Լրահոս
Օրվա լրահոսը

Զիջումը լինելու է միակողմանի՞

Հոկտեմբեր 08,2004 00:00

Ադրբեջանը ուզում է հողերը եւ փոխարենը ոչինչ չի տալիս

Իսկ Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բարձր հովանու ներքո մի քանի օր առաջ անցկացրին հերթական ոչ պաշտոնական հանդիպումը՝ Դարթմության կոնֆերանսի շրջանակներում, որի կազմակերպիչը ամերիկյան կողմն է: Հայաստանից այդ կոնֆերանսին մասնակցել են Արամ Գ. Սարգսյանը (ՀԴԿ), Վաղարշակ Հարությունյանը («Հանրապետություն») եւ Հայկ Բաբուխանյանը (ՍԻՄ): Երեկ «Ազդակ» ակումբում տեղի ունեցած մամլո ասուլիսում այդ գործիչները պատմեցին կոնֆերանսի մասին: Արամ Գ. Սարգսյանը ասաց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բավականին ուշադիր ծանոթանում են տարին երկու անգամ տեղի ունեցող այդ հանդիպումների սղագրությանը, «եւ հետո դրանից եզրակացություն անելով՝ փորձում են կողմերին ներկայացնել այնպիսի դրույթներ, որոնք ընդունելի են երկու կողմերի համար»: Հանդիպումների ժամանակ ադրբեջանական կողմը կարծես համաձայնվում է փուլային տարբերակին, բայց մեկ պայմանով՝ «առաջին հերթին ետ վերադարձրեք հողերը», իսկ Հայաստանի ներկայացուցիչներն իրենց հերթին պնդում են՝ «սա միակ հաղթաթուղթն է, որը ձեզ տալու իրավունք չունենք, որովհետեւ եթե մենք ձեզ տալիս ենք հողերը, դուք Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսելու իմաստը կորցնում եք»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը: Վերջինս վստահ է, որ մենք մեր հակառակորդին լավ չենք ուսումնասիրել. «Այս պահին Ադրբեջանի ամենաթույլ տեղը այն հողերն են, որ ինքն ուզում է: Փոխանակ Հայաստանի իշխանությունները մտածեն, թե ինչպես կարելի է այս պահից օգուտ քաղել, առավելություն ստանալ, ոչինչ չեն անում: Հնարավոր է այս պահին այնպիսի համաձայնության գալ, որտեղ մենք կստանանք այդ առավելությունը: Նստել են եւ ուղղակի ասում են՝ հա, ճար չունենք, պիտի տանք»: Ըստ բանախոսի, ժամանակին ինքը երկրի ամենաբարձր պաշտոնյայի հետ է խոսել եւ վերջինս չի ժխտել, որ որոշակի տարածքներ պետք է տրվեն՝ փոխարենը առանց որեւէ բան ակնկալելու:

Արամ Գ. Սարգսյանի գնահատմամբ, այսօր մեր դիվանագիտությունը ուղղակի տկար է, եւ փոխարենը նա առաջարկում է իր տարբերակները. «Մենք առաջարկել ենք ԼՂՀ հիմնահարցի կարգավորման վեց տարբերակ, ցանկացած տարբերակ կարելի է ընդունել ու քննարկել: Ադրբեջանը բոլոր տարբերակներից հրաժարվում է, որովհետեւ դրանք կհանգեցնեն պարտության»,- կարծիք է հայտնում «Ազդակի» հյուրը: Այդ տարբերակները Դարթմության կոնֆերանսի շրջանակում ընթացող հանդիպումների ժամանակ հայկական ոչ պաշտոնական կողմը առաջարկել է ադրբեջանական ոչ պաշտոնական կողմին եւ վերջինս չի ընդունել: Իրենք ասում են՝ «տարածքները վերադարձրեք, ու երբ ասում են դա, մենք ասում ենք, ուրեմն դուք այդ դեպքում պարտավոր եք ԼՂՀ-ի եւ Հայաստանի հետ խաղաղության մասին պայմանագիր կնքել»,- ասվել է ադրբեջանցիներին: ՀԴԿ նախագահը չի հասկանում, թե ինչո՞ւ Հայաստանը չի կարողանում բանակցությունների ժամանակ այնպիսի դիրքորոշում ընդունել, որ Ադրբեջանն ինքը ստիպված լինի զիջել. «Խնդիրն այն է, որ մենք պետք է գնանք փոխզիջումների: Բայց այդ փոխզիջումները պետք է հստակ դրված լինեն պետական դիրքորոշման մեջ: Եթե Հայաստանն ասում է, թե իր համար ինչն է անընդունելի, օրինակ՝ պետք է ասի, որ Մեղրու միջանցքի տարբերակը իր համար ընդունելի չէ, սակարկելի չէ, իսկ երեք հայտնի տարածքների հարցում (Ֆիզուլի, Ջեբրայիլ եւ Զանգելան- Մ. Ե.) արդեն գրեթե համաձայնություն կա, որ պետք է անպայման վերադարձնեն, որովհետեւ դա պնդում է նաեւ Միացյալ Նահանգները, քանի որ իրենց շատ անհրաժեշտ է բացել երկաթգիծը մինչեւ Բաքու, ուրեմն սա արդեն դառնում է իրողություն»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել