Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ

Հոկտեմբեր 09,2004 00:00

ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ ՄԻ ԿՅԱՆՔԻ ՌՈՄԱՆՏԻԿԱ Մանուշը սեր էր հայցել, ողջ կյանքում միայն սեր փնտրել, սակայն ուր էլ գնացել էր՝ էն բանն էին դեմ տվել: Երեք տարբեր մարդկանցից երեք անտեր երեխա էր ունեցել՝ մեկը մյուսին նման ու մեկը մյուսից աննման: Նրա սիրած վայրը սրճարանն էր: Ուրիշներն էլ էին այնտեղ գալիս, բայց իրենց հիմնական գործից հետո: Նրա հիմնական գործը սրճարանում էր: Արեւը մայր էր մտնում՝ նրան մութ աշխարհ բերում… Ցերեկը արեգակն էր լույս տալիս, գիշերը՝ Մանուշը: Շորորալեն գալիս էր: Կապույտ աչքերն ասես ոչ թե տեսողական, այլ ոսկերչական նշանակություն ունեին, որոնք շողարձակ շափյուղայի նման զարդարում էին սպիտակ դեմքը: Մարմինը նուրբ էր ու համաչափ, եղնիկի պես բարակ, երկար ոտքերով, նեղ գոտկատեղից վեր շուշանի նման բացված ցողաբույր ստինքներով: Հայացքով սրճարանների աթոռներն ու սեղանները սրբելով՝ մոտենում էր. մանրակրկիտ սանրում էր, ոչինչ բաց չէր թողնում ու որտեղ իր սրտի տղամարդ էր տեսնում՝ էլ դես ու դեն չէր ընկնում, խարիսխ էր ձգում, երկար ու ձիգ: Պայուսակից տոպրակով արեւածաղկի սերմ էր հանում, սփռում սեղանին ու չռթում մինչեւ ուշ երեկո: Բոլորը կարող էին օգտվել: Դա նրա կուտն էր, սիրո առաջին կերակուրը՝ երջանկությանը նախորդած գիշերը: Երջանկությունը երկնքից իջած հավք չէր, որ մի պտղունց կուտով կապվեր: Երջանկությունը անթել թռչուն էր, որ հայտնի չէ, թե ում վրա կիջներ: Աչքը ճանապարհին նստում էր՝ սպասում, սպասում, թախծում ու սպասում եւ ոչ ոք իրավունք չուներ արգելել երազել: Կարեկցել կարող էինք: Ձեռքի հետ փորձում էինք նրա առօրյան հարստացնել, բայց ամեն անգամ բախտը սահում, դուրս էր թռչում ձեռքերից… Դա էն տարի էր, երբ Մանուշը յոթերորդ անգամ սիրահարվել էր Վարդան Անդրեասյանին: Բարձրացել էի Սաքոյի տուն: Նա մեն-մենակ ապրում էր աշտարակաձեւ շենքի 12-րդ հարկում: Դուռը բացեց ինքը՝ բռի ու անտաշ, ոնց որ լոռեցի Չոբան Չատին՝ երկար ու ձիգ տնկվել էր առջեւս: Նա աշխարհում ինձնից բացի հարազատ ընկեր չուներ: Խեղճ-խեղճ ինձ էր նայում: Մեկ էլ ձախ ձեռքը ծալեց ու երկգլխանի մկանը քթիս տակ պրկեց: «Հլա ձեռք տուր»,- արմունկից վեր, բազուկի վրա գոյացած հսկայական դմբուզն էր ցույց տալիս: Երկու մատով շոշափեցի մկանը: Ոնց որ պողպատ… «Հարատեւ ձեռնաշարժության արդյունք է,- ասաց,- բա հլա էս օրացույցին նայի,- միջանցքում փակցված պլակատը ցույց տվեց,- որ օրի վրա խաչ ա քաշված՝ էդ օրը կին չեմ տեսել»: Նայեցի: Բոլոր օրերի վրա խաչ էր քաշված: Անտաշ Սաքոյի տնից իջնելն ու Մանուշին տեսնելս մեկ եղավ: Երեխաները հետն էին՝ Անդրանիկը, Սերոբը, Դրոն… Ոնց որ հայոց համազգային շարժում… Գնում էին ձեռք-ձեռքի տված… – Ո՞ւր,- հարցրի: – Ռուբեն Հախվերդյանի համերգին,- պատասխանեցին ինքնագոհ: – Էսօր ուրիշ համերգի ենք գնալու,- ասացի խորամանկ ժպիտով: – Չլինի՞, Վարդան Անդրեասյանի…,- Մանուշի աչքերը երջանիկ կայծկլտացին: – Նման մի բան,- չուզեցի սիրտը կոտրել: Հլու հնազանդ հետեւեցին ինձ: Առջեւում հուսավառ Մանուշն էր, ետեւում՝ Անդրանիկը, Սերոբը, Դրոն… Ընկերս դուռը բացեց ու պել կտրեց: Մանուշի չքնաղ տեսքից շառագնել էր, ասես աշխարհի բոլոր լույսերը իրենից բխելիս լինեին: Բարի էր ու մատչելի՝ քան երբեք: Հետո պլպլան աչքերը ցած սահեցին ու նոր միայն նկատեց ողջ գոյությունը՝ Անդրանիկը, Սերոբը, Դրոն… Նրանք բարի հորեղբոր մոտիկությունից քաջալերված, անվախ ու անկաշկանդ արդեն հաղթական տրորում էին նվաճված շեմքը: Այդ օրը գինարբուքից զատ ոչինչ տեղի չունեցավ: Մյուս օրը օղին վայելեցինք առանց երեխաների: Երկուսին էլ խմեցրի ու մերկացրի մինչեւ վերջ: Ապա կամավորական սկզբունքը չխախտելով՝ պառկեցրի կողք-կողքի: Հուլիսի 7-ն էր: Ասի, գոնե էս անգամ խաչը ծանր չնստի օրվա վրա: Լույսերը մարեցի: Հարեւան սենյակից հետեւում էի գործողությունների ընթացքին: Հեւոցներից, շշուկ-շրշյումներից հասկանալի էր, թե դեպքերը որ ուղղությամբ են զարգանում: Երեւանը գյուղ չէր, եւ ոչ էլ Անտաշ Սաքոն՝ Չոբան Չատի: Նա իրեն հարիր՝ հաստ ու երկար, պինդ ու կարմիր անդամը դեմ էր տվել Մանուշի մեջքին: Ինչպես ընդունված էր եվրոպաներում՝ գործողությունը սկսվում էր ծոծրակից՝ ոսկեգույն մազերի տակից, ապա քնքուշ ու որ կարեւորն է՝ հպանցիկ իջնում ողնաշարի փոսիկով մինչեւ կոնքազդրերին մոտ՝ ետնագնդերի խորխորատները… Ասի, բախտավոր լինեն երկուսն էլ: Մեկ էլ թանձր խավարից լսվեց Մանուշի մեղմիկ, ես կասեի, խորհրդավոր ձայնը. – Սարգիս,- խնդրում էր,- բանդ քաշի… Ես տխրության մեջ եմ… ՎԱՐԱԳՈՒՅՐ /Արար երկրորդ/ …Որքան էլ երեւակայությունը լարում էր, թե կողքին Վարդան Անդրեասյանն է, այնուամենայնիվ իրականն ավելի տեսանելի էր, քան երեւակայականը: Սաքոն էդ օրն էլ կին չտեսավ: Եվ ոչ նրա համար, որ լույսերը մարած էին: Պատճառն ավելի քան լուրջ էր. Մանուշը տխրության մեջ էր: Վարդան Անդրեասյանի խոշոր, արտահայտիչ աչքերն ու բարակ, թափանցիկ ու գրեթե աներեւույթ ակնոցի տակ մտավորական, խելոք դեմքը ոչ մի կերպ հասու չէր անզուսպ ցանկությանը: Պատկերն այդ կապույտ ծխի պես մխում ու թանձր թմբիրով պարուրում էր ներսը: Ախր, Վարդանն էլ մեղքի իր բաժինն ուներ. Մանուշը երեք երեխա ուներ եւ նա ոչ մի կերպ չէր կամենում չորրորդ երջանկությունը պարգեւել իրեն: Փոխարենը ինքը ոչինչ չէր ուզում, դեռ ավելին, տալիս էր… Էն օրն էլ «Աստորիա» բարում կոլեկտիվ գինարբուքի ժամանակ, միանգամայն անսպասելի, Վարդան Անդրեասյանն իր պայուսակում ներքնազգեստի մի պատառիկ հայտնաբերեց: Պոչից բռնած քաշում էր, քաշում ու որքան ձգում՝ այնքան երկարում էր: Երբ խավար լույսի մեջ այն վերջապես ամբողջական տեսքի եկավ, նոր միայն նկատեցին գտածոյի ողջ կազմությունը. վարդագույն կրծքկալ էր՝ եզրերում հյուսված կարմիր ժանյակներով: Մանուշն այն իր կլոր ստինքների վրայից հանել ու շրջազգեստի տակից գողտու սահեցրել էր Վարդանի պայուսակը: Վարդանը, շփոթված, ակնոցը մի կողմ էր պահել: Կրծկալը տակավին չէր կորցրել մարմնի ջերմությունը… Սիրեցյալի ակնագնդերի վրա վարագույրի պես իջած լայն ու երկար կոպերը գորտի աչքերի պես մոլեգին բաբախում էին: Հանուն սիրո ինչպիսի՜ նվիրաբերում… Մինչդեռ, Մանուշը պատրաստ էր ավելին անել… «Ո՞ւմ եմ վնաս տվել… ո՞վ կարող է ինձ արգելել… ո՞ւմ կուզեմ՝ կսիրեմ… դա իմ իրավունքն է»,- արտասվում էր նա: Իսկ որտեղ հույզերն էին ու զգացումներն՝ այնտեղ պոեզիան: Մեկ ուրիշի համար դա կարող էր փառք լինել ու պատիվ, իսկ իր համար ընդամենը՝ կյանք: Վարդանը կին ուներ եւ երեխաներ, բայց ո՞վ ասաց, որ կիսելու բան չուներ. Ամորձիներիդ թայը ինձ հերիք է Ու մի ծակը շալվարիդ Իմ կյանքն ինձ կհերիքի Որ նայեմ ու այն կարեմ: Պոռթկում է սիրազեղ կինը, մինիմալիստը… Որ ոչ մի բանի էլ չհասներ՝ ազատ երազանքն էլ իրեն հերիք էր: Ամեն դեպքում տուժողը երեխաներն էին, որ նրա բոլոր սերերի մեջ հայր էին փնտրում ու բոլոր հայրերի մեջ՝ ծնող ու այդ խառնիճաղանջ ամբոխի մեջ անտեր ապրում: Մանուշն անդրդվելի էր: Փրփուրի վրա էլ կյանք էր դնում: Կյանքը գեղեցիկ էր, նայած ինչ գույնով կներկեր: Նրա երեւակայությունը սահման չուներ: Ինտերնետը թեւ էր տվել առանց այն էլ սավառնող երազանքներին: Մեծ սիրահարությանը հաջորդող ընդմիջումներին նա այցելում էր ինտերնետային ակումբ: Այդ կերպ նրա սերը կարող էր չվել օվկիանոսից էլ այն կողմ: Էլեկտրոնային ֆլիրտները առողջությանը վնաս չէին: Փորձում էր հոգու բացվածքը, մասամբ, փոքրիկ այդ ուրախություններով լցնել: Չաթ էր անում ու սպասում: Եվ հակառակ կողմից գալիս էր անգլիագիր սերը: Մինչեւ ուշ գիշեր «խոսում» էին, թափանցում հոգու եւ մարմնի զանազան անկյուններ: Նրա «ձեռագրի» մեջ ինչ որ բան հիշեցնում էր Վարդան Անդրեասյանին: Այդպես կարող էր եւ օրգազմ ապրել: Կարող էր, եթե վիրտուալ տարփանքից առաջ չուզենար հիանալ սիրածուի պատկերով: Արձագանքը չուշացավ: Մեկի փոխարեն երկու նկար ստացավ՝ գունավոր, տարբեր դիրքերից: Երկուսն էլ տոնական, չիփ- չփլախ լուսանկարված՝ մեկը առջեւից, մյուսը թիկունքից… Ուշագրավն առջեւի ճլորած ամորձիներն էին՝ զատիկի ձվերի նման կանաչ-կարմիր ներկված: Մյուսը համեմատաբար զուսպ էր. ջղուտ հետույք, կապիկի պես վառվռուն, կարմիր հետանցքով: Քամու բերածը քամու տարած էր… Հիասթափությունը կատարյալ էր: Հուզմունքը հորձանք էր տալիս: Եվ ես իզուր էի նրան հորդորում խնայել արցունքները: Կարկուտի պես վայրագ, խոշոր կաթիլները այտերի վրայից կախվելով՝ թափվում էին սրճարանի սեղաններին: Հույսն ինչի՞ վրա դներ. ոչ ամորձիներն /թե մեկը, թե մյուսը/ էին մի բան, որով մխիթարվեր եւ ոչ էլ ծակն էր ծակ, որ ամբողջ կյանքում կարկատեր… Վերջին ապավենն էլի մենք էինք՝ ես ու Անտաշ Սաքոն: Նա ոչ մի կարգին տուն ուներ եւ ոչ էլ մի կարգին աշխատանք… Մենք էլ մի բանի պետք չէինք: Անտաշ Սաքոն ասում էր. – Աղչի, մեզ ռադ արա… Դու քու էրեխանցով զբաղվի… Մանուշն ասում էր. – Չէ, դուք իմ չար երեխաներն եք… Նրանք ոչինչ, փոքր են… Այնուամենայնիվ, օրը չէր անցնում առանց երեխաների: Ճաշի ժամանակ մեր անպակաս սեղանակիցներն էին՝ Անդրանիկը, Սերոբը, Դրոն… Խաշլաման մատուցելիս անհամբերն էլի Դրոն էր: Փափուկ մսերի վրայից ախորժալի բույրով բարձրանում էր տաք գոլորշին: Եվ Դրոն անկարող էր զսպել իր ոգեւորությունը: Թաթիկներն աշխույժ շփում էր ու ասում.. – Մենք էլ անտեր չենք… 18.8.04 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել