Վստահաբար
ասում է բրազիլացի գրող Պաուլո Կոելյոն ԵՊՀ մեծ դահլիճը երեկ լեփ-լեցուն էր
երիտասարդներով: Դժվարացա հիշել որեւէ հանդիպում, որի ժամանակ դահլիճում այդքան անկեղծ
ծափահարություններ հնչեին: Իսկ այդ դահլիճը հյուրընկալել է շատ շատերին՝ բարձրագույն
պաշտոնյաներից սկսած: Երեկ ուսանողների մոտ էր բրազիլացի աշխարհահռչակ գրող Պաուլո
Կոելյոն, ում ժամանումը Հայաստան իրականացրել էր «Համազգային» կրթական կազմակերպությունը:
Մինչ հանդիպումը, մի տեսակ վերապահումով էի մոտենում այն կարծիքին, թե բրազիլացի
այս գրողն այսօր նաեւ հայ երիտասարդների կուռքն է: Սակայն դրանում համոզվեցի գրողի
հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ հայտնաբերեցի, որ մեր երիտասարդները մեծ սեր են
տածում դեպի գրականությունը, փիլիսոփայությունը, եւ ամենակարեւորը՝ դեպի կյանքը:
Որովհետեւ Կոելյոյի գլխավոր բացահայտումներից մեկն այն է, որ կյանքը հրաշալի է, եւ
մարդը երբեք չպետք է վախենա ինքն իրենից, իր երազանքից, ինչպիսին էլ այն լինի: «Որեւէ
աշխատանքում ունեցեք ձեր թիրախը, սակայն իմացեք, որ շրջապատող աշխարհն էլ իր ուղղություններն
է թելադրելու ձեզ: Ամեն անգամ երբ գիրք եմ գրում, դա նման է նավարկության, որի ընթացքում
հաճախ նաեւ շրջապատող պայմաններն են ձեւավորում քո ընթացքը: Եվ երբ հասնում ես այն
երանելի կղզուն, դեպի ուր նավարկում էիր, ամեն անգամ քո հոգու մի անծանոթ մասնիկն
ես հայտնաբերում, ճանաչում ես ինքդ քեզ: Աշխարհում յուրաքանչյուր անձ ունի իր գիրքը,
որ պետք է գրի»: Ի դեպ, Պ. Կոելյոն ինքն ընտրեց այն երիտասարդներին, ովքեր
իրավունք կունենային իրեն հարց ուղղել. «Կյանքն ընտրանքներով է լի: Եվ իմաստնության
իմ բանաձեւը հետեւյալն է. իմաստուն է նա, ով ընտրություն անելու կարողություն ունի:
Դա կարող է լինել ճիշտ կամ սխալ որոշում, սակայն այն պետք է կայացնեք դուք եւ երբեք
չլսեք նրանց, ովքեր կփորձեն ձեր վզին փաթաթել իրենց կարծիքը: Իրականացրեք միայն ձե՛ր
երազները: Այստեղ գտնվելուս օրերին ինձ հրավիրում էին հուշակոթողներ ու թանգարաններ,
իսկ ես ասում էի՝ ինձ տարեք կարաոկեներ, ինտերնետ ակումբներ: Մենք պետք է ընտրենք
մե՛ր ուղին՝ ճիշտ թե սխալ: Բայց վերջում պարզվում է, որ ամեն դեպքում դու ճիշտ ես
եղել: Ես իմ կյանքում շատ սխալներ եմ թույլ տվել, եւ սխալներից գոյացած վերքերն ու
սպիներն իմ շքանշաններն են, եւ ես երբեք ինձ սխալի զոհ չեմ համարում»: Երբ
խնդրանք հնչեց՝ պատմել «11 րոպե» գրքի մասին, հեղինակը սիրով համաձայնեց: Այդ գիրքը
սեքսի մասին է, սակայն սեքս բառը կարելի է լիովին փոխարինել կյանք բառով, քանի որ
սեքսի յուրաքանչյուր պահն այստեղ կարելի է համեմատել մարդկային ավելի լայն փոխհարաբերությունների
հետ: Համեմատություններից մեկը հետեւյալն է: «Շատ հաճախ զուգընկերը ձեւ է անում,
թե հասել է օրգազմի, ընդհանրապես սեքսի մեջ կեղծիք կա նաեւ, եւ դա զուգընկերն անում
է՝ դիմացինին հաճույք պատճառելու համար միայն»: Երբ Կոելյոն հուզված պատմում էր այդ
ամենի ու պոռնկուհի Մարիայի մասին, ով հաճախ ստիպված է լինում սեքսով զբաղվել առանց
սիրո, դահլիճից մի տարեց դասախոս բղավեց. «Էլ ուրիշ թեմա չկա՞ խոսելու»: Կոելյոն
անտարբերությամբ վերադարձավ Մարիային: Եվ բացեց գաղտնիքը, թե գրքի գեղանկարիչն ինքն
է: Իսկ գրքում գեղանկարիչը սկզբից մինչեւ վերջ կրկնում է դահլիճի տարեց դասախոսի
հարցը. «Արդյոք կա՞ սեքսից բացի խոսելու այլ թեմա, արդյո՞ք կյանքը միայն սեքսի մասին
է»: Այս հարցին, իհարկե, պատասխան չտրվեց, ինչպես, օրինակ, այն հարցին, թե կա՞ Աստված,
թե՞ ոչ: Կան հարցեր, որոնց պատասխանի չգոյության հետ պետք է հարմարվել. «Ավելի հետաքրքիր
է հարցերով լեցուն կյանքը, քան պատասխաններով»,- արեց իր հերթական բացահայտումը բրազիլացի
գրողը: Պ. Կոելյոյի սխալներից մեկն այն է եղել, երբ համաձայնել է իր հանրահայտ
«Ալքիմիկոսը» վեպը բեմադրել: «Բեմադրիչը պետք է լինի ընթերցողը, եւ ամեն մի ընթերցող
պետք է իր մտքում գիրքն ունենա միայն իր ընկալմամբ եւ ոչ՝ մեկ ուրիշի»: Իսկ
ինչու է Կոելյոն համաձայնել գալ Հայաստան. «Դուք պատկանում եք իմ երեւակայությանը:
Չգիտեմ, երբեւէ գիրք կգրե՞մ Հայաստանի մասին, բայց իմ հոգում Հայաստանը կա: Եվ կխնդրեմ՝
Ծիծեռնակաբերդում իմ տնկած ծառը երբեմն ջրեք»,- ասաց նա: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ