Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոելյոն

Հոկտեմբեր 09,2004 00:00

Կոելյոն «որսաց» հայկական մշակույթի հմայքը Երեկ աշխարհահռչակ բրազիլացի գրողին հյուրընկալեց ՀՀ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը: «Իր բարեկամ Պաուլոյին» ներկայացնելու համար նախարարը գործի դրեց պոետական ողջ բառաֆոնդն ու երեւակայությունը: Նա թվարկեց Կոելյոյի՝ իրեն ծանոթ ստեղծագործությունները՝ ափսոսալով, որ բրազիլական գրականությունը մեզ հայտնի է միջնորդավորված լեզվով՝ ռուսերենով: Այնուհետեւ հիշեց բրազիլական էթնո-ջազի վարպետներին ու «Ավազահանքերի գեներալները» ֆիլմը: «Մեծանուն արձակագիր Պաուլո Կոելյոն, կարծում եմ, համամիտ է, որ մեր գրականությունը շատ աղերսներ ունի բրազիլական գրականության, մասնավորապես իրենց կենցաղային-հոգեբանական վեպի հետ, որը սկզբնավորվեց 20-րդ դարից: Իրենք էլ հիմնականում արծարծում են գյուղացու, բնիկի, հնդկացու կենցաղը, մարդկային հարաբերությունները, աստծո եւ մարդու խոհափիլիսոփայական ընթացքը»,- շարունակեց գրողին ներկայացնել նախարարը: Այնուհետեւ պրն Հովեյանը 20-րդ դարից տեղափոխվեց 10-րդ դար եւ ժամանակակից բրազիլացի գրողին համեմատեց Գրիգոր Նարեկացու հետ. «Իզուր չի Պաուլո Կոելյոն իր «Ալքիմիկոսը» վեպում ասում՝ ի՞նչ է նշանակում երջանկություն: Նա, ինչպես 10-րդ դարում մեր Նարեկացին, փնտրում է երջանկության մանրակերտը: Կոելյոն ասում է՝ երջանկությունն այն է, երբ բազեն ճախրում է անապատի ավազների վրայով…Դե եկեք ու հասկացեք»: Պ. Կոելյոն ասաց, որ մեծ պատիվ է ՀՀ մշակույթի նախարարի հյուրը լինելը: «Ասում են՝ ձեր նախարարը նաեւ լավ պոետ է, երեւի մի օր իր բանաստեղծությունները կկարդամ»,- հույս հայտնեց նա: Կոելյոն պատմեց, որ մինչ Հայաստան գալը, հայկական մշակույթին հաղորդակցվել է սփյուռքահայ հատվածի միջոցով: Ձեռնպահ մնաց հայ գրականության մասին դիտարկումներ անելուց, քանի որ այն քիչ է թարգմանված: «Մշակույթն իր լայն ընդգրկմամբ՝ ներառյալ երաժշտությունը, ամենօրյա կյանքը, հայկական խոհանոցը եւ այլն, այս 4 օրերի ընթացքում Հայաստանից ստացված մշակութային տպավորություններս են: Ինձ հատկապես զարմացնում է հայ ժողովրդի մեծ սերը եւ այն արժանապատվությունը, որով ներկայացնում եք ձեր երկիրը»,- ասաց Կոելյոն: Նա հասցրել է շրջել Երեւանի փողոցներով, այցելել Ս. Փարաջանովի տուն-թանգարան, «փորձել ընկալել այն ամենը, ինչով շրջապատված են հայերը, եւ այդ մանրուքների մեջ հայկական մշակույթի ողջ հմայքը որսալ»: Բրազիլացի հանրահայտ գրողը նկատեց, որ նման մշակույթ ունեցող երկրի մշակույթի նախարար լինելը մեծ պատասխանատվություն է: Հուսաց, որ մեր պոետ-նախարարը գիտակցում է դրա ողջ ծանրությունը: Նա օրինակ բերեց Բրազիլիայի մշակույթի նախարարին, որը երաժիշտ է եւ լավ երգեր գրելուց զատ, հրաշալի կատարում է նախարարական պարտականությունները: Պ. Կոելյոն կայցելի նաեւ Վերնիսաժ, Օշական՝ Թարգմանչաց տոնի առիթով, կհյուրընկալվի Սեւանում, Հաղարծինում, Ծաղկաձորում: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել