Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՎՈՂՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱԶԱՏԱԶՐԿՎԵՑ

Հոկտեմբեր 12,2004 00:00

Հուսով ենք՝ մեր արդարադատության համակարգի հաջորդ քայլն այն կլինի, որ կբացահայտվեն նաեւ
լրագրողների վրա հարձակման հրաման տվողները:

Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանի դատավոր Նունե Պողոսյանը երեկ 1,5 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո հրապարակեց դատավճիռը, ըստ որի՝ Ծաղկաձորում օգոստոսի 24-ին «Ֆոտոլուրի» եւ «Առավոտի» թղթակիցների մասնագիտական գործունեությանը բռնությամբ խոչընդոտած Գագիկ Ստեփանյանը դատապարտվեց 6 ամսվա ազատազրկման: Սա նրա 3-րդ պատժաժամկետն է՝ նախորդ երկու դատվածություններն առնչվել են սառը զենքին եւ թմրամիջոցներին:

6 ամսվա ազատազրկում էր միջնորդել նաեւ մեղադրող Կորյուն Փիլոյանը: Վերջինս իր ճառում նախաքննությամբ եւ դատաքննությամբ ապացուցված համարեց. «Գործով ամբաստանյալ Գագիկ Ստեփանյանը՝ դրդված տուժողների՝ լրագրողների գործողություններից, գնացել է Ստեղծագործական տուն, դիմել տուժողներին, պահանջել
նկարահանումների ժապավենը հանձնել իրեն, այդ կապակցությամբ վիճաբանության մեջ մտել նրանց հետ, խախտել հասարակական կարգը, Գրողների ստեղծագործական տանը հանգստացող քաղաքացիների, կանանց եւ երեխաների ներկայությամբ՝ շուրջ 10 րոպե տվել խուլիգանական բնույթի հայհոյանքներ, քաշքշել տուժող Մխիթար Խաչատրյանին, որի ընթացքում նրան պատճառել է մարմնական վնասվածք»:

Միջանկյալ նկատենք, որ այս ամենը Գագիկ Ստեփանյանը դատարանում ժխտում էր՝ պնդելով, թե ինքը «վիկինգ» կամ «ապաչի» չէ, որ հայհոյի կանանց ներկայությամբ: Փաստորեն դատավճռով այժմ հաստատվեց հակառակը:

Բացատրության կարոտ է մեղադրողի այն արտահայտությունը, թե հարձակումը Գագիկ Ստեփանյանը ձեռնարկել էր «դրդված լրագրողների գործողություններից»:
Թե հատկապես ինչից կամ ավելի ճիշտ՝ ումից էր նա «դրդվել»՝ պարզ չդարձավ ո՛չ նախաքննության համար, ո՛չ դատարանի: Երկուսն էլ հերքեցին Գագիկ Ստեփանյանի այն պատճառաբանությունը, թե լրագրողներն իրեն անտառում լուսանկարել էին ընկերուհու հետ գրկախառնված, եւ ինքն ուղղակի ուզում էր կանխել դրա հրապարակումը: Կորյուն Փիլոյանն իր ճառում այդ ընկերուհուն անգամ անվանեց «երեւակայական» եւ գործով հիմնավորված համարեց, թե «նման բան ընդհանրապես տեղի չի ունեցել»: Սակայն մեղադրողն ընդամենը շեշտեց, թե իրական դրդապատճառն «ինչ-որ տարածք նկարահանելն էր»:

Ի դեպ, Կորյուն Փիլոյանն իր ճառում անդրադարձավ կատարված հանցագործության բնույթին եւ հանրության համար վտանգավորության աստիճանին. «Ցավոք,
վերջին ժամանակներս կարծես տարածվածություն են ձեռք բերել լրագրողների դեմ կատարված նման հանցագործությունները: Կարծում եմ, որ դատարանները հստակ մոտեցում պիտի ունենան նման քրգործերի նկատմամբ՝ առավել եւս, երբ հանցագործությունն ուղղված է անձի մասնագիտական պարտականությունները կատարելուն խոչընդոտելուն»:

Ճիշտ նույն հանգամանքները նկատի առնելով՝ տուժողների ներկայացուցիչ Ռուզան Մինասյանը պահանջեց Գագիկ Ստեփանյանին ազատազրկել 1 տարով: Իր ճառում նա ընդգծեց. «Առաջին անգամ մեղադրանք է առաջադրվում լրագրողի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու համար: Մինչ այս՝ լրագրողների նկատմամբ ամեն կարգի բռնարարքները որակվել են միայն որպես խուլիգանություն»:

Ըստ Ռուզան Մինասյանի՝ այս հանցագործությունները տարածվեցին նաեւ այն պատճառով, որ խուլիգանության համար մեղադրվածներն արժանացան ընդամենը տուգանքների:

Տուժողների ներկայացուցիչը նաեւ ընդգծեց, թե դատարանում իր վարքագծով ամբաստանյալը մեկ անգամ եւս ապացուցեց, որ վերատեսության չի ենթարկել լրագրողների նկատմամբ իր վերաբերմունքը. «Այն գիտակցվա՛ծ է՝ այս դեպքում էլ հո չի՞ կարող ասել, թե չգիտեի, որ լրագրողներ են»:

Ռուզան Մինասյանը ուշադրություն հրավիրեց եւս մի հանգամանքի վրա, որ նախաքննության մարմինը մակերեսային քննություն է տարել ե՛ւ վերոհիշյալ «ընկերուհու», ե՛ւ Լյուդվիգ Հակոբյանի մասով, որն, ըստ տուժողների ներկայացուցչի՝ «կատարել է դրդիչի դեր»: Հիշեցնենք, որ Լյուդվիգ Հակոբյանը մաքսային պետական կոմիտեի ղեկավարի եւ փոխոստիկանապետի տները հսկող այն անձնավորությունն է, որն առաջինն էր խոչընդոտել լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանի գործողություններին:
Եվ հետո ինքն էլ աղմուկ էր բարձրացրել, որի հետեւանքով Գրողների տանը հայտնվել էր Գագիկ Ստեփանյանը: Լյուդվիգ Հակոբյանը ոչ միայն չհայտնվեց մեղադրյալի աթոռին, այլեւ իբրեւ վկա հարցաքննվելով դատարանում՝ տվեց բացահայտ կեղծ ցուցմունքներ դեպքի հանգամանքների մասին:

Նշենք նաեւ, որ Գագիկ Ստեփանյանի հետ Գրողների տուն եկած այլ անձինք չէին դատակոչվել ընդհանրապես:

Ամբաստանյալը հրաժարվեց պաշտպանական ճառից եւ վերջին խոսքից: Փոխարենը լուտանքներ թափեց լրագրողների հասցեին: Գագիկ Ստեփանյանը խոստացավ
ազատության մեջ հայտնվելուց հետո հաշվեհարդար տեսնել նրանց հետ: Իսկ այդ ժամկետն այնքան էլ հեռու չէ: Գագիկ Ստեփանյանն ազատազրկված է օգոստոսի 26-ից եւ կալանքի տակ կմնա մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, այսինքն՝ 15 օրից, եթե կողմերից որեւէ մեկը չբողոքարկի այն: Իսկ հետո Գագիկ Ստեփանյանը հնարավորություն ունի ազատ արձակվել՝ պատժաժամկետի 1/3-ը լրանալու կապակցությամբ: Եվ հնարավորություն կունենա իրականացնել լրագրողներին տված սպառնալիքը:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031