Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ

Հոկտեմբեր 08,2004 00:00

ԵԽԽՎ երեկվա նիստից այս
աննախադեպ իրադարձության մասին լուրը հաղորդեցին «Ա1+»-ը եւ «Ազատություն»-ը Ըստ
Ստրասբուրգում այս լրատվամիջոցների թղթակիցների՝ Հայաստանի ընդդիմության ու իշխանության
ներկայացուցիչներն առաջին անգամ Եվրախորհրդում ելույթ ունեցան առանց հակասելու միմյանց
եւ գործում էին համատեղ: Ներկայացրել էին միասնական առաջարկներ՝ քննարկվող բանաձեւում
փոփոխություններ կատարելու համար, ու բացի այդ՝ պատվիրակության մեջ կատարվել էր աշխատանքի
բաժանում: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանն իր ելույթում
տեղեկացրեց, թե Հայաստանում, ցավոք, չի հաջողվում իրականացնել ընդդիմության եւ իշխանությունների
երկխոսության վերաբերյալ ԵԽ բանաձեւերի պահանջը՝ փոխարենն այդ երկխոսությունը ստացվում
է Ստրասբուրգում. «Ես հուսով եմ, որ ընդդիմության եւ իշխանությունների միջեւ այս
երկխոսությունը կանդրադառնա նաեւ Երեւանի վրա»: Թերեւս նման միասնաբար հանդես
գալու խթանը նստաշրջանի նախորդ օրերին Ադրբեջանի պատվիրակների ելույթներն էին: Եվ
երեկ բոլոր հայ պատգամավորներն իրենց ելույթներում նախքան բուն թեմային անցնելը՝
հարկ համարեցին անդրադառնալ ադրբեջանցիների փաստարկներին: «Այո՛, մենք բազմաթիվ
խնդիրներ ունենք, սակայն դրանց լուծումը մեզ Ադրբեջանը չպետք է ցույց տա,- նշեց Արմեն
Ռուստամյանը:- Ադրբեջանցիներն իրենց երկրի բոլոր խնդիրները կապում են Հայաստանի հետ:
Մնում է, որ մեզ մեղադրեն իրենց քաղբանտարկյալների հարցում»: Շավարշ Քոչարյանը
ադրբեջանցիներին կոչ արեց համեմատություններ չանցկացնել Բեսլանի եւ Ղարաբաղի միջեւ՝
նշելով, թե ԼՂ-ում մարդիկ պայքարում են իրենց հողի վրա ազատ ապրելու համար. «Նույն
Շամիլ Բասաեւը, նախքան վերջին ահաբեկչություններն իրականացնելը, իր մարդկանց ուղարկել
էր Ղարաբաղ՝ հայերի դեմ պատերազմելու: Հարգելի՛ ադրբեջանցիներ, քար մի՛ նետեք ձեր
հարեւանի տան վրա, երբ ձեր տունը ապակուց է»: Ադրբեջանի պատվիրակ Մոլազադեն
երեկ էլ իր ելույթում անդրադարձավ Ստրասբուրգում Ռոբերտ Քոչարյանի ելույթին. «Ի՞նչ
կարելի է սպասել զավթիչ երկրից: Նրա նախագահն այստեղ բացահայտ հայտարարեց, թե հպարտանում
է մեր տարածքների գրավմանը մասնակցություն ունենալու համար: Նման հայտարարությունից
հետո Հայաստանը չի՛ կարող ԵԽ անդամ լինել: Այդ երկիրը վտանգ է ներկայացնում ոչ միայն
Ադրբեջանի, այլեւ Եվրոպայի համար»: Նրան պատասխանեց Գուրգեն Արսենյանը. «Ես հենց
նոր իմացա, որ իմ երկիրը վտանգ է ներկայացնում Եվրոպայի համար, իսկ միգուցե Չինաստանի՞
էլ: Ես այս ամբիոնից հիշեցնում եմ, որ իմ երկրի նախագահն ասել է, թե հպարտ է իր հայրենիքի
պաշտպանությանը մասնակցություն ունենալու համար»: Հայաստանի պարտավորությունների
վերաբերյալ բանաձեւում, որ երեկ ընդունեց ԵԽԽՎ-ն՝ հայ պատվիրակները նույնքան միասնաբար
առաջարկել էին մի փոփոխություն, որի ընդունման դեպքում Ղարաբաղը կարող էր ներգրավվել
բանակցային գործընթացում. «ԼՂ հարցի բանակցություններում էական առաջընթաց չի արձանագրվում,
քանի որ, ի շարս այլ հանգամանքների՝ Ղարաբաղը բանակցություններին չի մասնակցում»:
Սակայն այս փոփոխությունը չընդունվեց՝ 14 «կողմ», 32 «դեմ» եւ 2 «ձեռնպահ» քվեարկությամբ:
Հայ պատգամավորների 11 առաջարկներից չընդունվեցին միայն 3-ը: Ղարաբաղի վերաբերյալ
փոփոխությունից բացի՝ մյուս երկուսը հանվեցին մեր պատվիրակության անդամների համաձայնությամբ:
Ահա թե ինչ արդյունքներ կարող է ունենալ ընդդիմադիրների եւ իշխանամետների միասնական
ճակատով հանդես գալը: Նշենք, որ բացի ադրբեջանցի պատգամավորներից՝ ԵԽԽՎ այլ
պատվիրակները դրական գնահատեցին Դիտարկման հանձնախմբի զեկույցը Հայաստանի պարտավորությունների
վերաբերյալ: Ադրբեջանի մեկ այլ պատվիրակ՝ Ռաֆայել Հուսեյնովն առաջարկեց Հայաստանին
զրկել Եվրախորհրդին անդամակցությունից. «ՀՀ-ն բազմաթիվ փաստաթղթերով զավթիչ է: Մենք
այս պահին քննարկում ենք, թե այդ զավթիչ երկիրն ինչպե՞ս է իրականացնում ԵԽ-ի անդամի
իր պարտավորությունները: Դուք փորձում եք ինչ-որ լրագրողի, մի քանի ցուցարարների
շահեր պաշտպանել, սակայն աչք եք փակում այն հազարավոր ադրբեջանցիների վրա, որոնց
Հայաստանը դարձրել է փախստական»: Նշենք, որ ե՛ւ «Ազատության», ե՛ւ «Ա1+»-ի
թղթակիցները հաղորդեցին, որ Հայաստանի հարցի քննարկմանը ԵԽԽՎ 301 պատգամավորներից
մասնակցում էին 40-50-ը՝ սա համարելով վկայություն մեր նկատմամբ Եվրախորհրդի անդամ
երկրների վերաբերմունքի: Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
Հ. Գ. Ի դեպ, «Ագո»-ի խմբի անունն այլեւս փոխվելու է, քանի
որ դեսպան Ագոյին ԵԽ նախարարների կոմիտեի՝ Հարավային Կովկասի հարցով դիտարկում իրականացնող
խմբում փոխարինել է ԵԽ-ում Գերմանիայի դեսպանը: Էլի մի նորություն Ստրասբուրգից՝
Եվրոպական ժողովրդական խմբակցության անդամ են դարձել Արտաշես Գեղամյանը եւ Կարեն
Կարապետյանը՝ շուրջ 1 տարվա գործընթացից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել