Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ո՛Չ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ»

Հոկտեմբեր 12,2004 00:00

«Ո՛Չ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ» Նորվեգիայի արտաքին գործերի նախարար,
Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ Յան Պետերսենի հետ մատուցած համատեղ
մամլո ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ հերթական «կործանիչ»
հարվածը հասցրեց Թուրքիային, պատասխանելով այդ երկրի՝ ԵՄ-ին հավանական անդամակցությանը
վերաբերող հարցին: «Հայաստանը մտավախություններ ունի այդ հարցում. մասնավորապես
դրանք կապված են Թուրքիայի մեկնարկային դիրքի հետ, որը շատ ավելի ետ է, քան եվրոպական
այլ երկրների համանման դիրքը»,- հայտարարեց Օսկանյանը: Նա հիշեցրեց, որ Թուրքիան
մինչ այժմ փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, եւ ընդհանուր առմամբ, նախարարի կարծիքով,
հնարավոր է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցման վերաբերյալ բանակցություններ սկսելու
մասին որոշումը քաղաքական բնույթ է կրել: «Թուրքիան արժանի չէ ԵՄ-ին անդամակցելու
հարցով բանակցություններ սկսելու իրավունք ստանալ»,- ողջ Եվրամիությանը, փաստորեն,
խելք սովորեցրեց ՀՀ ԱԳՆ ղեկավարը՝ հավելելով, թե «այն երկիրը, որի Քրեական օրենսգրքում
պատիժ է նախատեսվում Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ Կիպրոսի տարածքից
թուրքական զորքերը դուրս բերելու օգտին արվող արտահայտությունների համար, արժանի
չէ այսօր ԵՄ ընդունելության բանակցությունների իրավունք ստանալ»: Նորվեգիայի
արտգործ նախարարը դիվանագիտորեն խուսափեց այս հարցին պատասխանելուց: Յան Պետերսենը
նշեց, թե Նորվեգիան ԵՄ անդամ չէ, եւ այդ պատճառով «վերջինիս ներկայացուցչի գործը
չէ կարծիք հայտնել ԵՄ ընդլայնվելու կամ չընդլայնվելու մասին»: Այդուհանդերձ, նախարարը
նշեց, որ «Թուրքիան մեծ եւ կարեւոր երկիր է ու ՆԱՏՕ-ի լավ գործընկերը»: Խոսելով
երկու երկրների տնտեսական համագործակցության մասին՝ Պետերսենը նշեց, թե նորվեգական
ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի էներգետիկայի, մասնավորապես՝
հիդրոէներգետիկայի նկատմամբ: Անդրադարձ եղավ նաեւ Փախստականների նորվեգական խորհրդի
հայաստանյան գործունեությանը: Տ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել