Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիմնավորում

Հոկտեմբեր 09,2004 00:00

Հիմնավորում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկրի գլխավոր օրենքը արդի աշխարհում ընթացող ժողովրդավարական գործընթացներին լիարժեքորեն ներդաշնակեցնելու, իշխանական համակարգի կառուցվածքում տեղ գտած թերությունների վերացման, համամարդկային ձեռքբերումներին արձագանքելու, դրանց հետ համընթաց նաեւ հայ ազգային պետական, պատմական եւ ժամանակակից զարգացումներն արտացոլելու, պետականաշինության լավագույն կառուցակարգերն ամրագրելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես՝ 1. Գտնելով, որ գործող Հիմնական օրենքի թերությունների պատճառով ՀՀ-ում ստեղծեցին պետական կառույցների արատավոր մի համակարգ, որը՝ – իշխանության կառուցվածքի, նրա տարբեր թեւերի միջեւ հակակշիռների փոխադարձ վերահսկողության, լիազորությունների, պատասխանատվության մեխանիզմների միտումնավոր սխալ ընտրության պատճառով ոչ միայն – չի կարող ծառայել ազգային ընդհանրական խնդիրների լուծմանը, համազգային կառույցների համակարգի ձեւավորմանը, – չի ապահովել եւ չի էլ կարող ապագայում ապահովել պետության եւ բնակչության բնականոն գործունեության ու գոյատեւման համար անհրաժեշտ տարրական պայմանները, քաղաքական կայուն համակարգի ձեւավորման, քաղաքացիական համերաշխության հաստատման հնարավորությունները, այլեւ ընդհակառակը՝ դարձել է առաջընթացը խոչընդոտող, ժողովրդի ներուժը ջլատող հիմնական գործոնը։ – Գտնելով, որ իշխանական գործող համակարգը ՀՀ-ում ամբողջությամբ է արատավոր։ Առաջին հերթին նրանով է պայմանավորված՝ նա է ստեղծում բոլոր նպաստավոր պայմանները, որ ընտրությունների արդյունքները պարբերաբար կեղծվեն այս երկրում, անարժաններ գան իշխանության, բռնությամբ իշխանափոխություններ կատարվեն, քաղաքական սպանությունների, ոճրագործությունների շղթան շարունակվի, կյանքի բնականոն ընթացքը խաթարվի, արտագաղթը ՀՀ-ից դառնա համազգային աղետ։ 2. Հաշվի առնելով նաեւ, որ պատմական այս բարդ իրավիճակում անհրաժեշտ է նվազագույնի հասցնել կախվածությունը առանձին անհատների ղեկավարման հնարավոր սխալներից, նրանց մտավոր, կամային եւ հոգեկան այլ կարողությունների կատարելությունից, շահադիտական մոտեցումներից ու կամայականություններից։ 3. Ընդունելով, որ արդի ժամանակաշրջանում սոցիալական բարդ կազմավորումները հիմնականում հաջողության են հասնում կոլեկտիվ ստեղծագործության ճանապարհով հետամուտ լինելով իրենց նախօրոք ձեւակերպված ընդհանրական խնդիրներին: 4. Ձգտելով իշխանական ողջ համակարգը ՀՀ-ում կառուցել այնպես, որ այն որպես մեկ ամբողջություն դառնա նպատակային գործունեության ամբողջական սուբյեկտ, իր ա) Սահմանադրությամբ ամրագրված ազգային, համամարդկային արժեքներով, ուղղվածությամբ, կառուցվածքով, նպատակների ընտրությամբ, պետության գործունեության արդյունավետության գնահատման մեխանիզմներով, այլ պետությունների հետ հարաբերությունների կարգավորման, զարգացման հստակ մոտեցումներով ու սկզբունքներով։ բ) Օրենքով ամրագրված՝ – ներքին եւ արտաքին քաղաքականության հայեցակարգերով, – հեռանկարային եւ ընթացիկ գործունեության խնդիրներով, նրանց իրականացման համար կազմված երկարաժամկետ ու տարեկան ծրագրերով. 5. որոնք պետք է ընդունվեն եւ իրագործման դրվեն հրապարակային լայն քննարկումներից հետո միայն, եթե արժանացել են քաղաքացիների մեծամասնության հավանությանը, 6. ընդունելով, որ արդյունավետ քաղաքականություն ու ծրագրեր կարող են մշակել եւ իրականացնել միայն ընդհանրական շահերի գիտակցմամբ գործող, գաղափարապես միաձույլ կուսակցությունները կոլեկտիվ ջանքերով. – նպատակ դնելով ՀՀ-ում պայմաններ ստեղծել նրանց հետագա զարգացման, ամրապնդման համար, – հնարավորություն տալ նրանց՝ ընտրություններում հաղթելուց հետո, իրենք ձեւավորեն գործադիր իշխանություն, որ կարողանան իրագործել իրենց նախընտրական ծրագրերն ու խոստումները։ 7. Միաժամանակ ձգտելով բարձրացնել իշխանությանը հավակնող կուսակցությունների պատասխանատվությունը՝ ընտրություններում իրատեսական նախընտրական ծրագրերը ներկայացնելու եւ դրանք իրականացնելու համար. – ընդդիմադիր կուսակցություններին, հասարակայնությանը այդ ծրագրերի կատարման ընթացքի վերահսկման, գնահատման պայմաններ ստեղծել եւ հնարավորություն տալ նրանց, բացասական գնահատականների դեպքում, նոր ընտրությունների անցկացման նպատակահարմարության մասին հարց հարուցել։ 8. Եվ նպատակ դնելով անձնավորված պատասխանատվությամբ ապահովել, երաշխավորել՝ ա) իշխանության թեւերի համաձայնեցված, բնականոն գործունեությունը, բ) պետական իշխանության հաջորդականությո ւնը, շարունակականությունը, գ) ներկայացումը միջպետական հարաբերություններում, դ) հասարակության համար իշխանական ողջ համակարգի գործունեության թափանցիկությունը, պաշտոնական տեղեկատվության եւ վիճակագրական տվյալների արժանահավատությունն ու մատչելիությունը. ե) բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, բացառիկ ծառայությունների գնահատման նպատակով համաներման, ներման, պարգեւատրման, քաղաքացիության շնորհման գործընթացների կազմակերպումը։ Ու ղեկավարվելով վերը նշվածից բխող հետեւյալ սկզբունքային մոտեցումներով՝ 1. Իշխանավորների կողմից Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված սկզբունքներով, նպատակներով ու խնդիրներով, ծրագրերով չառաջնորդվելը որակվում է որպես սահմանադրական կարգի խախտում եւ պատժվում սահմանված կարգով։ 2. Կառավարության կառուցվածքը, գործունեության կարգը որոշվում է Սահմանադրությամբ եւ կառավարության մասին հատուկ օրենքով։ Օրենքը ընդունվում եւ նրա մեջ փոփոխություններ են կատարվում պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։ 3. ՀՀ Ազգային ժողովը կազմված է համամասնական ընտրակարգով ընտրված եւ ՀՀ վարչատարածքային բաժանման հիման վրա կազմված ընտրատարածքներից մեծամասնական կարգով ընտրված մեկական պատգամավորներից։ 4. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ նրանց միավորումները ընտրողներին են ներկայացնում գործունեության այն քառամյա ծրագրերն ու մոտեցումները, որոնցով առաջնորդվելու են, եթե ընտրություններում հաղթեն եւ կազմեն կառավարություն։ 5. Նախընտրական քառամյա ծրագրերը պետք է ունենան տարեկան կտրվածքներ, պարունակեն բոլոր հիմնական ոլորտների համար ենթածրագրեր, նշված լինեն թույլատրելի շեղումների չափը եւ անհաղթահարելի խոչընդոտների նկարագրությունը։ Դրանք պետք է կազմված լինեն իրավիճակի գնահատման, ընթացքի կանխատեսման վերահսկման համար անհրաժեշտ որակական, քանակական (մակրոտնտեսական, տնտեսական, այլ վիճակագրական) հստակ ցուցանիշների հիման վրա։ 6. Նախընտրական քառամյա, պետական երկարաժամկետ եւ տարեկան ծրագրերի կառուցվածքը գործունեության մեջ դրվելու, վերահսկման եւ պատասխանատվության կարգը սահմանվում է հատուկ օրենքով։ 7. Ընտրություններում հաղթող կուսակցությունը կամ նախընտրական միավորումը առաջադրում է վարչապետի թեկնածու, հանձնարարում նրան իր նախընտրական ծրագրի հիմքի վրա մշակել քառամյա պետական ծրագիր, կազմել կառավարություն եւ ներկայացնել ԱԺ հաստատմանը։ 8. Եթե կազմվել է կառավարություն, բայց նա չի կարողանում կատարել քառամյա պետական ծրագիրը, ապա ՀՀ նախագահը առաջին տարվա վերջին ժողովրդին ուղղված ուղերձով զգուշացնում է ԱԺ մեծամասնությանն ու կառավարությանը այդ մասին։ Եթե երկրորդ տարվա ընթացքում ծրագիրը չի կատարվում եւ չկան դրա պատճառ հանդիսացող անհաղթահարելի խոչընդոտներ, ապա նախագահը ցրում է Ազգային ժողովը եւ նշանակում նոր ընտրություններ։ 9. Ծրագիրը չկատարելու համար ընդդիմադիր կուսակցությունները կամ այլ նախաձեռնող խմբեր կարող են ստորագրություններ հավաքելու ճանապարհով հանրաքվեի դնել ԱԺ նոր ընտրությունների անցկացման հարցը։ 10. Հանրապետության նախագահը պետք է ուղղակի ընտրությամբ ընտրվի եւ իրականացնի հայեցակարգի 8-րդ կետով նշված լիազորությունները։ 11. ՀՀ-ում պետք է ձեւավորվի տեղական ինքնակառավարման գործուն համակարգ։ ՀՀ վարչատարածքային բաժանումը պետք է փոխվի։ Հաշվի առնելով տեղական եւ տնտեսական որոշակի առանձնահատկությունները, մարզերի թիվը մոտ 25-ի պետք է հասցվի։ Բացի համայնքներից, ինքնակառավարումը պետք է իրականացվի նաեւ մարզերում (ինքնակառավարման երկրորդ մակարդակի)։ 12. Գործադիր իշխանության բոլոր մարմինները (ներառյալ ինքնակառավարման մակարդակները) պետք է հիմնականում գործեն նախապես ընդունված, ամրագրված ծրագրերի շրջանակներում։ Նշված փոփոխությունների ընդունմամբ մեր երկրում լուրջ առաջընթաց կարձանագրվի համաշխարհային ընտանիքի լիիրավ անդամ լինելու, ժողովրդավար հասարակարգ կառուցելու, հայ ազգային պատմական եւ մշակութային արժեքներ կրելու եւ պահպանելու պետության պատրաստակամության ուղղությամբ։ Հիմնավորումը ներկայացրել է Արշակ Սադոյանի ղեկավարած Ազգային Ժողովրդական դաշինքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել