Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը չի հարգում Եվրոպական դատարանին

Հոկտեմբեր 12,2004 00:00

Առաջին իսկ գործով մեր երկիրը
խախտեց ԵԴ-ում սահմանված կարգը եւ «Ա1+»-ի գործի վերաբերյալ իր պատասխանն ուղարկեց
ժամկետի խախտմամբ՝ հոկտեմբերի 4-ին: Փաստաբանների միջազգային միության նախագահ
Տիգրան Տեր-Եսայանը դեռ սեպտեմբերի 30-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանից
մի գրություն էր ստացել, որում հայտնվում էր, թե մոտակա ժամանակներս ԵԴ-ն սկսելու
է «Ա1+»-ի գործի դատաքննությունը. «Քանի որ պետք է մեզ ուղարկեին պատասխանող կողմի՝
Հայաստանի կառավարության պատասխանը, որից հետո նաեւ մենք պետք է ներկայացնեինք մեր
հակափաստարկները՝ ԵԴ-ն ծանուցել էր, թե ՀՀ-ն առայսօր չի ուղարկել իր պատասխանը: Իսկ
այդ ժամկետը սահմանվել էր սեպտեմբերի 20-ը: Հայաստանն անգամ տեղյակ չէր պահել, թե
ուշացնելու է պատասխանը: Սա է կարգը՝ եթե դատարանը ժամկետ է նշանակում, բայց չես
կարողանում այդ ժամկետների մեջ տեղավորվել՝ անպայման պետք է տեղեկացնես, որ խնդրում
ես լրացուցիչ ժամկետ»: Նկատենք, որ անգամ Թուրքիայի պես երկիրը չի խախտել Եվրոպական
դատարանի այս կարգը: Իսկ Հայաստանն իր առաջին իսկ գործում դրսեւորեց նման անհարգալից
վերաբերմունք: Տիգրան Տեր-Եսայանը երեկ ուշ երեկոյան կարողացավ պարզել, որ սահմանված
ժամկետի խախտմամբ՝ միայն հոկտեմբերի 4-ին էր Հայաստանի կառավարությունն ուղարկել
իր պատասխանը, եւ այժմ «Ա1+»-ին ժամկետ է տրվել մինչեւ նոյեմբերի վերջը՝ իր հակափաստարկները
ներկայացնելու համար: Արդեն իսկ հայտնի է, որ գործը քննելու է դատարանի 3-րդ սեկցիան,
որի կազմում է նաեւ Ալվինա Գյուլումյանը: Մեկնաբանելով իշխանամետ թերթերից
մեկի հրապարակումը, թե փորձագետները ծայրաստիճան ցածր են գնահատում «Ա1+»-ի կողմից
գործը շահելու հավանականությունը՝ Փաստաբանների միջազգային միության նախագահն ասաց.
«Ա1+»-ի գործը նախադեպ չունի Եվրադատարանում. այն յուրահատուկ է ե՛ւ իր երկարատեւ
պայքարի, ե՛ւ բազմակողմանիության առումով: Հիմնական խնդիրը Մարդու իրավունքների եվրոպական
կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ արտահայտման ազատության խախտումն է: Սակայն մենք լրացուցիչ
դիմում ենք ուղարկել, թե խախտվել է նաեւ կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որը վերաբերում
է արդարացի դատաքննությանը: Ինձ թվում է՝ այս դիմումները կքննարկվեն համատեղ: Եվ
ընդամենն ինքնախաբեություն եւ ժամանակավոր մխիթարանք են այն կանխատեսումները, թե
«Ա1+»-ի գործը չի ստանա դրական լուծում»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել