Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆՆ

Հոկտեմբեր 08,2004 00:00

ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆՆ ԷԼ ՄԻ ԲԱՆ ՉԷ Այդ ընտրակարգը կարող է դառնալ կուսակցությունների՝ փող աշխատելու միջոց ՀՀ ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգի կողմնակից է: Նրանց փաստարկը այս է՝ 100 տոկոս համամասնական ընտրությունների դեպքում խորհրդարան չեն սպրդի քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ՝ թաղային հեղինակություններ, օլիգարխներ կամ քրեական տարրեր, որ այդ դեպքում փողը պակաս դեր կխաղա ընտրություններում: Սա այն դեպքում, երբ նույն ՀՅԴ համամասնական ցուցակում 2003-ի ընտրությունների ժամանակ ընդգրկվել եւ պատգամավորական մանդատ են ստացել Դաշնակցության եւ նրա գաղափարախոսության հետ կապ չունեցող մարդիկ՝ Միքայել Վարդանյան, Վլադիմիր Բադալյան, Արմինե Հովհաննիսյան եւ այլք: Նույնը կարելի է ասել նաեւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակից ՕԵԿ-ի մասին հենց թեկուզ վերջին՝ թիվ 44 ընտրատարածքի օրինակով կամ հիշելով 2003-ի ընտրությունների ժամանակ մարզային դպրոցներում գրիչ, մայկա ու «Օրինաց երկիր» կոնյակ բաժանելու օրինակները: Նորաստեղծ ՄԱԿ-ն էլ 2003-ին 5 տոկոսի արգելանքը հաղթահարեց միայն Երեւանում եւ նրան հարող ընտրատարածքներում ֆինանսական խոշոր «ներդրումների շնորհիվ»: Պարզապես համամասնականի դեպքում ավելանում է կուսակցությունների կողմից փող աշխատելու հնարավորությունը. նույն փողատերը, թաղային հեղինակությունը կամ քրեական տարրը այդ պարագայում «կմուծվի» հենց կուսակցություններին: Ինչ վերաբերում է արտախորհրդարանական կուսակցություններին, ապա՝ նրանք էլ կողմնակից են 100 տոկոս համամասնական ընտրությունների: Համամասնականի ընդդիմախոսների այն փաստարկը, թե՝ դրա մասին վաղ է խոսել, որովհետեւ քաղաքական դաշտն ու կուսակցությունները տակավին կայացած չեն, ՀՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի համար հասկանալի, բայց ընդունելի չէ: Միաժամանակ նա այն կարծիքին չէ, որ համամասնական ընտրակարգով ընտրությունները կդարմանեն մեր բոլոր դժբախտությունները: Ավելին, նա համոզված է նաեւ, որ առաջիկայում 100 տոկոս համամասնական ընտրություններն էլ որակական իմաստով ԱԺ-ն էականորեն ավելի լավը չեն դարձնի եւ համամասնական ցուցակներն էլ միայն քաղաքական կենսագրությամբ հարուստ թեկնածուներով չեն համալրվի: «Նույն կուսակցությունները, որպես պատրաստի կառույցներ, կօգտագործվեն քրեական տարրերի, օլիգարխների կողմից՝ պատգամավորական մանդատ ստանալու համար, չեմ բացառում, որ այդ դեպքում պատգամավորի մեկ մանդատի գինը կբարձրանա»,- ի պատասխան մեր մտավախությանը՝ խոստովանեց Խ. Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք ավելի հակված են, որ համամասնականի դեպքում էլ ցուցակում թեկնածուների հաջորդականությունը որոշի ժողովուրդը՝ քվե տալով կուսակցական ցուցակում ընդգրկված այս կամ այն թեկնածուին: «Սկանդինավյան երկրներում նման փորձ կիրառվում է, երբ ցուցակի հաջորդականությունը որոշում է ընտրողն ինքը»: Նա մասամբ համաձայնելով նաեւ մեր այն դիտարկմանը, թե մեծամասնական ընտրությունների ժամանակ ընտրող-պատգամավոր կապը, ուստիեւ՝ պատասխանատվությունը, ավելի կոնկրետ եւ հասցեագրված է, մինչդեռ մեր պայմաններում համամասնականը կարող է կոլեկտիվ անպատասխանատվության վերածվել (ի վերջո, համամասնական ընտրություններն էլ են կեղծվում), պրն Հարությունյանն ասաց. «Մասամբ դրա հետ կհամաձայնեմ: Դա իրողություն է, բայց մենք խոսում ենք ոչ թե թվեր նկարելու, այլ՝ նորմալ ընտրական համակարգի մասին»: ՀԺԱՄ կուսակցության նախագահ Սեյրան Ավագյանն էլ վերահաստատեց իր ղեկավարած կուսակցության դիրքորոշումը մասնավորապես ԱԺ համամասնության առնչությամբ: Նրա ասելով, ՀԺԱՄ-ը կողմնակից է 100 տոկոս համամասնական ընտրակարգին այն նույն փաստարկմամբ, որ դա կխթանի կուսակցությունների եւ ընդհանրապես՝ քաղաքական դաշտի կայացմանը՝ միաժամանակ չժխտելով, որ համամասնականը նաեւ կուսակցական ցուցակներում սպրդել ցանկացողների համար նպաստավոր կարող է լինել: «Հզոր հայրենիք» կուսակցությունը եւս 100 տոկոս համամասնական ընտրակարգի կողմնակից է՝ «նախորդ ընտրությունների դառը փորձը նկատի ունենալով»: Կուսակցության կազմբաժնի ղեկավար Շիրակ Թորոսյանն ասաց, թե մեծամասնական ընտրությունները ԱԺ-ն վերածում են թաղային հեղինակությունների ժողովի: Հակադարձելով այն փաստարկին, թե համամասնական ընտրություններն էլ այդ հնարավորության համար անխոցելի չեն, Շ. Թորոսյանն ասաց. «Խոսքը այն մասին է, որ կուսակցություններն ավելի շատ քաղաքականությամբ զբաղվեն, քան կուլիսային գործառույթներով: Այսօր մեծամասնականին կողմ ուժերի, ինչպես՝ «Ժողպատգամավոր» խմբի համար, միակ կռվանն այն է, որ քաղաքական դաշտը, կուսակցությունները չեն կայացել: Ինչ-որ տեղ նրանք ճիշտ են, բայց Հայաստանի նման երկրում ժողովրդի սպասելիքները պետք է կապված լինեն քաղաքական ուժերի հետ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել