Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 08,2004 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԵԽԽՎ երեկվա նիստից այս աննախադեպ իրադարձության մասին լուրը հաղորդեցին «Ա1+»-ը եւ «Ազատություն»-ը Ըստ Ստրասբուրգում այս լրատվամիջոցների թղթակիցների՝ Հայաստանի ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչներն առաջին անգամ Եվրախորհրդում ելույթ ունեցան առանց հակասելու միմյանց եւ գործում էին համատեղ: Ներկայացրել էին միասնական առաջարկներ՝ քննարկվող բանաձեւում փոփոխություններ կատարելու համար, ու բացի այդ՝ պատվիրակության մեջ կատարվել էր աշխատանքի բաժանում: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանն իր ելույթում տեղեկացրեց, թե Հայաստանում, ցավոք, չի հաջողվում իրականացնել ընդդիմության եւ իշխանությունների երկխոսության վերաբերյալ ԵԽ բանաձեւերի պահանջը՝ փոխարենն այդ երկխոսությունը ստացվում է Ստրասբուրգում. «Ես հուսով եմ, որ ընդդիմության եւ իշխանությունների միջեւ այս երկխոսությունը կանդրադառնա նաեւ Երեւանի վրա»: Թերեւս նման միասնաբար հանդես գալու խթանը նստաշրջանի նախորդ օրերին Ադրբեջանի պատվիրակների ելույթներն էին: Եվ երեկ բոլոր հայ պատգամավորներն իրենց ելույթներում նախքան բուն թեմային անցնելը՝ հարկ համարեցին անդրադառնալ ադրբեջանցիների փաստարկներին: «Այո՛, մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, սակայն դրանց լուծումը մեզ Ադրբեջանը չպետք է ցույց տա,- նշեց Արմեն Ռուստամյանը:- Ադրբեջանցիներն իրենց երկրի բոլոր խնդիրները կապում են Հայաստանի հետ: Մնում է, որ մեզ մեղադրեն իրենց քաղբանտարկյալների հարցում»: Շավարշ Քոչարյանը ադրբեջանցիներին կոչ արեց համեմատություններ չանցկացնել Բեսլանի եւ Ղարաբաղի միջեւ՝ նշելով, թե ԼՂ-ում մարդիկ պայքարում են իրենց հողի վրա ազատ ապրելու համար. «Նույն Շամիլ Բասաեւը, նախքան վերջին ահաբեկչություններն իրականացնելը, իր մարդկանց ուղարկել էր Ղարաբաղ՝ հայերի դեմ պատերազմելու: Հարգելի՛ ադրբեջանցիներ, քար մի՛ նետեք ձեր հարեւանի տան վրա, երբ ձեր տունը ապակուց է»: Ադրբեջանի պատվիրակ Մոլազադեն երեկ էլ իր ելույթում անդրադարձավ Ստրասբուրգում Ռոբերտ Քոչարյանի ելույթին. «Ի՞նչ կարելի է սպասել զավթիչ երկրից: Նրա նախագահն այստեղ բացահայտ հայտարարեց, թե հպարտանում է մեր տարածքների գրավմանը մասնակցություն ունենալու համար: Նման հայտարարությունից հետո Հայաստանը չի՛ կարող ԵԽ անդամ լինել: Այդ երկիրը վտանգ է ներկայացնում ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Եվրոպայի համար»: Նրան պատասխանեց Գուրգեն Արսենյանը. «Ես հենց նոր իմացա, որ իմ երկիրը վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար, իսկ միգուցե Չինաստանի՞ էլ: Ես այս ամբիոնից հիշեցնում եմ, որ իմ երկրի նախագահն ասել է, թե հպարտ է իր հայրենիքի պաշտպանությանը մասնակցություն ունենալու համար»: Հայաստանի պարտավորությունների վերաբերյալ բանաձեւում, որ երեկ ընդունեց ԵԽԽՎ-ն՝ հայ պատվիրակները նույնքան միասնաբար առաջարկել էին մի փոփոխություն, որի ընդունման դեպքում Ղարաբաղը կարող էր ներգրավվել բանակցային գործընթացում. «ԼՂ հարցի բանակցություններում էական առաջընթաց չի արձանագրվում, քանի որ, ի շարս այլ հանգամանքների՝ Ղարաբաղը բանակցություններին չի մասնակցում»: Սակայն այս փոփոխությունը չընդունվեց՝ 14 «կողմ», 32 «դեմ» եւ 2 «ձեռնպահ» քվեարկությամբ: Հայ պատգամավորների 11 առաջարկներից չընդունվեցին միայն 3-ը: Ղարաբաղի վերաբերյալ փոփոխությունից բացի՝ մյուս երկուսը հանվեցին մեր պատվիրակության անդամների համաձայնությամբ: Ահա թե ինչ արդյունքներ կարող է ունենալ ընդդիմադիրների եւ իշխանամետների միասնական ճակատով հանդես գալը: Նշենք, որ բացի ադրբեջանցի պատգամավորներից՝ ԵԽԽՎ այլ պատվիրակները դրական գնահատեցին Դիտարկման հանձնախմբի զեկույցը Հայաստանի պարտավորությունների վերաբերյալ: Ադրբեջանի մեկ այլ պատվիրակ՝ Ռաֆայել Հուսեյնովն առաջարկեց Հայաստանին զրկել Եվրախորհրդին անդամակցությունից. «ՀՀ-ն բազմաթիվ փաստաթղթերով զավթիչ է: Մենք այս պահին քննարկում ենք, թե այդ զավթիչ երկիրն ինչպե՞ս է իրականացնում ԵԽ-ի անդամի իր պարտավորությունները: Դուք փորձում եք ինչ-որ լրագրողի, մի քանի ցուցարարների շահեր պաշտպանել, սակայն աչք եք փակում այն հազարավոր ադրբեջանցիների վրա, որոնց Հայաստանը դարձրել է փախստական»: Նշենք, որ ե՛ւ «Ազատության», ե՛ւ «Ա1+»-ի թղթակիցները հաղորդեցին, որ Հայաստանի հարցի քննարկմանը ԵԽԽՎ 301 պատգամավորներից մասնակցում էին 40-50-ը՝ սա համարելով վկայություն մեր նկատմամբ Եվրախորհրդի անդամ երկրների վերաբերմունքի: Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Ի դեպ, «Ագո»-ի խմբի անունն այլեւս փոխվելու է, քանի որ դեսպան Ագոյին ԵԽ նախարարների կոմիտեի՝ Հարավային Կովկասի հարցով դիտարկում իրականացնող խմբում փոխարինել է ԵԽ-ում Գերմանիայի դեսպանը: Էլի մի նորություն Ստրասբուրգից՝ Եվրոպական ժողովրդական խմբակցության անդամ են դարձել Արտաշես Գեղամյանը եւ Կարեն Կարապետյանը՝ շուրջ 1 տարվա գործընթացից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել