Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵՎՈՐ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՊԱՏԸ

Հոկտեմբեր 09,2004 00:00

ՀՈԳԵՎՈՐ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՊԱՏԸ Նշանավոր սոցիոլոգ Մաքս Վեբերին աշխատություններից մեկում զարմացնում է պատասխան չգտնող հետեւյալ հարցը, թե այդ ինչո՞ւ «Եվրոպայի տարածքից դուրս ո՛չ գիտությունը, ո՛չ գեղարվեստը, ո՛չ պետությունը, ո՛չ տնտեսությունը չանցան զարգացման այն նույն ռացիոնալացման ճանապարհներով, որ հատուկ էր Արեւմուտքին»։ Զարմանքն, իհարկե, զուտ եվրոպական է. աշխարհը Նարցիսի աչքերով տեսնելու եվրոպացու չքմեղանք։ Թե ինչու աշխարհը պետք է անցներ այն նույն ճանապարհով, որով անցել էր Եվրոպան, հարցի մյուս, նույնպես պատասխան չունեցող, կողմն է։ Թեթեւ կասկած կարող է հարուցել սոցիոլոգի նաեւ այն պնդումը, որ վերաբերում է «գիտության ու գեղարվեստի ռացիոնալացմանը»։ Դեռ հասկանալի է, որ ազգը, պետությունը, տնտեսությունը կարող են ռացիոնալ չլինել, բայց թե ինչպես կարող է գիտությունը ռացիոնալ չլինել, անհասկանալի է։ Հազիվ թե եվրոպացու մտքով անցներ, որ կարելի է մաթեմատիկան ազգայնացնել, ֆիզիկան՝ դաշնակնակցնել, մանավանդ բոլորին է հայտնի, որ աշխարհում գործում է երկու առասպել՝ աշխարհագրության եւ պատմության առասպելը։ Առաջինը որպես անվերջ դժգոհությունների առիթ, երկրորդը՝ վերջ չունեցող ողբերգությունների առանցք։ Վեբերի մտքով երբեք չէր անցնի, որ պատմությունից կարելի է հաճույք ստանալ, եթե այն ողբերգական է։ Պակաս կարեւոր չէ նաեւ գեղարվեստի «ռացիոնալացման» ըմբռնումը. ռացիոնալացնել մշակույթը, նշանակում է նրան զրկել միակ հենարանից՝ ստեղծելու իրավունքից եւ նրան դարձնել եկեղեցու պես ինքնաբավ մի բան. այն ոչ թե գործում է, այլ կա։ Ավելի ճիշտ՝ այն գործում է, ոչ թե՝ կա։ Իսկ ավելի ճիշտ՝ այն ո՛չ գործում է, ո՛չ կա, սակայն սովորույթի ուժով ե՛ւ գործում է, ե՛ւ կա։ Իսկ դա ռացիոնալացման դեմ սկզբունք է, որովհետեւ ռացիոնալացումը ենթադրում է այն, ինչ պետք չէ։ Պետք չէ այն, ինչ սովորույթի ուժով անհրաժեշտ է։ Անհրաժեշտ չէ այն, ինչ ռացիոնալ չէ։ Սա, իհարկե, վիրավորում է մեզ եւ հարվածում աշխարհի մեր պատկերացումներին։ Մարքսիստներից պարբերաբար մերժված Շատոբրիանը կարծում էր, որ ամերիկացիների բարքը որոշվեց օրենքներով։ Այսինքն՝ օրենքներին ապավինելը ստեղծեց մարդու մի տեսակ, որ մերժում է սովորույթը եւ սովորույթի իներցիայով ստեղծված ցանկացած առասպել, որ վերաբերում է պատմությանը։ Սա դեռ ներելի է նոր աշխարհակարգ հաստատող ազգերին, իսկ ի՞նչ անեն հները, որոնց ամբողջ գոյությունը պայմանավորված է դարերով ճշտված բարոյականությամբ, որտեղ կառավարում են ոչ թե օրենքները, այլ բարոյականությունը։ Դրանից բխող հաջորդ հարցին արդեն ոչ մի եվրոպացի չի կարող պատասխանել երբեք. եթե չեն կառավարում օրենքները, չի գործում բարոյականությունը (որ կարող է մերժել, ասենք, արվամոլությունը), ի՞նչը կարող է գոյություն ապահովել։ Բնականաբար՝ ո՛չ օրենքները, ո՛չ բարոյականությունը, այլ՝ ինչպես պատահի։ Այսինքն՝ սա այն գինն է, որ մենք կարող ենք վճարել ռացիոնալացման մերժման դեպքում։ Բարեբախտաբար, երբ Վեբերը ասում է ռացիոնալացում, նկատի ունի միայն մի բան. ապաառասպելացման ընթացք, որը Եվրոպայում հանգեցրեց մշակույթի, նշանակում է՝ ամեն ինչի, աշխարհիկացման, որը այլ բան չէ, քան աշխարհի ընկալման կրոնական պատկերացումներից ազատագրում։ Հայաստանի դեպքում խնդիրն այն չէ, որ կրոնական պատկերացումները (լինեն դաշնակցական, նժդեհական-հանրապետական, թե օրինաց-երկրական) շարունակում են գերիշխող լինել, այլ այն, որ դրանք շարունակում են գերիշխող լինել առանց հավատի ու կրոնի (գաղափարախոսության)։ Խնդիրն այն է, որ պետական մակարդակով առասպելական պատկերացումը շարունակում է գործել։ Ուրիշ ի՞նչ անուն տալ այն հանգամանքին, երբ արտգործնախարարը երկրի զարգացումը պատկերացնում է առանց կոմունիկացիաների։ Մինչդեռ անգամ հեքիաթի մակարդակով հայտնի է, որ ջրի ակունքին նստած վիշապը (ժամանակակից լեզվով՝ կոմունիկացիաները փակող) կամ ամենօրյա զոհ է պահանջում, կամ հարկավոր է մի հերոս, որ վերջ կտա հրեշին։ Բազմաթիվ անգամ նշել եմ, որ զանգվածային ժողովրդավարությունը՝ հարաբերությունների ռացիոնալացումը ենթադրում է զանգվածների գոյություն, հակառակ դեպքում այն բռնություն է։ Նույնքան, ինչքան ցանկացած պարտադրանք, որ վերեւից է գալիս։ Ճիշտ է, մենք սովոր ենք վերեւից եկող պարտադրանքին, բայց սովոր լինելը չի նշանակում հավատալ առասպելին (Արամ Աբրահամյանը լավատեսորեն կարծում է, թե ժողովրդավարություն Հայաստանում կլինի 50 տարի հետո)։ Ամբողջ հարցն այն է, որ մեր մշակույթը, հինը եւ միջնադարը չհաշված, վաղուց է «այո» ասել ռացիոնալացմանը (հիշենք Խորենացուն), իսկ «ոչ»-ը գալիս է ոչ թե մշակույթից, այլ մեկնաբանությունից։ Ընդ որում, մեկնաբանությունը 1700-ամյա քրիստոնեության հետ կապ չունի։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել