Որովհետեւ կարող են ընկնել շրջապատի «աչքից»
Զարգացած երկրներում վճարունակ յուրաքանչյուր ոք ունի իր հոգեվերլուծաբանը, որին վստահում է իր հոգեկան ապրումները, վախն ու անհանգստությունը՝ ձերբազատվելով կուտակված սթրեսներից: Հոգեբանի օգնությանը դիմելը ոչ զարմանք, ոչ էլ հետաքրքրություն կարող է առաջացնել նրան շրջապատող մարդկանց մեջ: Դա համարվում է առողջապահական մշակույթ՝ ազատվել առողջության վրա անդրադարձող ցանկացած վնասակար երեւույթից: Մեզ մոտ հոգեբանի (ոչ թե հոգեբույժի) ինստիտուտը ձեւավորված չէ: Հայ հասարակությունը դեռ չի հասել այն գիտակցությանը, որ հոգեբանի օգնությամբ կարող է կանխել սթրեսների վտանգավոր հետեւանքները, որպեսզի դրանք չհանգեցնեն հոգեկան հիվանդության առաջացման: Պատճառը բոլորովին էլ անվճարունակությունը չէ: Անձնական հոգեբան ունենալ իրենց կարող են թույլ տալ շատերը, բայց չեն դիմում կամ էլ այդ ծառայությունից օգտվում են գաղտնի: Ինչպես արդեն նշեցինք, պատճառը հասարակության դեռեւս բացասական վերաբերմունքն է այդ երեւույթի նկատմամբ: Այս նույն կարծիքին էին նաեւ երեկ մեկնարկած Հոգեբույժների միջազգային գիտաժողովի մասնակից մեր զրուցակիցները: Պարսկահայ պրոֆեսոր, հոգեբույժ Հարմիկ Դավիդյանը խնդիրը բացատրեց մերոնց անտեղյակությամբ. «Հարցը հայ ազգի հետ կապ չունի, որովհետեւ Իրանում բնակվող հայերը շատ են դիմում հոգեբանի օգնությանը»:
Մեզ մոտ այդ «ծառայությունը» մատուցում են հարազատները, ընկերներն ու ծանոթները, լսում ու խորհուրդ տալիս՝ ինչ անել: Բայց յուրաքանչյուր հոգեվիճակ չէ, որ կարելի է ներկայացնել նրանց, թեկուզ եւ այն պատճառով, որ այսօրվա բարեկամդ վաղը կարող է թշնամի դառնալ եւ ի չարը օգտագործել իմացածը: Հետո էլ՝ մասնագետին փոխարինել նրանցից որեւէ մեկը չի կարող, հետեւաբար կարիք կա փոխել հասարակության կարծիքը հոգեբանի ծառայության դերի ու նշանակության մասին: Որտեղի՞ց սկսել: Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը նախ համաձայնեց, որ չունենք հոգեբանի ձեւավորված ինստիտուտ, որ հասարակության կողմից պահանջ չկա, դրա համար էլ առաջարկ չկա. «Իսկ մեր կողմից առաջարկը ճիշտ չեմ համարում: Սա այն ոլորտն է, որտեղ որեւէ արհեստական ներմուծում սխալ է: Մարդու հոգու հետ կապ ունենալն ու դրա վրա ազդելը բավականին պատասխանատու գործ է»:
Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի հոգեբուժության եւ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարիետա Մելիք-Փաշայանը նույնպես կողմ էր, որ մեզ մոտ դեռ չկա հոգեվերլուծաբանի դպրոց, բայց կարծում է, որ այն արդեն ձեւավորվում է. «Ամեն տարի ավելի շատ երիտասարդներ են ձգտում դառնալ հոգեբաններ, ուրեմն զգում են, որ հասարակության մեջ նրանց պահանջը մեծանում է»: Հետաքրքրվեցինք, թե ինչու առաջնային օգնության օղակներում հոգեբան չկա. «Մի քանի պոլիկլինիկաներում կան հոգեթերապեւտներ, նրանց դիմողներ էլ կան: Բայց կարիքն ամենուր զգացվում է, հիվանդանոցներում, օրինակ, այդ հաստիքը պարտադիր է»:
Հոգեբանները անհրաժեշտ են բոլոր ոլորտներում՝ բանակում, դպրոցում, արտադրությունում եւ այլուր: Յուրաքանչյուր ոլորտն ունի իր նեղ յուրահատկությունը՝ հոգեկան ցնցման հասցնելու եւ դրանից դուրս բերելու առումով: Ու քանի դեռ առողջապահները լրջորեն չեն զբաղվել այս խնդրով, հասարակությունը շարունակելու է խուսափել հոգեբանի ծառայությունից:
Ինչ վերաբերում է հոգեբուժությանը, ապա այստեղ նույնպես խնդիրներ են կուտակվել: Վերջին երկու տասնամյակում մեր ժողովրդի կրած սոցիալական դժվարությունները, երկրաշարժը, պատերազմը եւ այլ ցնցումներ անհետք չեն անցել: Գիտաժողովի բանախոսների խոսքերով, աճել է հոգեկան հիվանդների թիվը: Խորհրդային տարիներին հաշվառված էր շուրջ 30000 հիվանդ, այժմ այդ թիվը որոշակի չէ, որովհետեւ նրանց հայտնաբերման ու հաշվառման աշխատանք չի տարվում: Իսկ հոգեբուժարաններում պառկած են հիմնականում «անհույս» հիվանդները: Պետության հնարավորությունները չեն բավարարում նաեւ հոգեմետ դեղերն անվճար ապահովելու համար: Դրանք թանկ են, ուստի բոլոր հիվանդները չէ, որ կարող են գնել: Այնինչ, հոգեկան հիվանդությունը վտանգավոր վիճակ է ստեղծում ոչ միայն հիվանդի, այլեւ շրջապատի համար:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ