Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՓԱԶԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՔԱՅԼ

Հոկտեմբեր 12,2004 00:00

«Դեպի
Իրաք» արշավը մեծագույն արհավիրք է Հայաստանի եւ հայության համար Ներքին խորը
ճգնաժամը, զարգացող բացասական երեւույթները այսպես էլ չկարողանալով հաղթահարել՝ մենք
կանգնեցինք նոր, մեծագույն վտանգներով հղի փորձությունների առջեւ, որոնք չնայած սպասելի
էին, բայց որոնց մենք այդպես էլ ոչ մի կերպ չնախապատրաստվեցինք։ Աշխարհի վերաձեւման
սրընթաց գործընթացները, որոնցից մենք ինչ-որ չափով սահմանազատված էինք, այսօր ներառել
են մեզ եւ մեր տարածաշրջանը։ Թվում է, թե այս հանգամանքը այնքան հզոր ազդակ
է, որ մեր՝ «խրախճանք ժանտախտի ժամանակ» սկզբունքով իրենց օրերն անցկացնող ընտրանուն
կհուշի մի նոր վարքագիծ, եւ այդ ընտրանին ինչ-որ փորձ կկատարի սթափվելու, բզկտվածությունը
հաղթահարելու, ուժերը համախմբելու։ Բայց կատարվեց ճիշտ հակառակը։ Խրախճանքը շարունակվեց,
այն էլ ավելի շռնդալից ձեւով։ Սկզբում թվում էր, թե ամեն ինչ բնական էր եւ
սպասելի, թեեւ ոչ այն, ինչին մեր ժողովուրդը արժանի էր եւ ակնկալում էր։ Վերջին տարիներին
Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Իրանի ղեկավարները Հայաստանի խոշորագույն՝ Հարստամոլության
եւ Իշխանամոլության աղանդի մեկ-երկու պարագլուխների (մարդկանց, որոնք աղանդավոր դառնալուց
հետո այլեւս ոչ մի կապ չունեին ո՛չ մեր երկրի, ո՛չ էլ մեր ժողովրդի հետ) հայտարարեցին
իրենց ռազմավարական գործընկեր։ Հետո այս մեկ-երկուսը իրենց համար պարզեցին, որ այսօրվա
աշխարհում հարստությունը պահպանելու համար էապես ավելի մեծ նշանակություն ունի ոչ
թե նշված երեք երկրների, այլ ԱՄՆ-ի վերաբերմունքը, եւ իրենց աղանդի հիմնարար սկզբունքների
համաձայն՝ սկսեցին փորձել «կարգավորել» իրենց հարաբերությունները վերջինիս հետ։ Այդ
«կարգավորմամբ» պայմանավորված, նրանք սկսեցին հարվածներ տեղալ այդ երեք երկրների
հետ կապված քաղաքական ուժերի գլխին, ինչպես նաեւ իրականացնել արտաքին քաղաքական տարբեր
«պիրուետներ»։ Մեկը լինի հարցնի հիշյալ երկրների ղեկավարներին՝ եթե այս մեկ-երկուսի
գործողությունները կրում են հակաֆրանսիական կամ հակաիրանական կամ հակառուսական բնույթ,
ապա ի՞նչ կապ ունեն դրանք հայ ժողովրդի եւ Հայաստանի հետ։ Ձեր մեկ-երկու գործընկերներն
են, ու նրանց արածները։ Եվ եթե արդեն մի քանի տարի նրանց փորձում եք փաթաթել եւ փաթաթած
պահել Հայաստանի վզին, դա դեռ չի նշանակում, որ ձեր այդ կոպիտ սխալի համար (իսկ մեր
հանդեպ՝ հանցագործության) պետք է պատասխան տա մեր երկրի ժողովուրդը։ Շրջափակում եք՝
նրանց շրջափակեք, Վերին Լարսը փակում եք՝ նրանց համար փակեք, նոր պատժամիջոցներով
եք սպառնում՝ նրանց սպառնացեք։ Մեր երկիրը, ժողովուրդը ի՞նչ կապ ունեն ձեր «ռազմավարական
գործընկերների» հետ։ Կարելի էր այսպես էլ սահմանափակվել հերթական դիտողություններով
վերջին տարիներին արդեն սովորական դարձած անհեթեթություններից մինչեւ հանցագործության
տիրույթում իշխողների հերթական որոշման մասին, եթե չլիներ մի բան, որը այս ամենը
տեղափոխում է լիովին այլ մի տիրույթ։ Եթե առաջարկեն մեկ բառով սահմանել մի
երեւույթ, որ Հայաստանը եւ հայությունը մեկ ակնթարթում կանգնեցներ խոշորագույն ազգային
աղետի եզրին, ապա այդ մեկ բառը կլիներ՝ «Իրաք»։ Բանն այն է, որ ներկայումս «հակաահաբեկչական
պայքար» անվան տակ աշխարհում ընթանում է դաժան հակամարտություն, ըստ էության՝ պատերազմ
աշխարհի վերաձեւավորման համար։ Թե Իրաքը, թե Չեչնիան այդ պատերազմի սոսկ փոքր էպիզոդներն
են։ Հայաստանի ղեկավարությունը հայտարարելով, որ մտադիր է թեկուզ եւ փոքր մի անձնակազմ
ուղարկել Իրաք, կատարում է չափազանց վտանգավոր մի քայլ։ Որպեսզի պատկերացնենք այդ
վտանգի աստիճանը, անհրաժեշտ է փոքր-ինչ մանրամասն պատկերացնել այդ պատերազմի բնույթը։
Այդ պատերազմը, ինքնին աննախադեպ մի երեւույթ համաշխարհային պատմության մեջ, բնութագրվում
է հետեւյալ առանձնահատկություններով։ Առաջին՝ նրա մեջ ընդգրկված հզոր տերությունները
ոչ մի միջոցի առջեւ չեն կանգնում իրանց նպատակին հասնելու համար, ներառյալ ահաբեկչական
հարվածների վերակողմնորոշում այլ պետությունների վրա։ Նրանք ցանկացած երկրներում
մխրճվում են կյանքի բոլոր բնագավառները՝ քաղաքականություն (արտաքին եւ ներքին), տնտեսություն,
սոցիալական, հասարակական այլ ոլորտներ՝ մեծ խտրականություն չդնելով կիրառվող զինանոցի
հարցում։ Մեր այսօրվա վիճակը, կշիռն ու հնարավորություններն այնքան են, որ
Հայաստանը չի կարող լինել այդ պատերազմում սուբյեկտ, այլ միայն օբյեկտ։ Երկրորդ՝
այս պատերազմում, պատկերավոր ասած, չեն գործում առօրյա կյանքի օրենքները։ Այստեղ
ամեն քայլ անդարձելի է, քայլից հետո հետադարձ քայլ անելը գրեթե անհնարին է։ Լեհաստանյան
հայտարարությունից հետո սոսկ պառլամենտական մերժումով մենք չենք կարողանա ազատվել
«հակաիսլամական երկրի» խարանից, չենք կարողանա վերականգնել իսլամական սփյուռքի հայկական
դպրոցները, որտեղից սարսափահար ծնողները իրենց երեխաներին տեղափոխում են արաբական
դպրոցներ, չենք կարողանա կանխել այդ երկրներից հայերի արտագաղթը։ Եվ ամենակարեւորը՝
Հայաստանը անգամ նման մերժման գնով չի դադարում ահաբեկությունների թիրախ լինելուց,
քանի որ՝ Երրորդ՝ այս պատերազմում շատ երեւույթներ տեղի են ունենում, այսպես
ասած՝ «վիրտուալ տարածքում», այսինքն՝ լրատվամիջոցների, քարոզչության եւ հույզերի
մակարդակով։ Նորությունն այստեղ այօր այն է, որ երկու աշխարհների՝ իրականի եւ վիրտուալի
միջեւ որեւէ պատ չկա: Գործողությունները մեկում անմիջապես իրական են դառնում մյուսում:
Լեհաստանում եղածը արդեն ներկայացված է որպես մարտահրավեր իսլամին: Բավական է որեւէ
իսլամական երկրում տեղի ունենա թեկուզ մեկ, թեկուզ եւ փոքրիկ հակահայկական քայլ,
դա կարող է ողջ մահմեդական աշխարհին ներկայացվել որպես «գործողության ազդանշան»,
եւ հակահայկական քայլերը կհետեւեն ամենուրեք՝ ձնահյուսի պես։ ԱՇՈՏ
ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆՇարունակությունը՝ վաղվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել