Լսե՛ք ընդդիմությանը ԵԽԽՎ նստաշրջանի փակումից առաջ՝ երեկ առավոտյան Ստրասբուրգում ելույթ ունեցավ մեր պատվիրակության անդամ Արտաշես Գեղամյանը: Նա ելույթ ունեցավ «Նոր սկզբունքներ, որոնցով պիտի գնահատվի պետության ժողովրդավարական զարգացումը» բանաձեւի քննարկման ընթացքում եւ անդրադարձավ ինչպես ահաբեկչության կանխարգելման հարցերին, այնպես էլ այն կեղծիքին, որ ԵԽԽՎ ամբիոնն օգտագործելով տարածեցին ադրբեջանցիները՝ Հայաստանին մեղադրելով ահաբեկչական գործողությունների մեջ: Փոխանցելով իր ելույթի մանրամասները՝ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանն «Առավոտին» ասաց. «Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակներն անցած օրերի ընթացքում քանիցս հնչեցրին, թե Հայաստանն ահաբեկչության, մարդու իրավունքների ոտնահարման եւ թմրամիջոցների տարածման կենտրոն է: Այդ բոլոր ստահոդ մեղադրանքները, կարծում եմ, համոզիչ կերպով դատապարտվեցին իմ ելույթում: Ավելի՛ն: Տպավորությունը, որ ստացան ԵԽԽՎ պատվիրակները, այն էր, թե Հայաստանը շատ ջենթլմենական ու մեծահոգի կեցվածք ունի եւ Եվրախորհրդի ամբիոնից չի խոսում իր հինավուրց ու չսպիացող վերքերի եւ կորուստների մասին, մինչդեռ դրանից օգտվում են մեր հարեւանները: Եվ անարգանքի սյունին գամվեցին ադրբեջանցիները՝ Սումգայիթում, Գյանջայում, Բաքվում իրենց գործած ոճրագործությունների համար: Հիշատակեցի նաեւ Հիտլերի հայտնի բացականչությունը՝ «Հիմա ո՞վ է հիշում Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի մասին», որը նախերգանք հանդիսացավ հրեական Հոլոքոսթի համար»: Փաստորեն իր այս ելույթով պրն Գեղամյանը միացավ հայկական պատվիրակության այն միասնական հակահարվածին, որ նախորդ օրը դրսեւորվել էր ադրբեջանցիների ելույթներին ի պատասխան: Մեր հարցին՝ ինչպե՞ս բացատրել, որ Ստրասբուրգում հաջողվեց այն, ինչ չի հաջողվում Երեւանում՝ ընդդիմության եւ իշխանության համագործակցությունը, «Ազգային միաբանության» ղեկավարը պատասխանեց. «Խնդիրը պետք է դիտարկել ոչ պատվիրակության երկու թեւերի համագործակցության շրջանակում: Ընդդիմությունն, ինչպես միշտ, հավատարիմ է եղել հայ ժողովրդի ամենանվիրական շահերի հետապնդմանը: Իսկ իշխանության մոտեցումները, տվյալ պարագայում, համընկան ընդդիմության՝ վաղուց ի վեր որդեգրած քաղաքականությանը եւ, բնականաբար, տրամաբանական էր, որ հանդես եկանք միասնական ճակատով, որը ես նույնպես գնահատում եմ դրական: Եվ ընդհանրապես՝ եթե ուշի-ուշով հետեւեն մեր հարցադրումներին, ապա իրենք հաջողություններ կունենան ոչ միայն Եվրախորհրդում, այլեւ սեփական երկրում, ինչն ավելի կարեւոր է, քան եվրոպական տարբեր մայրաքաղաքներում համագործակցության շղարշ ներկայացնելը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ