Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՑԵԽ ՉԻ»

Հոկտեմբեր 12,2004 00:00

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՑԵԽ ՉԻ» Երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ընտրական օրենսգիրքը»:
Սակայն սա դեռ վերջը չէ: Այս օրինագծի համար պայքարը լինելու է առաջինից երկրորդ
ընթերցում ընկած ժամանակահատվածում: Հիմնական սկզբունքային հարցերը՝ համամասնական
եւ մեծամասնական համակարգերի հետ կապված, վստահված անձանց լիազորությունների, ինչպես
նաեւ հանձնաժողովների ձեւավորման, առայժմ մնացել են առկախ եւ հենց սրանք են լինելու
«կռվի» թեման: «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ հայտարարեց,
որ եթե մեծամասնականը տուժի հօգուտ համամասնության մեծացման, ապա իր գլխավորած խումբը
դեմ կքվեարկի օրինագծին: Ըստ Կարեն Կարապետյանի, մեծամասնական համակարգով
ընտրված պատգամավորները շատ ավելի օգտակար եւ անհրաժեշտ են երկրին ու ժողովրդին,
յուրաքանչյուր ընտրողին, քան կուսակցական ցուցակներով եկողները, որոնք ընտրողների
առաջ իրենց պատասխանատու չեն զգում: Կարեն Կարապետյանը այն կարծիքին է, որ ցանկացած
երկրի համար օբյեկտիվ անհրաժեշտություն է երկպալատանի համակարգը. «որովհետեւ ռեգիոններ
ունեն բոլոր երկրները: Սովորաբար երկպալատանի համակարգ ունենում են այնպիսի երկրները,
որոնք ունեն ազգային փոքրամասնություններ: Բայց մեզ եւս դա հարկավոր է, եւ մարդկային
տիպով Լոռին, լոռեցիները տարբերվում են մյուս ռեգիոնների բնակիչներից»: Մենք
փորձեցինք հստակեցնել՝ եթե «Ժողպատգամավորը» կողմ է մեծամասնական ընտրական համակարգին,
ինչո՞վ բացատրել օրերս մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, որ Կարեն Կարապետյանը
մտադիր է կուսակցություն ստեղծել: Կարեն Կարապետյանն ասաց. «Մենք նման հայտարարություն
չենք արել: Իհարկե, պրոցեսների մեջ ենք, կնայենք: Կուսակցությունը արտադրամաս չէ,
կուսակցությունը որոշակի գաղափարների վրա խարսխված մարմին է, որը պետք է ձեւավորվի:
Եթե արտադրամասի նման բան լիներ, տարիներ առաջ մենք դա բացած կլինեինք: Մենք ավելի
լուրջ ենք վերաբերվում այդ թեմային, քան կա այսօր մեր իրականության մեջ: Չի բացառվում,
որ «Ընտրական օրենսգրքից» հետո մենք կանդրադառնանք այս թեմային եւ կփորձենք մտածել
այդ մասին: Դեռ վաղ է այդ մասին խոսելը»: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել