Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը գոհ է ծրագրերի արդյունքից

Հոկտեմբեր 08,2004 00:00

Փոխանակման ծրագրերի ղեկավարների կարծիքով, Հայաստանում ձեւավորվել է երիտասարդների նոր սերունդ:

ԱՄՆ Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժնի հովանավորությամբ դեռեւս 1992 թվականից Հայաստանում իրականացվում են կրթական փոխանակման տարբեր ծրագրեր, ինչի արդյունքում ավելի քան 1000 դպրոցականներ, ուսանողներ, գիտնականներ, մանկավարժներ վերապատրաստվել եւ հետազոտական աշխատանքներ են վարել ԱՄՆ-ում: Այս ընթացքում հիշյալ ծրագրերի համար ԱՄՆ կառավարությունը Հայաստանին տրամադրել է 5-7 մլն դոլար (ճշգրիտ թիվը ամերիկացիները չեն նշում): Այս մասին երեկ ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Քիմբերլի Հարգը: Վերջինիս հաղորդմամբ, «ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ շատ լավ է խոսել ժողովրդավարությունից, բիզնեսից եւ այլ գաղափարներից, սակայն ավելի լավ է, երբ մարդիկ բարեկամական եւ գործնական հարաբերություններ են ստեղծում այլ ժողովուրդների հետ, հասնում փոխըմբռնման»: Սակայն միայն դա չէ պատճառը, որ ԱՄՆ կառավարությունը որոշել է Հայաստանում այսքան երկար ժամանակ նման ծրագրեր իրականացնել: Ինչպես նշեց Ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի ղեկավար Էլիզաբեթ Վինշիփը՝ Աֆղանստանի օրինակով, իրենց նպատակն է երիտասարդների մի նոր սերունդ ձեւավորել, ինչը Հայաստանում իրենց հաջողվել է: Ք. Հարգի բառերով, ծրագրերը պետք է իրականացնել այնքան, քանի դեռ երկիրն ունի դրա կարիքը. «Օրինակ, Ռուսաստանում այսօր USAID-ի միայն մեկ քառորդն է մնացել»:

Ի դեպ, փոխանակման ծրագրեր իրականացնող IREX կազմակերպության երեւանյան գրասենյակի ներկայացուցչի ոչ ճշգրիտ տվյալներով, այս ծրագրերով ԱՄՆ մեկնողների միայն 1 տոկոսը չի վերադառնում հայրենիք՝ թեպետ գնալիս պայմանագրում հատուկ կետով նշվում է վերադարձի պայմանի մասին: Եվ սա այն դեպքում, երբ մրցույթում իբրեւ չափանիշ ընտրված է դիմորդի որակական հատկանիշները, այդ թվում եւ՝ նվիրվածությունը սեփական ժողովրդին, եւ թե որքանով նա հետագայում կարող է օգտակար լինել Հայաստանին, ինչը հանձնաժողովը որոշում է հարցազրույցի ու շարադրության միջոցով: Գուցե ԱՄՆ-ում սովորելով՝ մարդիկ հասկանում են, որ իրենք ԱՄՆ-ին էլ կարող են օգտակար լինել եւ գնահատվել առավել թանկ, քան իրենց հայրենիքում, բայց չվերադարձողների տոկոսից ծրագրի ղեկավարներն առանձնապես դժգոհ չեն: Միեւնույն ժամանակ, IREX-ն իր առաջիկա ծրագրում, մագիստրոսի կոչումով անձանց արդեն հայրենիքում, թեկուզ պետական հիմնարկությունում աշխատանքի անցնելու դեպքում, 6 ամիս շարունակ կապահովի հավելյալ աշխատավարձով: Հայաստան վերադարձողներին նաեւ հնարավորություն է տրվում այլեւայլ ծրագրերի համար դրամաշնորհներ ստանալ ԱՄՆ-ից:

Տիկին Վինշիփը չհերքեց այն փաստը, որ հաճախ հայաստանցի երիտասարդները եւ հատկապես դպրոցահասակները չեն հարմարվում ամերիկյան ընտանիքների պայմաններին, ուր պետք է ապրեն ուսանելու շրջանում, եւ լուրջ խնդիրներ են առաջանում: Այդպիսի մի դեպք պատահել է Հայաստանի մարզերից մեկից Ինդիանա նահանգ գործուղված մի երիտասարդի հետ, որի համար ծրագրի ղեկավարներն ստիպված են եղել գտնել մի նոր, հարմար ընտանիք:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել