Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՌԱՏՈՆ՝

Հոկտեմբեր 08,2004 00:00

ՓԱՌԱՏՈՆ՝ ՈՉ ԱՍՏՂԱՅԻՆ ՀՈՆՈՐԱՐՆԵՐՈՎ Հանրահայտ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը Հայաստանում է Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի (տնօրեն՝ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան) կողմից արդեն հինգերորդ տարին անցկացվող «XXI-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում՝ «Սերենադ» կամերային նվագախմբի (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) ընկերակցությամբ հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը։ Դաշնակահարը մինչ բեմելը, բացառության կարգով, կարճատեւ զրույց ունեցավ «Առավոտի» հետ։ Մեր հետաքրքրությանը, թե ինչպե՞ս է համաձայնվել ելույթ ունենալ Հայաստանում, քանի որ հասկանալի պատճառով նա չէր կարող ակնկալել «աստղային» հոնորար, Ա. Լյուբիմովը՝ շրջանցելով հոնորարի հետ կապված հարցը, պատասխանեց. «Ծանոթանալով այս փառատոնում հրավիրված երաժիշտների ցանկին, ես զարմացած եմ։ Օրինակ՝ աշխարհահռչակ «Քրոնոս» քառյակը (ԱՄՆ), որն, ի դեպ, ընդամենը երկու անգամ է ելույթ ունեցել Ռուսաստանում, այն էլ՝ հանրահայտ մաֆիոզ (դաշնակահարի բնութագրումն է-Ս. Դ.) Սլավա Չեպորուխինի ջանքերով, իմ մեջ զարմանք առաջացրեց։ Եվ ոչ միայն այս քառյակի ելույթը»։ Դաշնակահարը ե՛ւ զարմացած է, ե՛ւ հիացած, որ փառատոնի շրջանակներում արդեն հանդես են եկել աշխարհահռչակ թավջութակահարներ Դավիթ Գերինգասը (Գերմանիա), Սթիվեն Իսերլիսը (Մեծ Բրիտանիա), Լոնդոնի «Սիմֆոնիետա» կամերային նվագախումբը, ֆրանսիացի դաշնակահար Ֆրանսուա-Ժոուել Դիոլյեն, Յուրի Բաշմետը՝ իր կամերային նվագախմբով եւ այլք։ Աշխարհահռչակ երաժշտին խնդրեցինք իր կարծիքն ասել հայ երաժիշտների մասին։ Ըստ Ա. Լյուբիմովի՝ հայ երաժիշտներն էլ են անցել ու անցնում աշխարհում հայտնի ռուսական դպրոցով։ «Իսկ ինչո՞ւ արդեն տարիներ շարունակ, ավելի ճիշտ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, ռուս հանրահայտ երաժիշտները, ինչպես եւ հայերը գերադասում են ապրել ու ստեղծագործել արտերկրում» դիտարկմանը դաշնակահարն ասաց. «Այո, այսօր ռուս շատ հայտնի դեմքեր արտերկրում են։ Եվ դա շատ լավ է։ Աշխարհը, ավելի ճիշտ՝ երիտասարդ սերունդը ոչ միայն գրականությունից է տեղեկանում, այլ ապրելով տվյալ երկրում կողք-կողքի, մեծ հնարավորություն է ունենում շփվելու այս կամ այն մեծանուն երաժշտի հետ։ Օրինակ, ես դեռ խորհրդային տարիներին, երբ ռուս եւ ոչ մի երաժիշտ չէր ապրում ու ստեղծագործում արտերկրում, 10 տարի բնակվեցի Փարիզում։ Հպարտանում էի, որ Մոսկվայի կոնսերվատորիայի սան եմ, ավելին՝ վերջին ուսանողն եմ եղել աշխարհահռչակ Նեյհաուզի։ Վիրավորվել պետք չէ, այլ հակառակը՝ պետք է հպարտանաք, որ արտերկրում ունեք ստեղծագործող, տաղանդավոր հայ երաժիշտներ»։ Փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանին խնդրեցինք, այնուամենայնիվ, տեղեկացնել, թե ինչպես է իրենց հաջողվում՝ արդեն տարիներ շարունակ, լուծել հրավիրված աշխարհահռչակ երաժիշտների հոնորարների հարցը։ Մենեջերի կարծիքով, շատ կարեւոր են անձնական կապերը։ «Օրինակ, Բաշմետը հարգում է Ստեփան Ռոստոմյանի անձը, եւ հնարավոր է, որ մերժի պաշտոնական հրավերը, բայց հանուն ընկերության ընդունի այն։ Ասածիցս, կարծում եմ, հասկանալի է, որ աշխարհահռչակ երաժիշտներին մեր կողմից առաջարկվող կամ տրվող հոնորարները, կարելի է արդեն ենթադրել, որ սիմվոլիկ են»,- ասաց Ս. Հովհաննիսյանը, շարունակելով, որ նման դասական փառատոներ (նկատի ունի իրենց կողմից կազմակերպվող փառատոնային 5 տարիները) անցկացվում են, օրինակ՝ Թուրքիայում, Վրաստանում եւ այլ երկրներում միայն տվյալ երկրի առաջին դեմքերի բարձր հովանավորությամբ։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Այսօրվա համերգում կհնչեն Մոցարտի դաշնամուրի թիվ 21 կոնցերտը (մենակատար՝ Ա. Լյուբիմով), Ա. Դվորժակի եւ Ա. Չաուշյանի սերենադները՝ գրված կամերային նվագախմբի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել