Լրահոս
Օրվա լրահոսը

Պե՞տք է հայաստանին անկախություն

Հոկտեմբեր 09,2004 00:00

Պե՞տք
է հայաստանին անկախություն «Ես գտնում եմ, որ մեծ իրողություն
տեղի ունեցավ, որին համարժեք գրեթե չկա հայ ժողովրդի նախորդ հազարամյակի պատմության
մեջ, միեւնույն ժամանակ գտնում եմ, որ դեռ չենք հասկացել, թե մեր ինչին էր պետք անկախությունը
եւ ինչպես օգտագործել այն»,- այս կարծիքը երեկ արտահայտեց Ռազմավարական եւ ազգային
հետազոտությունների հայկական կենտրոնի կազմակերպած քննարկման ընթացքում ԱԺՄ նախագահ
Վազգեն Մանուկյանը: Քննարկման ժամանակ հրապարակվեցին նաեւ «ՀՀ տասներեքամյա անկախությունը
եւ ինքնիշխանությունը» թեմայով հարցման արդյունքները: Իր ելույթում պատմական
էքսկուրս կատարելով՝ ԱԺՄ նախագահը հանգեց նրան, որ վերջին 100 տարիների ընթացքում
հայ ժողովուրդն անկախություն չէր ուզում: 1988-ի համար էլ ասաց. «Մեր մտավորականությունն
անկախություն չէր ուզում: «Ղարաբաղ» կոմիտեն հռչակեց, որ անկախության ենք ուզում
գնալ, դա արդեն մեծ ճեղք առաջացրեց մտավորականության ու Շարժման միջեւ»: Պատճառը,
ըստ Վ. Մանուկյանի, վախն էր Թուրքիայից: Կամ ակնկալիքը, որ ռուսները Թուրքիայից հողերը
կվերցնեն ու կտան մեզ: Ի դեպ, սա բանախոսը համարում է «հիմարաբանություն մինչեւ վերջ»:
Ըստ նրա, այդ պահին անկախությանը, նույն դրդապատճառներով, դեմ էր նաեւ Դաշնակցությունը:
Ուստի՝ «Մենք անկախությունը ստացանք անկախ մեզնից»,- ասում է Վ. Մանուկյանը: Հիմնավորելով,
որ անկախությունն անհրաժեշտ էր տեսակի պահպանման եւ ազդեցության տարածման համար,
հետագա վերլուծություններում նա հանգեց հետեւյալին. «Մենք դեռ չգիտենք անկախությունը
մեզ ինչի համար է պետք, այն սխալ ենք օգտագործում, եւ այս ճանապարհով դժվար թե արդյունքների
հասնենք: Հիմա իշխանությունը փոխենք՝ Պողոսի տեղը բերենք Պետրոսին, որը նույնպես
չհասկանա ու գնա նույն ավտորիտար կամ այլ կիսաավտորիտար ճանապարհով, չեմ կարծում,
թե ինչ-որ բան կփոխվի»: Կոմունիստ (այժմ՝ միայն հոգով) Խորեն Սարգսյանը հետաքրքիր
է համարում, որ այսօրինակ կարծիքը հնչում է անկախության ջատագովներից մեկի կողմից.
«Եթե 13 տարի չեն հասկացել, թե ինչի համար էր անկախությունը, ուրեմն ավելորդ է այլ
բաների մասին խոսել»: Ուստի կոմունիստ Խորեն Թռչունիչը պահը բաց չի թողնում մեկ անգամ
էլ հավաստիացնելու, որ Հայաստանը պետք է վերականգնի սոցիալիստական ուղին՝ ԽՍՀՄ-ը
վերականգնել ԱՊՀ-ի տեսքով: Մեր խնդրանքով արձագանքելով ԱԺՄ նախագահի տեսակետին՝
«Արմատ» կենտրոնի անդամ Արա Սահակյանն ասաց. «Եթե այն ժամանակ նա անկախության արժեքը
չհասկացավ եւ հանրաքվեի երկրորդ օրը հրաժարական տվեց՝ չցանկանալով աշխատել անկախ
Հայաստանում, այսօր, 13 տարի անց էլ չի հասկանում եւ նսեմացնում է դրա արժեքն ու
ձեռքբերումները, ամբողջ պատմությունը խեղաթյուրում է, միայն մի բացատրություն կա՝
այն ամենը, ինչն իրենք չեն արել՝ վատն է: Դա կոմպլեքսավորված քաղաքական գործչին բնորոշ
բան է»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել