Երեւանում հոկտեմբերի 2-9-ը անցկացված «Հայ
Ֆեստ» միջազգային թատերական երկրորդ փառատոնի մասին իրենց կարծիքն են հայտնում թատերարվեստի
հայ գործիչները:Նրանց համոզմամբ, լավ կլիներ, որ ներկայացումները թվով քիչ լինեին,
բայց բարձրարվեստ: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ
Ղազանչյան.- Հայաստանում մշակույթի եւ ոչ մի ոլորտ «խոպան» չի եղել: Անընդհատ
թմբկահարել, թե սա Հայաստանում, ավելին՝ տարածաշրջանում միակ միջազգային թատերական
փառատոնն է, կարծում եմ, տեղին չէ: Հիշեցնեմ, որ առաջին միջազգային փառատոնը Հայաստանում
անց է կացվել 1944-ին, որին հաջորդել են Հրաչյա Ղափլանյանի «Բարեկամություն» թատրոն-փառատոնը,
այնուհետեւ «Անտիկ աշխարհը եւ մենք» եւ մինչ «Հայ Ֆեստի» սկսվելը՝ «Արմմոնո» միջազգային
թատերական փառատոները: Ինչ խոսք, այս փառատոնը շարժ է մեր մշակութային կյանքում,
սակայն մինչ այս կամ այն թատերախմբերին հրավիրելը, անհրաժեշտ է մանրազնին ուսումնասիրել,
թե ում կամ ինչ է ներկայացվելու հայ հանդիսատեսին (նկատի ունի Ֆրանսիայի «Կոկյուետ»
թատերախմբի՝ Երեւանի փողոցներում ցուցադրված «Մայրիկի հուղարկավորությունը» ներկայացումը):
Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն
Աբրահամյան.- Չտեսած բանի մասին բարոյական չէ կարծիք արտահայտել: Բայց, եթե հետաքրքիր
բան է լինում, հոտը տասը կիլոմետրից էլ է գալիս: «Մհեր Մկրտչյան» թատրոնի
գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ալբերտ Մկրտչյան.- Շատ հաճելի միջոցառում
էր, անկախ նրանից՝ ես ինչին եմ համաձայն, ինչին՝ ոչ: Միայն նախօրոք պետք է ընտրել,
թե որն է արվեստ, այսինքն՝ ինչը կարելի է ցույց տալ, ինչը՝ ոչ: Երեւանի կամերային
թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արա Երնջակյան.- Կարծում
եմ, որ Երեւանի թատերական կյանքում պետք է այս փառատոնը: Հույս ունեմ, որ հետագայում
ավելի ճոխ ընտրություն ու հետաքրքիր ներկայացումներ կբերվեն: Երեւանի կամերային
երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արմեն Մելիքսեթյան.-
Եթե անցյալ տարի ունեի կասկածներ, այս տարի դրանք փարատվեցին: Մանրամասնեմ. 2003-ին,
երբ մենք մասնակցում էինք, արտերկրի թատերախմբերի արվեստագետներից կազմված հանձնախումբը
չհասցրեց դիտել բոլոր ներկայացումները: Իսկ մեզ համար կարեւոր էր մեր կոլեգաների
կարծիքը: Չէ, այս տարի այդ չէր պատճառը, որ չմասնակցեցինք: Պատրաստվում ենք Արամ
Սաթյանի «Լիլիթ» փոփ-օպերայի պրեմիերային, որը, կարծում ենք, կկայանա մինչեւ տարեվերջ,
եթե, իհարկե, նախարարությունը ֆինանսավորի: Երեւանի մնջախաղի թատրոնի գեղարվեստական
ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ժիրայր Դադասյան.- 2001-ին մնջախաղի թատրոնը եւ
«Հայ Ֆեստի» նախագահ Արթուր Ղուկասյանը անցկացրել են փառատոն, որը, փաստորեն, խթան
հանդիսացավ այս փառատոնի մտահղացմանը: Հաջորդ տարի մենք կմիանանք «Հայ Ֆեստին»՝ մնջախաղի
միջազգային «Նազենի» մրցանակաբաշխությամբ: Ցանկությունս է, որ փառատոնի շրջանակներում
լինեն քիչ, բայց որակյալ թատերախմբեր: «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար
եւ գլխավոր ռեժիսոր Արմեն Մազմանյան.- Չէի ասի, որ ցնցված եմ, բայց, այնուամենայնիվ,
զարմացած եմ: Ինչպե՞ս կարող են վարչապետն ու պաշտպանության նախարարը աջակցել միջազգային
թատերական փառատոնին, իսկ մշակույթի նախարարը՝ ոչ: Այնուհանդերձ, արտերկրի թատերախմբերի
հետ շփումները, նրանց մոդեռն ներկայացումները մեզ թույլ են տալիս դուրս գալ գավառական
մակարդակից, խորհելու ու ստեղծագործական նորանոր ուղղություններ փնտրելու առիթ են
տալիս: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ