Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեջքով» տնօրենը պատվե՞ր է կատարում

Հոկտեմբեր 09,2004 00:00

«Մեջքով» տնօրենը պատվե՞ր է կատարում Ուսուցչի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է Ստեփանավանի շրջանի Ամրակից գյուղի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի, ֆիզիկայի, աշխարհագրության, իրավունքի եւ մի քանի այլ առարկաների ուսուցիչ Նաիրի Արոյանի մասին մենք արդեն գրել ենք եւ տեղեկացրել, որ վերջինիս ազատել են աշխատանքից՝ քաղաքական հայացքների համար։ Նաիրի Արոյանը ՀԺԿ Ստեփանավանի տարածքային կազմակերպության քարտուղարն է, եւ դպրոցի տնօրենը առանց թաքցնելու հայտարարել է, որ դեռեւս ապրիլյան հանրահավաքներից հետո էր ինքը հրահանգ ստացել ուսուցչին ազատել աշխատանքից եւ վերջինս դեռ պետք է շնորհակալ լինի, որ մինչեւ սեպտեմբեր իրեն պահել են։ Այս իրավիճակում դպրոցի շուրջ 20 աշակերտներ հայտարարել են, որ պահանջում են իրենց սիրելի ուսուցչին վերականգնել աշխատանքի եւ ի նշան բողոքի՝ հեռացել են դպրոցից եւ դիմել են Ստեփանավան քաղաքի դպրոց՝ այնտեղ ուսանելու։ Սակայն այստեղ եւս գործել է նույն հրահանգը՝ աշակերտներին Ամրակիցի դպրոցից չեն ազատում, իսկ Ստեփանավանի դպրոցում չեն ընդունում։ Ըստ էության, արդեն ուսումնական տարվա երկրորդ ամիսն է կիսվում, սակայն մոտ 20 աշակերտ որեւէ դպրոցի մատյանում գրանցված չէ եւ փաստորեն՝ դասապրոցեսից զրկված։ Ուսուցիչ Նաիրի Արոյանին այս ամենը շատ է անհանգստացնում։ Երեկ մեր թերթին տված հարցազրույցում նա ասաց. «Այսօրվա դրությամբ երեխաները ոչ մի մատյանում գրանցված չեն։ Երեխաներին կանչել են եւ ստիպել են վերադառնալ Ամրակիցի դպրոց, բայց երեխաները չեն համաձայնել՝ պահանջելով վերադարձնել իրենց ուսուցչին»։ Նույն դպրոցի փոխտնօրեն Գեւորգ Շիլաչյանը եւս տնօրեն Սլավիկ Սահակյանի թեթեւ ձեռքով ազատվել է աշխատանքից։ Փոխտնօրենը դիմել էր նախագահի վերահսկողական ծառայությանը, որտեղից հանձնաժողովը ժամանեց դպրոց, բացահայտումներ արվեցին դասապրոցեսի եւ աշխատավարձի հետ կապված։ Առայժմ որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել պրն Շիլաչյանին աշխատանքում վերականգնելու համար։ Նաիրի Արոյանը դիմում էր գրել Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանին, որպեսզի վերջինս ուշադրություն դարձնի դպրոցում կատարվող որոշ բացթողումներին։ Սակայն մարզպետի պատասխանը եղել է բոլորովին այլ բանի մասին։ «Կրթության նախարարությունից եկած հանձնաժողովը զարմացավ, որ իմ դիմումին մարզպետը նման պատասխան է տվել։ Ես մարզպետին չեմ դիմել ինձ աշխատանքի վերականգնելու խնդրանքով, որովհետեւ ինձ կարող է վերականգնել միայն դատարանը։ Մարզպետը գրել է, որ ճիշտ են արել՝ ձեզ աշխատանքից ազատելով, այն դեպքում, երբ ես մարզպետին դիմել էի դպրոցում տեղի ունեցող ապօրինությունների հետ կապված»։ Այսօր դպրոցում, բացի տնօրենից, բոլորը կին ուսուցիչներ են։ Երկու տղամարդ ուսուցչից՝ փոխտնօրեն Գեւորգ Շիլաչյանից եւ Նաիրի Արոյանից տնօրենը կարողացել է ազատվել։ Նաիրի Արոյանը այն կարծիքին է, որ իր աշխատանքի գնահատականը աշակերտներն են տալիս. «Եթե աշակերտն այսօր ընդվզում է եւ իր ուսուցչի խաթեր չի գնում դպրոց, ուրեմն այդ ուսուցչի կարիքը ինքն ունի։ Իմ գնահատականը իմ աշակերտներն են տալիս։ Մնացածը այլ պատմություն է։ Ապրիլյան հանրահավաքների ժամանակ ամեն անգամ ինձ զգուշացրել են, որ ազատելու են աշխատանքից։ Հիմա էլ շարունակվում է»։ Նաիրի Արոյանը դիմել է դատարան՝ աշխատանքի վերականգնվելու հայցով, կոլեկտիվ դիմում է ուղարկվել ԿԳ նախարարին, ԱԺ կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի մշտական հանձնաժողով։ Լրացել է կոլեկտիվ դիմումների մեկ ամիսը, դեռեւս պատասխան չի ստացվել։ Հետաքրքիրը Նաիրի Արոյանին տրվող խորհուրդներն են՝ «պարզիր, թե տնօրենի մեջքը ո՞վ է»։ Հենց այսպես էլ մեզանում հարցերը լուծվում են՝ «մեջքի» հաստությունից է կախված հարցերի լուծման ընթացքը։ Եվ ընդամենը ի՞նչ է պատահել՝ գյուղի դպրոցի տղամարդ ուսուցչին ազատում են աշխատանքից, այն դեպքում, երբ դպրոցին այսօր հենց տղամարդ ուսուցիչներ են հարկավոր։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել