Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԿԱԽ՝ ՆԱԵՎ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՑ

Հոկտեմբեր 09,2004 00:00

Կարելի
է արձանագրել, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր
Ամալյանի փաստարկները չեն համոզում ոչ միայն միջազգային կառույցներին ու Հայաստանի
ընդդիմությանը, այլ անգամ ԵԽԽՎ-ում մեր իշխանամետներին: – Այլապես պատվիրակներից
գոնե մեկը կառարկեր ԵԽԽՎ նոր՝ 1405 բանաձեւի այն դրույթի դեմ, ըստ որի Վեհաժողովն
ակնկալում է, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում վերջին փոփոխությունների
հիման վրա՝ հնարավորինս շուտ կնորացվի ՀՌԱՀ կազմը, եւ արդարացի պայմաններ կստեղծվեն
մասնավորապես «Ա1+»-ին հեռարձակման արտոնագրեր շնորհելիս: Այսինքն՝ ենթադրվում է,
որ ՀՌԱՀ ներկա կազմը նման պայմաններ չի ապահովում, եւ «Ա1+»-ի չվերաբացումը բացառապես
սուբյեկտիվ գործոնների հետեւանք է: Եվ ինչպե՞ս հասաք այս վիճակին: – Չեմ կարծում,
թե փոփոխությունները պիտի գնահատվեն իմ վիճակի դինամիկայի իմաստով: Չեմ պատրաստվում
նաեւ մեկնաբանել կարծիքները: – Նույնիսկ՝ եթե դա Եվրախորհրդի՞ կարծիքն է:
– Իհարկե՛: Որեւէ մեկն ազատ է ունենալ իր փաստարկներն ու կարծիքը: Ինձ
համար հասկանալի չէ, թե օրենքի ո՛ր փոփոխությունների մասին է նշված բանաձեւում: Մեր
օրենսդրությունում, կարծեմ, չի արվել որեւէ փոփոխություն, որի համաձայն պիտի փոխվի
ՀՌԱՀ ողջ կազմը: Օրենքն ընդամենը սահմանել է, թե ՀՌԱՀ անդամների նշանակումները հետայսու
կատարվելու են մրցութային կարգով: Իսկ բանաձեւի շեշտադրումներից հետեւում է, թե օրենքը
սահմանել է, որ պիտի փոխվի կազմը: – Դուք շրջանցում եք հարցի այն հատվածը,
որ բանաձեւի այս դրույթի վերաբերյալ վերապահումներ չունեին ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության՝
անգամ իշխանությունը ներկայացնող պատվիրակները: – Ես երբեւէ ՀՀ պատվիրակությունը
չեմ տարբերակում իշխանական կամ ընդդիմադիր հատվածների: Ինքս շատ հանգիստ եմ
վերաբերվում այս բանաձեւին, եւ եթե նույնիսկ այնտեղ կան անճշտություններ՝ չեմ անդրադառնում
դրանց: – Այնուամենայնիվ՝ ի՞նչ անճշտություններ կան բանաձեւում: –
Յասկերնիայի հետ հանդիպումներ են եղել, փորձել է ինչ-որ բաներ ճշտել: Բայց քանի որ
նեղոլորտային է թեման՝ միշտ չէ, որ ասվածը կարող է համարժեք ընկալվել եւ արտացոլվել
փաստաթղթում: Ոչ համարժեք ընկալման մի արտահայտություն է բանաձեւի այն դրույթը, թե
ըստ օրենքի վերջին փոփոխությունների՝ ՀՌԱՀ-ը պետք է լրացուցիչ փաստարկներ ներկայացնի
հեռարձակման արտոնագիր շնորհելիս՝ «այդպիսով կանխելով կամայական որոշումների ընդունումը»։
Գուցե դեր ունի նաեւ թարգմանությունը, բայց Յասկերնիային միայն ասվել է, թե օրենքի
մեջ պահանջ է ավելացվել՝ մրցույթի պայմաններում մանրամասնել տեխնիկական պահանջները,
որն, ըստ էության, ավելի հստակություն է մտցնում եւ ավելի օբյեկտիվ դարձնում այդ
հատվածը: Նա սա ընկալել է իբրեւ հիմնավորումներ տալ եւ այդպես էլ ներկայացրել է փաստաթղթում:
– Նոր բանաձեւում նաեւ նշված է, թե 1374 բանաձեւի ընդունումից հետո ազատվել
է մի հաճախություն, որն առանց մրցույթի՝ միջկառավարական համաձայնությամբ, տրվել է
«Կուլտուրա» ալիքի վերահեռարձակմանը: Սրանով ակնարկվում է, որ բաց է թողնվել «Ա1+»-ին
արտոնագիր տրամադրելու հարցը, որ ԵԽԽՎ մի շարք բանաձեւերի պահանջն է: – Ես
երբեւէ չեմ ընկալել որեւէ բանաձեւ, այդ թվում նաեւ՝ 1374-ը, որպես ուղղակի հանձնարարական
«Ա1+»-ին տրամադրել հաճախություն: Ամեն դեպքում՝ գործում է ՀՀ օրենսդրությունը, եւ
եթե լինեն մրցույթներ՝ «Ա1+»-ը մասնակցելու է մյուս մասնակիցների հետ հավասար պայմաններով:
Անկախ որեւէ բանաձեւից՝ չե՛ն լինելու արտոնյալ պայմաններ: «Կուլտուրա» ալիքի
վերահեռարձակման մասին. ՀՀ կառավարությունը բանակցություններ էր վարել ՌԴ կառավարության
հետ, իսկ բանակցային գործընթացը ժամանակագրորեն շատ ավելի երկար է, քան ներկայացվում
է վերջնական լուծման պահին: Երկկողմանի ցանկություն կար, եւ դրա համար չկային հաճախային
ռեսուրսներ: ՀՀ կառավարությունը դիմել էր HTB-ն վերահեռարձակող «Պարադիզ» ՍՊԸ-ին
եւ խնդրել զիջել իր իրավունքները: «Պարադիզը» գրավոր տեղեկացրել է, որ եթե միջպետական
համաձայնագիր է՝ պատրաստ եմ դադարեցնել ու հրաժարվել իմ իրավունքներից: –
ՀՌԱՀ-ն այլեւս մրցույթներ չի կազմակերպում՝ պատճառաբանելով, թե Երեւանում չկան ազատ
հաճախություններ: Կապի եւ տրանսպորտի նախարարը նշել է, թե ՀՌԱՀ-ին է տրամադրել հաճախությունների
ամբողջ ցանկը: Իսկ այդ ցանկից ակնհայտ է, որ չզբաղեցված են 33, 43, 53 եւ 63-ից բարձր
բոլոր հաճախությունները: – Երբ ասում եմ, թե ազատ կապուղիներ չկան՝ նկատի
ունեմ ոչ թե տեխնիկական վերահսկողության անհնարինությունը, այլ՝ որ հանձնաժողովը
չի տնօրինում, որովհետեւ չի ստացել իրավասու մարմնից: ՀՌԱՀ-ը խոսում է միայն այն
կապուղիների մասին, որոնք կապի նախարարությունից ստանում է որպես օգտագործելի եւ
շահագործման ենթակա հաճախություններ: Հարցազրույցը՝ ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել