Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 09,2004 00:00

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ 7 տարի առաջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գրեց իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը: 1997 թվականի հոկտեմբերին մամուլում տպագրված «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը Հայաստանի բնակիչների մեծ մասի կողմից ընկալվեց բացասաբար: Սակայն, կարծում եմ, որ պատճառը այդ հոդվածում արտահայտված մտքերը չէին եւ նույնիսկ ՀՀ առաջին նախագահի՝ Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշումը չէր: Պատճառն ընդհանուր բացասական վերաբերմունքն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, եւ Ղարաբաղն այստեղ որեւէ կապ չուներ: Առաջին նախագահի իշխանության օրոք մարդկանց կյանքը վատացավ 10 անգամ: Հազարավոր մարդիկ, ովքեր ունեին աշխատանք, կայուն եկամուտ եւ ապագայի վերաբերյալ ծրագրեր, 90-ականների սկզբին դարձան աղքատ եւ գործազուրկ: Մարդկանց տներից «հանկարծ» անհետացան լույսն ու տաքությունը: Հազարավոր մարդիկ արտագաղթեցին: Ոչ 1997 թվականին, ոչ էլ այսօր որեւէ իմաստ չունի բռնել մարդկանց օձիքից, եւ փորձել նրանց ապացուցել, որ այդ ամենը տեղի չէր ունենում Տեր- Պետրոսյանի չար կամքով: Որ գրեթե նույնը տեղի էր ունեցել Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում: Գրեթե, որովհետեւ կայսրության փլուզմանը հետեւող անխուսափելի արհավիրքներից բացի, մեր ժողովուրդը ստիպված էր տանել երկրաշարժի, պատերազմի եւ շրջափակման զրկանքները: Մարդկության ճնշող մեծամասնությունը ապրում է բնազդներով: Այդպես եղել է եւ կլինի միշտ ու ամենուր: Եթե մարդու սիրտը հովանում է անեծքներից, իմաստ չունի նրան խանգարել: Նույնպիսի (կամ նույնիսկ ավելի ահավոր) անեծքներ ժամանակակիցները թափում էին Ջորջ Վաշինգտոնի կամ Օլիվեր Կրոմվելի գլխին: Վերջինիս նույնիսկ հանեցին գերեզմանից, կախեցին հրապարակում, եւ նորից թաղեցին: Դա չխանգարեց ամերիկացիների եւ անգլիացիների հետագա սերունդներին՝ կառուցել այդ գործիչների արձանները: 1997-ի հոկտեմբերին հայաստանցիների ճնշող մեծամասնության համար բացարձակապես միեւնույն էր, թե ինչ մտքեր են շարադրվել «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածում: Ինչ էլ գրված լիներ այնտեղ, ինչպիսի փաստարկներ էլ բերվեին նախագահի կողմից, հիմնական զանգվածը վստահ էր. «Լեւոնն ամեն ինչ թալանել է, քանդել է երկիրը, եւ հիմա էլ ուզում է Ղարաբաղը ծախել թուրքերին»: Բնականաբար, ընդդիմությունը հենց դա էլ ասում էր՝ չնայած ընդդիմության ոչ բոլոր առաջնորդներն էին այդպես մտածում: Օրինակ, Վազգեն Մանուկյանն օժտված է բավականաչափ ինտելեկտով, որ այդպես չմտածի: Բայց քաղաքական պայքարն իր օրենքներն է թելադրում: Հավանաբար, քաղաքական գործիչը միշտ ստիպված է ասել ոչ թե այն, ինչ մտածում է, այլ այն, ինչ հաճելի է լսել իր ճառերի «սպառողներին»: Այն ժամանակ ակտուալ էր ազգային-ազատագրական վայնասունը, եւ ընդդիմությունը խաղում էր հենց այդ դաշտում: Իր հոդվածում Լ. Տեր-Պետրոսյանը բացատրում է, թե ինչու չի միացել այդ վայնասունին. «Ի՞նչ է, կրթությո՞ւնս չի ներում, խե՞լքս չի կտրում: Ես հեշտությամբ կարող էի քաջի եւ հայրենասերի համբավ ձեռք բերել, դառնալ ազգի կուռքը, Հայաստանի եւ Սփյուռքի միասնության խորհրդանիշը: Ինչ է, ուրեմն, խանգարում անել այդ ամենը(…) Խանգարում է ընդամենը պարզ քաղաքական հաշվարկը եւ մեր ժողովրդին փորձանքներից հեռու պահելու գիտակցությունը»: Այստեղ է, որ դրսեւորվել է հոդվածի ամենակարեւոր հատկությունը. Տեր-Պետրոսյանն այն գրել է ոչ որպես քաղաքական գործիչ, ոչ էլ նույնիսկ որպես նախագահ, քանի որ, հավանաբար, հոգեբանորեն պատրաստ էր հրաժարական տալու: Հոդվածը գրել է ժողովրդի առաջ պատասխանատու մտավորական եւ պատմաբան, եւ հենց այդ պատճառով այն արդիական է ոչ թե քաղաքական կոնյունկտուրայի (իշխանությունը վերցնելու կամ պահելու) տեսակետից, այլ բարձրացված հարցերի շուրջ հիմա՝ 7 տարի անց եւ հետագայում՝ 20-30 տարի անց խորհելու առումով: (Այն պայմանով, իհարկե, եթե սոցիալական, ազգային կամ կուսակցական ատելությունը չի խաթարել խորհելու ունակությունը): Քաղաքական գործիչը երբեք չի ասի (ինչպես գրել է Տեր-Պետրոսյանը). «Փոխզիջումն ընտրություն չէ լավի եւ վատի միջեւ, այլ՝ վատի ու վատթարի միջեւ, այսինքն՝ փոխզիջումն ընդամենը վատթարից խուսափելու միջոց է»: Քաղաքականությամբ զբաղվողը կասի (եւ ասում է). «Ես ձեզ կտամ լավը, լավագույնը, ամենաքաղցրը, ամենագեղեցիկը, եթե լինեմ (մնամ) իշխանության»: Կոնկրետ Ղարաբաղի հարցում քաղաքական գործիչներն ասում են. «Մենք կհասնենք այնպիսի փոխզիջման, որ Հայաստանի ու Ղարաբաղի համար լինի լավ, իսկ Ադրբեջանի համար՝ վատ: Եվ բոլորդ գոհ ու բավարարված կլինեք»: Քաղաքական գործիչը չի ասի. «Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ»: Փոխարենն ասվում է հակառակը. «Որքան հակամարտությունն առկախ է մնում, այնքան շատանում են մեր հնարավորությունները: Որքան երկար ճանապարհները փակ լինեն, այնքան դինամիկ է զարգանալու Հայաստանը: Տարիների ընթացքում գնալով մենք ավելի ու ավելի լավ տարբերակների ենք գալիս. «ընդհանուր պետություն» տարբերակն ավելի լավն է, քան փուլայինը, իսկ Քիուեսթինը՝ ավելի լավը, քան՝ «ընդհանուր պետությունը»: Երեկ Ցեղասպանությունը ճանաչել է Ֆրանսիան, վաղը կճանաչի ԱՄՆ-ը, մյուս օրը՝ Մոզամբիկն ու Բոթսվանան»: Այսպես որ գնա, ըստ այդ տրամաբանության, հաջորդ տարի Մինսկի խումբը Հայաստանին կտա ոչ միայն Ղարաբաղը, այլեւ՝ Արեւմտյան Հայաստանը: Դեմ կտանք միջազգային հանրությանը Սեւրի պայմանագիրը, եւ աշխարհի հզորները ձեռքերը կբարձրացնեն մեր փաստարկների հզորության առջեւ ու կիրականացնեն Հայ դատի բոլոր խնդիրները: Միայն թե այդ ամենը, ըստ Լ. Տեր-Պետրոսյանի, արկածախնդրություն է. «Մենք մի անգամ արդեն Ստամբուլը արյան ծով դարձնելով՝ կորցրել ենք Արեւմտյան Հայաստանը, իսկ մի այլ անգամ՝ պահանջելով Սեւրի դաշնագրով գծած տարածքները, կորցրել ենք Արեւելահայաստանի կեսը»: Իհարկե, ամեն մարդու անձնական գործն է խաբել, թե՞ ասել ճշմարտությունը, հայրենասեր ձեւանալ, թե՞ իրոք հայրենասեր լինել: ՀՀ առաջին նախագահը գերադասեց չխաբել եւ չձեւանալ: Իսկ ամենակարեւոր դասը, որ այսօր կարելի է քաղել «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածից, հետեւյալ միտքն է. խոսելով խնդրի շուրջ առաջացած թյուրիմացությունների մասին, Լ. Տեր-Պետրոսյանը գրում է. «Երկրորդ թյուրիմացությունն այն անհիմն պնդումն է, թե Ղարաբաղը շահել է պատերազմը, հետեւաբար կարիք չունի որեւէ զիջման գնալու: Դժբախտաբար, Ղարաբաղը շահել է ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտը: Պատերազմը շահում են այն ժամանակ, երբ հակառակորդը կապիտուլյացիայի է ենթարկվում: Պատերազմի եւ ճակատամարտի շփոթությունը շատ-շատերին է փորձանքի բերել»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել