Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԿՏԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Հոկտեմբեր 08,2004 00:00

ՀՀ սպորտպետկոմի եւ ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ քննարկվում են Աթենքի ամառային 28-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական պատվիրակության անհաջող մրցելույթների պատճառները:

Արդեն ավարտվել են մասնագետների ներկայությամբ հենակետային մարզաձեւերի՝ բռնցքամարտ, ազատ եւ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտեր, ծանրամարտ, ձյուդո, վերլուծությունները: Լրատվամիջոցները դրանց չեն մասնակցում եւ ընթացքի ու արդյունքների մասին տեղեկություններ ստանում են Սպորտվարչության լրատվական ծառայությունից: Ծանոթանալով դրանց՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մարզաձեւերի ֆեդերացիաները, հավաքականների հետ աշխատած մարզիչներն ու ընդհանրապես մասնագետները այդպես էլ չեն հասկացել, թե իրենցից իրականում ինչ է պահանջվում: Ըստ տրամադրվող ինֆորմացիայի, ելույթ են ունենում հիմնականում հավաքականների գլխավոր մարզիչները՝ օլիմպիական խաղերում գրանցված արդյունքների գլխավոր պատասխանատուները (եթե կուզեք՝ մեղավորները), որոնք հիմնականում վերապատմում են նախապատրաստության փուլում կատարված աշխատանքները՝ հավաքներ, մասնակցություն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, վարկանիշային մրցաշարերին եւ այլն, այսինքն այն, ինչ վաղուց հայտնի է բոլորին: Ըստ էության նրանց ելույթներում բացակայում են իսկապես մասնագիտական վերլուծությունները, ձախողումների համար չեն հնչում ինքնաքննադատական խոսքեր, ոչինչ չի խոսվում, ասենք, հավաքների կազմակերպման վայրերի ընտրության, դրանց ժամկետների ու տեւողության, մարզիկներին տրված ծանրաբեռնվածությունների աստիճանի ճիշտ կամ սխալ լինելու եւ վերջապես՝ Աթենքում մարզիչների ցուցաբերած մասնագիտական հմտությունների մասին: Միակ մարդը, որ իր սանի կրած անհաջողության համար ընդունել է մեղքի իր բաժինը, որքան տեղյակ ենք, ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանն է եղել:

Զարմանալի ու ցավալի է, որ քննարկումներին ներկա մասնագետներն էլ, չնայած ազատ ու անկեղծ արտահայտվելու հորդորներին, մեծամասամբ գերադասում են լռել, կարծես, խնդիրն իրենց ու իրենց մարզաձեւի դրվածքին եւ ճակատագրին չի վերաբերում:

Համոզված ենք, որ նման վերաբերմունքը, պահվածքը գործին ոչ մի օգուտ չեն բերի, ճշմարիտ իրականությունը մեջտեղ չի գա, չեն լինի անհրաժեշտ ճիշտ եզրահանգումներ, հետեւաբար, նաեւ՝ քայլեր, ու հասարակությունը կրկին կմնա մոլորության մեջ: Ժողովուրդը էլի չի իմանա, որ եթե ասվում է, թե պետությունը, ԱՕԿ-ը լիովին, առկա հնարավորություններից դեռ մի բան էլ ավելի, կատարել են օլիմպիական խաղերի նախապատրաստության փուլում իրենց ներկայացված բոլոր պահանջները, դա իրոք այդպես է: Ծրագրերը կազմել ու հաստատված ներկայացրել են հավաքականների մարզիչները, մարզչական խորհուրդները, ֆեդերացիաները:

Պետությունն ու օլիմպիական կոմիտեն էլ հաշվարկել են դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերն ու հատկացրել՝ շատ հաճախ դրանք մեծ դժվարությամբ հայթայթելով: Այստեղ գլխավորն այն է, թե մասնագիտորեն որքանո՞վ են ճիշտ կազմված եղել այդ ծրագրերը, հարց, որի պատասխանները գտնելուն էլ կոչված են քննարկումները:

Տողերիս հեղինակը նորմալ, լավ հարաբերությունների մեջ է նշված մարզաձեւերի մարզիչների, մասնագետների ճնշող մեծամասնության հետ ու կշարունակի բոլորին էլ մարդկայնորեն ջերմ վերաբերվել եւ խոնարհվել հայրենական սպորտին մատուցած ծառայությունների առջեւ, սակայն գործի, սպորտի շահերը պահանջում են ասել. պետք էր ճիշտ ժամանակին ընդունել, որ տապալումների գլխավոր մեղավորն իրենք են՝ հավաքականների մարզիչները, ու դեռ Աթենքում կամ Երեւան վերադառնալուն պես հրաժարական ներկայացնել: Այդպես նրանց վարկն ու հեղինակությունը ժողովրդի աչքում ավելի կբարձրանար: Եվ Աթենքից հետո հանրապետությունում այսքան լարվածություն չէր լինի:

Հիմա շատ կարեւոր է լինելու կողմնորոշվել, թե այսուհետեւ Հայաստանում ի՞նչ ուղղությամբ պետք է տարվի սպորտային քաղաքականությունը, ինչի՞ վրա է անհրաժեշտ առաջնային ուշադրություն դարձնել՝ մանկապատանեկան սպորտի՞, որ իսկապես պետական աջակցության անչափ մեծ կարիք ունի, թե՞ էլի մեր չափանիշներով մեծ գումարներ ծախսենք, որը շատ քիչ է միջազգային ասպարեզներում կայուն բարձր ցուցանիշներ ունենալու համար ու պարբերաբար հայտնվենք կոտրած տաշտակի առջեւ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել