Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԼՈԿԱԴԱՅԻ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հոկտեմբեր 12,2004 00:00

Նիկոլ
Աղաբաբյանի ինքնատիպ նկարը՝ «Նորավանք» Ճանաչված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը
տասնյակ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի շատ երկրներում: Այսօր Հովհ. Թումանյանի
տուն-թանգարանում բացված ցուցահանդեսը առանձնանում է նախկիններից: Ներկայացված են
մեծածավալ աշխատանքներ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է մեկ ամբողջություն կազմող
մի քանի կտավից: Ամենաուշագրավը, սակայն, 9 կտավից կազմված «Նորավանքն» է: Վեց կտավներում
եկեղեցին է ու շրջակա լեռնաշղթան, երեքում՝ երկինքը, որպես առանձին մատերիա: Այս
աշխատանքը Նիկոլից պահանջել է հոգեկան ու ֆիզիկական ուժերի գերլարում, այն աստիճանի
սեւեռում, որ «հալից ընկել է», արդյունքում ծնվել է փառահեղ նկար՝ միայն Նիկոլին
բնորոշ գույներով: Այս նկարի վրա աշխատելիս Նիկոլը որոշ ժամանակ ապրել է Նորավանքում,
վստահեցնում է, որ այդ օրերին անսովոր հոգեվիճակ է ունեցել, մի տեսակ ինքնամաքրման
զգացողություն: «Հատկապես գիշերները, երբ դու ես, ձորը ու Նորավանքը, չկա կողքիդ
որեւէ մեկը, զգում ես, որ հոգիդ խաղաղվում է, փոխվում ես»,- պատմում է նկարիչը: «Ինչո՞ւ
է նկարների ցուցադրության վայր ընտրված հատկապես Թումանյանի տուն-թանգարանը» հարցին
ի պատասխան, Ն. Աղաբաբյանն ասաց. «Թումանյանը մեծություն է բոլորիս համար, հետեւաբար
նրա օջախում նկարներս ցուցադրելը մեծ պատիվ եմ համարում: Բացի դրանից, այս թանգարանը
ճիշտ լուսավորությամբ հրաշալի ցուցասրահ է»: «Իսկ ինչո՞ւ Նորավանք եւ ոչ մեկ
այլ կոթող» հարցի առնչությամբ էլ Նիկոլն ասաց. «Արդեն 3-4 տարի Նորավանքն ինձ գրավում
է: Քանի անգամ գնացել եմ նկարելու, բայց միայն լեռներն եմ նկարել՝ համարձակությունս
չի բավարարել: Ինձնից 3 տարի պահանջվեց, որպեսզի եկեղեցին նկարեմ: Սկզբում մտածում
էի՝ նկարը 5 կտավից կազմված լինի, որպեսզի ամբողջական երեւա լեռնաշխարհը, որտեղ գոհարն
է: Հետո ներսումս կուտակվածը հասունացավ՝ դարձավ մեծածավալ նկար, որը 9 կտավից է
բաղկացած: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայորդի երբեւէ պիտի գնա Նորավանքում խաղաղվելու,
ազատվելու ամեն տեսակ զրթուփրթերից: Օրինակ, ես երբեմն ինձ մի քիչ բլոկադայի եմ ենթարկում՝
թերթեր չկարդալով, հեռուստացույց չդիտելով, քաղաքից հեռու մնալով, որովհետեւ հավելյալ
ինֆորմացիան խանգարում է»: Այս ցուցահանդեսի հիմնական թեման հայոց աշխարհն
է: Ներկայացված է 35 նկար՝ 50 կտավից բաղկացած: Նորություն է այն, որ երկնկարներ
կան, որոնցում երկինքն ու երկիրը առանձին կտավներով են ներկայացված: Այդկերպ նկարիչը
կամենում է ասել, որ «Երկինքը նույնպես մատերիա է. երկնքում էլ տեղի են ունենում
նույն երեւույթները, ինչ երկրի վրա ու մենք բնավ երկնքից զատված չենք ապրում»: Նիկոլը
պատմեց, որ մինչ այժմ նման աշխատանքների գոնե ինքը չի հանդիպել. «Կա եռանկար կամ
երկնկար հասկացություն, սակայն մինչեւ հիմա տեսածս նկարները եղել են 2-3 տարբեր կտորներ,
որոնք մեկ միտք են արտահայտում: Իմ դեպքում մեկ նկար է՝ տարբեր կտավներից բաղկացած:
Պատկերացրեք՝ 9 կտավ դրված է եղել իմ առջեւ ու զուգահեռաբար աշխատել եմ: Եվ այդ բոլորը
նկարել՝ մեկ հոգեվիճակի մեջ»: Մինչ երեւանյան ցուցահանդեսը, Ն. Աղաբաբյանը
3 ցուցահանդես ունեցել է Իսպանիայում, հետո Վենետիկում: Այս պահին նա ցուցադրվում
է Գերմանիայում, իսկ հոկտեմբերի վերջին նրա աշխատանքները կներկայացվեն Հռոմում, այնուհետեւ՝
ԱՄՆ-ում: Նիկոլը անընդունելի է համարում վրձնակիցների շրջանում տարածված այն
մտայնությունը, թե անհատական ցուցահանդեսները չպետք է հաճախակի կազմակերպվեն. «Նկարիչներ
կան, որ տարվա մեջ 3 նկար են լղոզում ու դժգոհում, թե Նիկոլը ինչու է շուտ-շուտ ցուցահանդես
անում: Նկարչությունը դինամիկ պրոցես է, ես միշտ աշխատանքային պրոցեսում եմ: Եթե
տարին 100-200 նկար է ստեղծվում, ու թեկուզ 1 պտղունց լավ բան կա ցուցադրելու, ինչո՞ւ
չներկայացնել: Դա նաեւ յուրօրինակ ինքնահաշվետվություն է»: Ըստ Նիկոլի, մշակույթի
մարդիկ պետք է նման «հաշվետվություններով» հաճախակի հանդես գան, որովհետեւ իրենք
էլ մշակույթի ոլորտի զինվորներն են, ու պարտավոր են «լավ կատարել իրենց զինվորությունը,
հակառակ դեպքում դասալիք են դառնում»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել