Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքն էլ է իրենցը, դատարանն էլ»

Հոկտեմբեր 07,2004 00:00

«Օրենքն էլ է իրենցը, դատարանն էլ» Մարդկանց քշում են պապական տներից Երեկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը Պուշկինի 34՝ պետության կողմից պահպանվող հասցեից վտարեց Թերեզա Բարսեղյանին՝ իր 12-ամյա դստեր հետ եւ Իրա ու Նորա Եդիգարյաններին (վերջինս ծանր հիվանդ է): Այս ընտանիքների գործերը գտնվում են դատական գործընթացների մեջ, սակայն վտարմանը դա չի խանգարում: Թերեզա Բարսեղյանը, որը ծնվել է այդ տանը, ապրում է օգտագործողի իրավունքով եւ քանդվող տան համար նրան տրամադրվելիք փոխհատուցման գումարը 6300 դոլար է՝ եթե ստորագրի պայմանագիրը: Սակայն Թերեզան հրաժարվել է ստորագրել, եւ «Հյուսիսային պողոտա» ԾԻԳ-ը դիմել է դատարան: Իսկ դատական փուլում գտնվող քաղաքացին զրկվում է անձին 1500 դոլար խրախուսական գումարից, հետեւաբար Թերեզա Բարսեղյանը պետք է ստանա 3600 դոլար: «Ես չեմ վերցնելու գումարը եւ պատրաստվում եմ դիմել դատարան,- իրերը հավաքելով պատմում էր Թերեզան,- օր չկա, որ դուռս չթակեն: Երեխայիս կտեղավորեմ ու կնստեմ հրապարակում: Այդ գումարով ոչինչ չեմ կարող անել, իսկ ուրիշ ելք չունեմ»: Երբ մենք զրուցում էինք Թերեզայի հետ, բակ մտան քաղաքապետարանի երկու ներկայացուցիչ, տեղեկացնելով, որ հոկտեմբերի 7-ին տարածքը պետք է ազատված լինի: Մյուս բնակիչը՝ Իրինա Եդիգարյանը այդ ամբողջ տան սեփականատերն է: Այժմ նրան եւս վտարում են տնից (600 քմ տարածք)՝ չճանաչելով ժառանգության իրավունքը: Տան առջեւ ԴԱՀԿ-ի աշխատակիցներին սպասում էին Հյուսիսային պողոտայի վրդովված բնակիչները: «Հյուսիսային» շարժման ակտիվիստ Վաչագան Հակոբյանը տեղեկացրեց, որ արդեն լցվել է մարդկանց համբերության բաժակը, կատարվում են կեղծիքներ, բռնություններ, որոնք անցնում են թույլատրելիի սահմանը. «Օլիգարխները, բարձրաստիճան չինովնիկները ցանկանում են տարածք ունենալ քաղաքի կենտրոնում, եւ քաղաքապետարանն ու ԾԻԳ-ը նրանց օգնում են մեր հաշվին: Այսօր տարածքի շուկայական արժեքը 1 քմ-ի համար 800-1200 դոլար է, իսկ քաղաքապետարանն ու ԾԻԳ-ը, հանդես գալով միջնորդի դերում, մեր սեփականությունը գնում են 200 եւ վաճառում 1200-3000 դոլարով: Մինչդեռ կան անհատ կառուցապատողներ, որոնք 1 քմ-ի համար առաջարկում են 800-1200 դոլար: Թող մեզ համար էլ այդպես հաշվեն: Եվ բավական չէ, որ խաբում են, դեռ մեզ տրված գումարի 10%-ն էլ պահվում է: Այսօր գնահատողը միայն «Արթին» ՍՊԸ-ն է՝ ի դեմս Հարություն Անտոնյանի: Մյուսներին դա արգելված է: Թե ում համար է դա արվում՝ պարզ է: Հյուսիսային պողոտայում արդեն տարածք ունեն «Պրոմեթեւս» հեռուստաընկերության ղեկավարությունը, նույն «Արթին» ՍՊԸ-ն, նախագահի առաջին օգնական Արմեն Գեւորգյանը եւ այս ցանկը կարելի է երկար շարունակել: Կան մարդիկ, որոնք այստեղ ժառանգաբար ապրում են 100 տարուց ավելի, մինչդեռ մեզ միայն գրություն է ուղարկվում՝ 5 օրվա ընթացքում ներկայանալ: Մեզ սպառնում են, պարտադրում (դատարանի միջոցով, որ էլի իրենցն է): Եթե տղա ունես բանակում, նրան անախորժություն է սպասվում, եթե այլ «թույլ տեղեր» ունես՝ աշխատում են այդ ուղղությամբ: Այս ամենաթողությունից հետո եղան մարդիկ, որոնք վախեցան ու դուրս եկան պայքարից»: Վերջերս կատարված մի դեպքի մասին պատմեց Վ. Հակոբյանը. «Լալայանց 23 հասցեում, Հայկ անունով մի մարդու տուն են ներխուժել կարմիր բերետավորները, ծեծել 11 տարեկան աղջկան, որն ուղեղի ցնցում է ստացել, տանտիրոջն էլ տարել, 5 օր պահել են: Երբ նա վերադարձել է, գույքը ջարդուփշուր էր արված, տունն էլ՝ քանդված»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել