Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանգիստ

Հոկտեմբեր 09,2004 00:00

Հանգիստ թողեք հանճարներին Էս ինքնուսները զզվելի ժողովուրդ են: Տո լավ էլ անում են դիպլոմավոր տղերքը, որ ճնշում են սրանց: Ախր ո՞ւր եք խորանում խալխի մասնագիտական մենաշնորհների մեջ: Վերցնենք, օրինակ, երաժշտական մասնագիտացումը, որի քարքարոտ արահետը սկսվում է 7 տարեկանից: Բայց, արի ու տես, որ մինչ ապագա երաժիշտները օրուգիշեր տանջվում էին ճըզ-վըզ անելով, Արամ Խաչատրյանը իր հասակակիցների հետ հավեսով խաղում էր բակում: Իսկ երբ մտավ համաշխարհային երաժշտության շտեմարան, ապա Մոսկվայի երաժիշտների մեծ մասը չներեց նրան սեփական պղծված մանկությունը: Ճիշտ է, Խաչատրյանին հնար չկար կպցնել «ինքնուսի» պիտակը, քանի որ նա, թեեւ ուշացումով, բայց ստացել էր երաժշտական կրթություն: Եվ մանկությունից դունչերը ջութակով հարած, բայց Արարչի համբույրն այդպես էլ ճակատներին չստացած արհեստավարժները սկսեցին թունավորել հանճարի կյանքը «շիշ քեբաբի երգահանի» մականունով: Իսկ Արամ Իլյիչի մահից հետո այդ գարշելի ռասիստական մականունը փոխարինվեց հետմահու տիտղոսով՝ Մեծն ռուս երաժիշտ: Նրան հալածողներն էլ կյանքից հեռացան: Սակայն մնաց հոգի թափանցող երաժշտությունը, որը հավերժացրեց Հռոմի հանդուգն ստրուկին ավելի հիմնավոր, քան գրական եւ պատմական հիմքը: Իսկ ո՞ւր են ձեր գործերը, Խաչատրյանին հալածող նախանձ սնոբներ: Բանասիրական ֆակուլտետ չէր ավարտել Ռեդյարդ Քիպլինգը: Կոնսերվատորիա չի ավարտել Շարլ Ազնավուրը: Բուլաթ Օկուջավան երաժշտության մեջ նույնիսկ գրաճանաչ չէր: Հնագիտության մեջ ինքնուս էր Շլիմանը, որը պեղեց Տրոյան: Նաեւ՝ Շամպոլյոնը, որը վերծանեց եգիպտական սեպագրերը: Նրանց հաջորդած դիպլոմավոր հնագետները խոնարհաբար ընդունեցին սովետական պատմագիտության գլխավոր առեղծվածը. միության անծայրածիր տարածքներում չէին կարող մնացած լինել որեւէ պատմական աբորիգեններ: Որպեսզի նորակազմ ժողովուրդները չկոմպլեքսավորվեին, եւ իրար հավասարվեին: Ըստ այդ առեղծվածի, ՍՍՀՄ-ը ամերիկյան մանկատան տարատեսակ էր, որում որբ ժողովուրդները փրկվել էին բնաջնջումից ու ստացել թափ-թազա կյանքի ուղեգիր: Իսկ հնագույն քաղաքակրթությունները երկաթե վարագույրից անդին էին՝ բուրգաշատ Եգիպտոսում, անտիկ Հունաստանում կամ ճահճոտ Միջագետքում: Սակայն խորհրդային պատմագիտությունն այդքան էլ անողոք չէր: Այն թույլ էր տալիս դիտարկել Աստվածաշունչը որպես պատմական աղբյուր, որում շարադրված էր հրեա հինավուրց ժողովրդի պատմությունը: Չմոռանանք հիշել, որ սովետական արեւելագիտության եւ պատմագիտության հրամանատարները բիբլիական անուններով դիպլոմավորներն էին: Ահա կարդում եմ հայկական մամուլը, որում եռանդով դատապարտում են Պարիս Հերունու հայտնագործությունները՝ հայագիտության բնագավառում, ու մտածում՝ այդ ինչո՞վ է գազազեցրել ակադեմիկոս ֆիզիկոսը մեր դիպլոմավոր մասնագետներին: Մի՞թե նրանով, որ մտել է հայագիտության ասպարեզ, որոնելով մեր ժողովրդի նախաքրիստոնեական անցյալը՝ պատմագիտության, լեզվաբանության եւ աստղաֆիզիկայի սահմանագծում: Իսկ աստղաֆիզիկան գիտություն է, որն արհեստավարժ բանասերը, միջից էլ կիսվի, չի կարող հաղթահարել: Էլ ինչո՞ւ են գժվում: Հնարավոր է, որ Հերունին մեղավոր է իր չափազանց ընդարձակ գիտական իմացությունների եւ նրա համար, որ կիրառում է բազմապարամետրիկ վերլուծական մեթոդ, որ հասու չէ շատերին: Քարահունջի աստղադիտարանի 7-հազարամյա տարիքը շատ է անհանգստացնում որոշ անձանց: Հավանաբար, հալածանքը հրահրողները հիմնականում ՀՀ-ից դուրս են: Բայց Քարահունջը հունից հանում է նաեւ մեր գիտնականներին, որոնք սկսել են պիտակավորել Հերունուն «հիտլերական գիտնականի» մականունով, որպեսզի չփորձի ապացուցել, որ հրեաներից բացի, ուրիշ ընտրյալ ժողովուրդ էլ կա: Փաստորեն, լավ է զոռով կարճացնել մեր պատմությունը, միայն թե դրսի սպոնսորները հանգիստ լինեն: Սակայն իրականում մեր ժողովրդի նախաքրիստոնեական պատմությունն այնքան ահռելի է ժամանակային եւ որակական առումով, այնքան քիչ է ուսումնասիրված ու թաղված ստահոդ դոկտրինների եւ ուսմունքների հնոտիների հսկա կույտի տակ, որ գործ անողի գործը չի պակսի, բոլորի համար տեղ կգտնվի: Մի խոսքով, հանճարներին հանգիստ թողեք, տղերք ջան: Չէ՞ որ բոլորս կանցնենք-կգնանք, մեզ հետ չտանելով ոչինչ: Սակայն այն, ինչը փորձել են մեն-մենակ փաստարկել ու գրի առնել հանճարները, կզարդարի մեր ժողովրդի ու համայն մարդկության գանձարանը: ՄԿՐՏԻՉ ՇԱՀԻՆՅԱՆ, Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել