակական կազմակերպությունների գնահատականը Յերժի Յասկերնիայի զեկույցին բավականին հիմնավորված էր, եւ այդ գնահատականը հասավ վեհաժողովի ղեկավարությանը, ԵԽԽՎ բոլոր խմբակցություններին, դիտարկման խմբին եւ շատ կարեւոր դեր կատարեց»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ