Երեկ
աշխարհահռչակ բրազիլացի գրողին հյուրընկալեց ՀՀ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը:
«Իր բարեկամ Պաուլոյին» ներկայացնելու համար նախարարը գործի դրեց պոետական
ողջ բառաֆոնդն ու երեւակայությունը: Նա թվարկեց Կոելյոյի՝ իրեն ծանոթ ստեղծագործությունները՝
ափսոսալով, որ բրազիլական գրականությունը մեզ հայտնի է միջնորդավորված լեզվով՝ ռուսերենով:
Այնուհետեւ հիշեց բրազիլական էթնո-ջազի վարպետներին ու «Ավազահանքերի գեներալները»
ֆիլմը: «Մեծանուն արձակագիր Պաուլո Կոելյոն, կարծում եմ, համամիտ է, որ մեր գրականությունը
շատ աղերսներ ունի բրազիլական գրականության, մասնավորապես իրենց կենցաղային-հոգեբանական
վեպի հետ, որը սկզբնավորվեց 20-րդ դարից: Իրենք էլ հիմնականում արծարծում են գյուղացու,
բնիկի, հնդկացու կենցաղը, մարդկային հարաբերությունները, աստծո եւ մարդու խոհափիլիսոփայական
ընթացքը»,- շարունակեց գրողին ներկայացնել նախարարը: Այնուհետեւ պրն Հովեյանը 20-րդ
դարից տեղափոխվեց 10-րդ դար եւ ժամանակակից բրազիլացի գրողին համեմատեց Գրիգոր Նարեկացու
հետ. «Իզուր չի Պաուլո Կոելյոն իր «Ալքիմիկոսը» վեպում ասում՝ ի՞նչ է նշանակում երջանկություն:
Նա, ինչպես 10-րդ դարում մեր Նարեկացին, փնտրում է երջանկության մանրակերտը: Կոելյոն
ասում է՝ երջանկությունն այն է, երբ բազեն ճախրում է անապատի ավազների վրայով…Դե
եկեք ու հասկացեք»: Պ. Կոելյոն ասաց, որ մեծ պատիվ է ՀՀ մշակույթի նախարարի
հյուրը լինելը: «Ասում են՝ ձեր նախարարը նաեւ լավ պոետ է, երեւի մի օր իր բանաստեղծությունները
կկարդամ»,- հույս հայտնեց նա: Կոելյոն պատմեց, որ մինչ Հայաստան գալը, հայկական մշակույթին
հաղորդակցվել է սփյուռքահայ հատվածի միջոցով: Ձեռնպահ մնաց հայ գրականության մասին
դիտարկումներ անելուց, քանի որ այն քիչ է թարգմանված: «Մշակույթն իր լայն ընդգրկմամբ՝
ներառյալ երաժշտությունը, ամենօրյա կյանքը, հայկական խոհանոցը եւ այլն, այս 4 օրերի
ընթացքում Հայաստանից ստացված մշակութային տպավորություններս են: Ինձ հատկապես զարմացնում
է հայ ժողովրդի մեծ սերը եւ այն արժանապատվությունը, որով ներկայացնում եք ձեր երկիրը»,-
ասաց Կոելյոն: Նա հասցրել է շրջել Երեւանի փողոցներով, այցելել Ս. Փարաջանովի
տուն-թանգարան, «փորձել ընկալել այն ամենը, ինչով շրջապատված են հայերը, եւ այդ մանրուքների
մեջ հայկական մշակույթի ողջ հմայքը որսալ»: Բրազիլացի հանրահայտ գրողը նկատեց, որ
նման մշակույթ ունեցող երկրի մշակույթի նախարար լինելը մեծ պատասխանատվություն է:
Հուսաց, որ մեր պոետ-նախարարը գիտակցում է դրա ողջ ծանրությունը: Նա օրինակ բերեց
Բրազիլիայի մշակույթի նախարարին, որը երաժիշտ է եւ լավ երգեր գրելուց զատ, հրաշալի
կատարում է նախարարական պարտականությունները: Պ. Կոելյոն կայցելի նաեւ Վերնիսաժ,
Օշական՝ Թարգմանչաց տոնի առիթով, կհյուրընկալվի Սեւանում, Հաղարծինում, Ծաղկաձորում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ