Սիրիայի
կառավարության հրավերով սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 5-ը Դամասկոսում էր Կոմիտասի
անվան լարային քառյակը: Հանդիպեցինք քառյակի առաջին ջութակահար, ՀՀ ժողովրդական
արտիստ, պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանին: Ջութակահարը տեղեկացրեց,
որ Դամասկոսում հանդիսավոր նշվեց քառյակի 80-ամյակը, տեղի կոնսերվատորիայում վարպետության
դասընթացներ են անցկացրել քառյակի երաժիշտները (պետկոնսերվատորիայի պրոֆեսորներ Սուրեն
Հախնազարյան, Ալեքսանդր Կոսեմյան, Արամ Թալալյան), Սիրիայում ՀՀ դեսպանատանը կայացել
է իրենց համերգը (ծրագրում՝ միայն Կոմիտաս): Ամենահետաքրքրականը եղել է քառյակի երաժիշտների
ու Դամասկոսի սիմֆոնիկ նվագախմբի միակ ելույթը, որը կայացել է առանց դիրիժորի: Մեր
հետաքրքրությանը՝ ինչո՞ւ առանց դիրիժորի, պարոն Թադեւոսյանը պատասխանեց. «Այդ օրերին
Երեւանի պետկոնսերվատորիայի հրավերով Հայաստանում էին Դամասկոսի սիմֆոնիկ նվագախմբի
գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Միսաք Բարբուդարյանը եւ օպերային թատրոնի
տնօրեն դոկտոր Նաբիլը: Ի դեպ, նրանք հիացած էին մեր կոնսերվատորիայի ուսանողների
ձեռքբերումներով ու ոգեւորված՝ Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի գործունեությամբ:
Նախապես մեր եւ Միսաք Բարբուդարյանի միջեւ համաձայնություն կար, որ «Կոմիտաս» քառյակի
երաժիշտները ստանձնեն տեղի սիմֆոնիկ նվագախմբում առաջին ու երկրորդ ջութակահարների,
ալտահարների ու թավջութակահարների, կոնցերտմայստերների դերը: Եվ պետք է նշեմ, որ
Հենդելի, Մոցարտի, Շոստակովիչի ստեղծագործությունները ունկնդիրը լսեց հաճույքով»:
Մեր պնդմանը՝ «Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել սիմֆոնիկ համերգը առանց դիրիժորի:
Որեւէ անակնկալներ չեղա՞ն համերգի ընթացքում», ջութակահարն անկեղծացավ, ասելով, որ
«անշուշտ, դժվար էր: Համերգի ավարտին ես իմ պարտքը համարեցի հայցել ունկնդրի ներողամտությունը,
եթե ինչ-որ բան այնպես չէր»: Այնուհետեւ Հալեպի հյուպատոսության եւ հայկական
համայնքի ջանքերով կազմակերպվել է քառյակի մեկ համերգ եւս: Մեր դիտարկմանը՝
«Հալեպը առեւտրական կենտրոն է: Տեղացիների, այդ թվում եւ հայերի մեծամասնությունը
առեւտրականներ են: Դասական երաժշտության համերգի նկատմամբ հետաքրքրությունը դրանից
չնվազե՞ց», երաժիշտը հակադարձեց. «Ի դեպ, այդ մտավախությունը կար: Բայց դահլիճը լեփ-լեցուն
էր եւ ոչ միայն հայ ունկնդրով: Ի վերջո, թույլ տվեք նկատել, որ «Կոմիտաս» քառյակը
այն եզակի կոլեկտիվներից է, որն արդեն 80 տարի գործում է, եւ, ինչ խոսք, հետաքրքրություն
է առաջացնում»: Քառյակի 80-ամյակը, ինչպես տեղեկացրեց Է. Թադեւոսյանը, կնշվի
նաեւ Մոսկվայում: Իսկ ինքն անձամբ օրերս հրավիրված է մասնակցելու իր պրոֆեսորի՝ աշխարհահռչակ
ջութակահար Լեոնիդ Կոգանի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկոյին, որը կայանալու է
Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում: Տարօրինակ է ՀՀ մշակույթի
նախարարության լռությունը (համենայնդեպս՝ մինչ այսօր): Վստահորեն կարելի է փաստել,
որ նման երկարակյաց կոլեկտիվներ աշխարհում քիչ կան, ու զարմանալի է, որ արտերկրում
նշվում է քառյակի հոբելյանը, իսկ Հայաստանում՝ ոչ: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆՀ.
Գ. Մշակույթի նախարարության լրատվական բաժնից տեղեկացին, որ կառավարության որոշում
կա՝ 2005թ. ստեղծել հանձնախումբ, որը կզբաղվի Կոմիտասի անվան լարային քառյակի 80-ամյակի
տոնակատարություններով: