Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՓՐԱԾ

Հոկտեմբեր 08,2004 00:00

ՍԱՓՐԱԾ ԳԼԽՈՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Իշխանության հիմնասյունը փոքրամասնությունների կոնսոլիդացիան է Շատ է խոսվել-գրվել այն մասին, որ Հայաստանում քաղաքական զարգացումներն ընթանում են սխալ ուղղությամբ, որ Ղարաբաղի հարցում տանուլ ենք տալիս, որ բնակչությունը գնալով աղքատանում է, որ կոռուպցիա է, եւ այլն: Մի խոսքով՝ ապագա չկա: Բացի նարդի խաղացողներից ու լրագրողներից, այս մասին՝ ամոթից աչքերը կախ, խոստովանում են նաեւ ոչ ամենաբարձր քաղաքական գործիչները: Իսկ ամենաբարձրերն այս մասին խոստովանում են առանց աչքերը թաքցնելու՝ բացատրելով, թե ինչքան լավ է, որ ապագա չունենք: Միաժամանակ, բացի Քոչարյանի ոչ լեգիտիմությունից ու ընդդիմության անճարակությունից, այս երեւույթների բացատրության համար շատ չենք խորանում: Իրականում պետական պաշտոնյաները ամենեւին էլ տականքներ չեն՝ երկրի թշնամիներ: Շատերին անձամբ եմ ճանաչում. հայրենասեր, բարի մարդիկ են: Ուրեմն ինչո՞ւ են նրանց բարի ցանկությունները մեզ հասցրել այս հանգրվանին, երբ այլ ելք չես տեսնում, քան ամեն ինչ ջնջել-նորից սկսելը: Մինչդեռ Հայաստանը եզակի չէ իր անապագա իրականությամբ՝ պատմության ընթացքում շատ երկրներ անցել են այս ճանապարհով, շատերն անցնում են, ու շատերն էլ դեռ կանցնեն, եթե մեզ նման պատմությունից ու տեսությունից դասեր չքաղեն: Քաղաքագիտության դասական Մաքս Վեբերը նման համակարգերը անվանում էր պատրիմոնիալ: Սրանք արդեն միայն արյունակցական կապերով կապված պատրիարքային համակարգեր չեն, այլ ավելի զարգացած, քանի որ արդեն կան ինչ-ինչ ինստիտուտներ, տիրապետում են ավելի շատ տարածքների, քան մի ցեղը կարող է կառավարել եւ ուրեմն՝ ստիպված են համակարգի մեջ ներգրավել վարձկանների: Այստեղ է նման համակարգերի եւ ժողովրդավարության էական տարբերությունը: Պատրիմոնիալ համակարգում բյուրոկրատը հավատարմություն է դրսեւորում իրեն վարձած շեֆի նկատմամբ, իսկ հանրապետական համակարգում վարձողը հասարակությունն է, ով իր ազատ կամքով ձեւավորում է իշխանություններ ու նաեւ՝ բյուրոկրատիա: Նմանապես, այդպիսի համակարգերում բյուրոկրատիայի գործունեության հիմնական նպատակը շեֆի բարեկեցության եւ անվտանգության ապահովումն է, մինչդեռ ժողովրդավարական համակարգերում ադմինիստրացիան լոյալ է պետությանը, որն այս դեպքում ավելի շատ նույնանում է հասարակության, քան՝ շեֆի հետ: Խնդիրն ավելի սուր է ոչ լեգիտիմ իշխանության դեպքում, երբ բարձրագույն գործադիրին կարելի է նույնացնել պետության հետ միայն աներեսությամբ կամ շուստրիությամբ, բայց երբեք՝ բարոյապես կամ քաղաքականապես: Կառավարման արվեստն այս դեպքում կայանում է հետեւյալում՝ այնպիսի վարձկաններ վարձես, որ սրանք երբեւէ չփորձեն շուռ գալ շեֆի դեմ: Դրա համար սովորաբար վարձկանները լինում են փոքրամասնությունների եւ հասարակության կողմից մերժված շերտերի ներկայացուցիչներ, որոնց համար ակնհայտ է իրենց եւ հասարակության միջեւ եղած վիհը, եւ երբեւէ չեն փորձի շեֆից բարձր սուվերենության եզր գտնել: Այս տրամաբանությամբ ֆրանսիացիք ձեւավորում էին Արտասահմանյան լեգեոնը, անգլիացիք Արեւելյան Հնդկաստանում հիմնականում հավաքագրում էին ազգային փոքրամասնություններին, անգամ՝ շուդրաներին: Սակայն դրա փայլուն օրինակը Օսմանյան կայսրության հենարան ենիչերիներն էին, որոնք ձեւավորվում էին քրդերից, դրուզներից, ալավիներից՝ թուրքերի հանդեպ թշնամաբար տրամադրված ազգային, մշակութային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներից: Մեզանում ղարաբաղցիների հանդեպ դրսեւորվող թշնամանքը նրանց ավելի է կաստայացնում եւ օտարացնում հասարակությունից՝ կառավարական շրջանակները վերածելով գետտոյի: Բայց իզուր չէր ասում դասականը, որ ցեղային կապերը բավարար չեն եւ հավաքագրվում են նորանոր մերժվածներ՝ բանտից հրաշքով պրծած դաշնակներ, հասարակության կողմից արգահատելի արվամոլներ, սափրած գլուխներ եւ այլ փոքրամասնություններ: Ընդ որում, ռեժիմը անընդհատ ստիպում է իր սյուներին հնարավորինս հեռանալ հասարակությունից՝ սափրած գլուխներին ուղարկում է հայերին ծեծելու, ադմինիստրատիվ հրամայականը օլիգարխներին ստիպում է օրեցօր ավելի ու ավելի ֆանտաստիկ մեքենաներով շրջել, դաշնակներին՝ ազգային-ազատագրական հիմարություններ անել: Այս ամենը իշխանական կաստային ավելի է մեկուսացնում քաղաքացիներից՝ հույս չթողնելով, որ իշխանության փոփոխության դեպքում նրանք կդառնան հասարակության անդամ: Ինչպես գեյերի մասին հրահանգված խոսակցությունները, ադմինիստրատիվ այս մեթոդները փոքրամասնություններին ավելի են համախմբում գետտոյում, եւ նման քաղաքական-պրոպագանդիստական հնարքների հաջողության դեպքում կարելի է բացառել ներսից հեղաշրջումը: ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ Հ. Գ. Ռենեգատների մասին այս տեսությունը 90-ականների կեսերին մանրամասն մշակել ու ներկայացրել էր ականավոր քաղաքագետ Տիգրան Հայրապետյանը: Սակայն, ինչպես երեւում է, նրանից դասեր առավ ոչ թե հասարակությունը, այլ նրանք, ովքեր այն ժամանակ պատրաստվում էին իշխանությունն առնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել