Լրահոս
Օրվա լրահոսը

Թռչունյանի դեմ գո՞րծ կհարուցվի

Հոկտեմբեր 09,2004 00:00

«Կոռուպցիոն ռիսկերը»՝ ԲՈՀ-ում

Հայաստանում գիտությունների թեկնածուներին ազատում են բանակից: Հետեւաբար, բացի լուրջ, իսկապես գիտնական երիտասարդներից, գիտական կոչում են ստանում պատահական մարդիկ: Հասկանալի է, թե ինչպիսի ատենախոսություններ են նրանք պաշտպանում: Մանավանդ որ այդ աշխատություններն այլեւս պետք չէ Մոսկվա ուղարկել՝ հաստատման (ինչպես խորհրդային տարիներին էր), իսկ տեղական Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) կարող է ամեն ինչ լուծել «տնավարի»: Մի խոսքով, ինչպես կասեր Բագրատ Եսայանը՝ «առկա են կոռուպցիոն ռիսկեր»:

Նույն «ռիսկերը» կարող են ստեղծվել նաեւ արհեստականորեն՝ սեփական, իրավական ուժ չունեցող «կարգեր» սահմանելով: Բանն այն է, որ, ասենք, Ռուսաստանի հետ կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է, որ երկու երկրներում տրվող գիտությունների թեկնածուի, դոկտորի դիպլոմների, դոցենտի, պրոֆեսորի ատեստատների համարժեքության ճանաչումը եւ հաստատումը պետք է կատարվի ընդհանուր կարգի հիման վրա: Ռուսաստանն ընդունել է պարզեցված մի ընթացակարգ, որը պահանջում է միայն փաստաթղթերի պատճեն, լուսանկար եւ դիմում: Այսինքն` Հայաստանում պաշտպանած թեկնածուն մեխանիկորեն թեկնածու է դառնում նաեւ ՌԴ-ում: Սակայն հակառակ մեխանիզմը չի գործում. մեր ԲՈՀ-ը մի «կարգ» է մշակել, որի հիման վրա կատարվում են միջպետական համաձայնագրով նախատեսվող գործընթացները: «Կարգը» ոչ թե ամրագրում է կոչումների ճանաչում, այլ վերաորակավորում: Այսինքն՝ հայաստանյան «կարգը» գրեթե հավասարեցված է ատենախոսության պաշտպանությանը: Կարճ ասած՝ նման «ինքնաշեն» կարգը կարող է փող աշխատելու եւս մի ձեւ դառնալ:

ԲՈՀ-ի այդ «կարգով» հետաքրքրվել են նաեւ իրավապահ մարմինները, որոնք զգուշացրել են ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանին՝ «ուժի մեջ չմտած իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնեական լիազորությունների սահմանի անցում եւ առաջացնում է օրենքով սահմանված քրեական պատասխանատվություն»: Չի բացառվում, որ դրա հիման վրա Ա. Թռչունյանի դեմ քրեական գործ հարուցվի: Չնայած ավելի հավանական է, որ պրն Թռչունյանը «ըստ արժանվույն» կօգտագործի դատախազությունում իր կապերը:

ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել