Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 09,2004 00:00

Ինչպիսի հատակագիծ է պետք Երեւանին Վերջերս հայտարարվեց, որ պիտի հաստատվի Երեւան քաղաքի նոր ընդհանուր հատակագիծը։ Այդ կապակցությամբ պարտքս եմ համարում ասել հետեւյալը։ 1. Գոյություն ունեցող շենքերի կայունությունը եւ երկարակեցությունը Գյումրիի երկրաշարժը ցույց տվեց (ասենք, առանց այդ էլ դա հայտնի էր տեսությունից), որ կմախքային կառուցվածքի շենքերը բոլորովին անպաշտպան են ցնցումների դեպքում։ Իսկ այդ տեսակի շենքերը զգալի քանակ են կազմում նաեւ Երեւանում։ Եվ առհասարակ, բազմաբնակարանային շենքերի մեծ մասը կառուցված է երկաթբետոնից, իսկ դրա հաշվարկային երկարակեցությունը հազիվ 100 տարի է։ Դրա պատճառը բետոնի (եւ առավել եւս՝ երկաթբետոնի) անհամասեռությունն է, որի հետեւանքով այն դիմանում է սահմանափակ թվով (200-300) սառեցում-հալեցումների։ Դա նշանակում է, որ եթե նույնիսկ շենքերը որակով են կառուցված (իսկ այս հարցում մեզնից ոչ ոք, կարծում եմ, պատրանքներ չունի), ապա, միեւնույն է (եթե հաշվի առնենք, որ դրանք սկսել են կառուցվել արդեն 60-ականներից), դրանց մնացել է հազիվ մի հիսուն տարվա կյանք։ Այսինքն, պիտի ընդունվի բոլոր երկաթբետոնե կառույցների (նախեւառաջ՝ կմախքային) աստիճանական քանդման եւ դրանք նոր շենքերով փոխարինման երկարաժամկետ ծրագիր։ Այդ հրամայականը չնկատելու դնելը սոսկ ջայլամի պահվածք է։ 2. Հատակագծման սկզբունքները Ներկայիս հատակագծման սկզբունքները հիմնականում ձեւավորվել են 20-րդ դարի սկզբում՝ Եվրոպայում։ Դրա հիմքում, այսպես կոչված, տողային կառուցապատման եւ «քաղաք-այգու» գաղափարն է։ Սրա հեղինակները մասնագիտական կրթություն չստացած անգրագետներ էին կամ պարզապես ճարպիկ ավանտյուրիստներ (հատկապես դրանց դրոշակակիրներ Լե Կորբյուզյեն, Գրոպիուսը), որոնք այն ժամանակվա իրենց պես անգրագետ եւ քաղքենի «նոր եվրոպացիներին» զարմացնելու եւ նրանցից խոշոր պատվերներ կորզելու նպատակով դիմեցին ճարտարապետական հազարամյա սկզբունքների ոտնահարման արկածախնդրությանը։ Այն բերեց քաղաքային տարածքները անդեմ «միկրոշրջանների» վերածման՝ բացասական գեղագիտական արժեքով, հանցագործությունների բարձր մակարդակով, հոգեբանական ճնշող ազդեցությամբ։ Մեզ մոտ բոլորը դժգոհում են խորհրդային «նորակառույցներից», սակայն ոչ ոք չի խիզախում ընդունել, որ դրանց այլանդակությունը բխում է եվրոպական «քաղաքաշինական» դրույթներից, եւ դրանք սկզբունքորեն չէին կարող գեղեցիկ լինել։ Եվ այժմ մեր քաղաքը հատակագծման այդ սկզբունքի գերին է։ Նոր ընդհանուր հատակագիծը պիտի ոչ թե հաշվի առնի երեւանյան «չերեմուշկաների» գոյությունը, այլ դրանք բոլորը՝ Բանգլադեշը, «Չերեմուշկան», Էրեբունին, Մասիվները, Նոր Դավիթաշենը պիտի վերահատակագծվեն։ 3. Քաղաքի ծավալատարածական կերպարը Երեւանի բնակելի շենքերի շարքում մեծ թիվ են կազմում բազմահարկ (5-6-ից բարձր) շենքերը։ Կա մի մոլորություն, ըստ որի, բազմահարկ շինարարությունը բխում է կառուցապատման խտացման անհրաժեշտությունից։ Մինչդեռ իրականում, եթե ապահովվում են սանիտարական պահանջները, ապա արդեն 4-5 հարկից բարձր շենքերի դեպքում, որքան էլ տարօրինակ է, կառուցապատման խտությունը սկսում է նվազել, քանի որ շենքերն անհրաժեշտ է լինում միմյանցից ավելի հեռու տեղադրել։ Դրանից բացի, ավելանում են ծախսերը հրշեջ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ կապուղիների կառուցման համար, մասնավորապես՝ վերելակների, ջրամատակարարման եւ այլն։ Այնպես որ, բազմահարկ բնակելի շենքերի կառուցումը սոսկ տուրք է մոդային։ Ինչ վերաբերում է վարչական բնույթի բազմահարկ շենքերին, ապա դրանք պիտի ենթարկվեն բարոյական սկզբունքներին։ Մասնավորապես, չգերազանցեն հոգեւոր բնույթի շենքերի (եկեղեցիներ, թատրոններ) կամ պատմականորեն որպես տարածական դոմինանտներ նախատեսված շենքերի բարձրությունները։ Հետեւապես, նման շենքեր չեն կարող կառուցվել քաղաքի պատմական մասում։ Այսպիսով, բազմահարկ բնակելի շենքերի կառուցումը պիտի արգելվի, իսկ բազմահարկ վարչական շենքերի կառուցումը կարող է թույլատրվել միայն պատմական կենտրոնի տեսանելիության դաշտից դուրս։ Իսկ նման շենքեր նախագծողներին (եւ պատվիրողներին) կարելի է խորհուրդ տալ աչքի առաջ միշտ ունենալ ե՛ւ դեկտեմբերի 7-ի տեսարանները, ե՛ւ սեպտեմբերի 11-ի։ 4. Քաղաքական- տնտեսական խնդիրները Ներկայումս կրկին, ինչպես եւ 30 – 50-ական թվականներին, բնակչությունը կարող է կառուցել առանձնատներ՝ օգտվելով բանկային վարկերից։ Ուստի եւ պիտի նախատեսվեն առանձնատնային կառուցապատման թաղամասեր։ Որպես այդպիսիք, կարող են հատկացվել նաեւ նախորդ կետերի համաձայն՝ հին կառուցապատումից ազատված տարածքները։ Դրան նպաստելու համար պետք է նաեւ լուծվի կանաչ տարածքների վերականգնման հարցը։ Որպես կանաչ տարածքներ կարող են նախատեսվել նաեւ քանդվելիք «միկրոշրջանների» տարածքները։ Պիտի խստիվ արգելվի պատմական տարածքների, օրինակ՝ պատմական այգիների, անտառային գոտիների, ջրանցքների, հնագիտական հատվածների կառուցապատումը, իսկ եղածը՝ վերացվի։ Սրանք են, ըստ իս, կարեւորագույն (բայց ոչ միակ) գործոնները, առանց սրանք հաշվի առնելու՝ Երեւանի հերթական ընդհանուր հատակագիծը կդառնա մի նոր աչքակապություն, որը կնպաստի մեր քաղաքի հետագա այլանդակմանը եւ անպաշտպան կթողնի բնական եւ քաղաքական գալիք ցնցումների առջեւ։ Որքան էլ աներեւակայելի են թվում առաջարկվող քայլերը, դրանք անխուսափելի են, եւ իշխանությունները պիտի իրենց մեջ ուժ գտնեն՝ նախ գիտակցելու դրանք, ապա եւ՝ կատարելու։ ՌՈՒԲԵՆ ԹԱՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել