Լրահոս
Օրվա լրահոսը

Ժորժիկին լավ են նայում

Հոկտեմբեր 07,2004 00:00

Ժորժիկին լավ են նայում Բայց նա «Առավոտի» նամակագիրներից միակն է, որ գոհ է իր կյանքից Սեպտեմբերյան նամականիից առաջինը անդրադառնանք SOS մանկական գյուղի նախկին աշխատակից Նարինե Ավագյանի բողոքին. «Երեքուկես տարի SOS-մոր օգնական եմ աշխատել՝ միշտ վայելելով երեխաների եւ գործընկերներիս սերն ու հարգանքը: Մի քանի ամիս առաջ իմ դեմ զրպարտություն էր գրել SOS-մոր թեկնածու Խանդութ Սիմոնյանը, ինչի պատճառով զրկվեցի աշխատանքից: Քանի որ նրան պաշտպանում էր SOS գյուղի նորանշանակ տնօրենը, մնացած աշխատողները ոչինչ չկարողացան անել: Ինձ չլսեց նաեւ ազգային կոորդինատոր Ա. Քոչարյանը, որը իբր տեղյակ չէր, որ գյուղից երեխաները փախչում են, որ տնօրենը պրոֆեսիոնալ չէ եւ երբեք չի հետաքրքրվում աշխատանքային խնդիրներով»: Նարինեն մտադիր է բողոքել SOS-ի արտերկրացի հիմնադիրներին: Ինչպես միշտ, շատ են կենսաթոշակառուների բողոքները: «Հայաստանի սովամահության դատապարտված թոշակառուների անունից ձեզ է գրում երեւանցի Ջուլիետա Սերգոյանը եւ խնդրում, որ նախագահին հասցնեք մեր պահանջը. բարձրացնել թոշակները մինչեւ 50 հազար դրամ, այլապես բոլոր սովահարներով գրոհի կգնանք նախագահի նստավայրի ու կառավարության վրա»,- գրում է մեր նամակագիրն ու համոզված ավելացնում, որ «գիտենք, ձեր պահապանները կկրակեն իրենց պապերի ու հայրերի վրա»: Մեկ այլ թոշակառու՝ Եվգենյա Մուրադովան նույն կառավարությունից ու նախագահից պահանջում է իրեն ապահովել բնակարանով, քանի որ ծանր կյանքի ու կոմունալ պարտքերի պատճառով ստիպված է եղել վաճառել բնակարանը եւ այժմ ապրում է ծանոթի «չուլանում»՝ առանց հոսանքի, ջրի եւ զուգարանի: Նրա բողոքները անպատասխան են թողել Նոր Նորքի համայնքապետը, քաղաքապետը եւ մնացած պաշտոնյաները: Ծածկով ապահովված թոշակառուների մի խումբ էլ դժգոհել է, որ պատերազմի եւ աշխատանքի վետերանների 9 հարկանի հատուկ բնակելի տունը չի ջեռուցվում եւ «միայնակ տարեցները եւ հաշմանդամները ցրտահարվում ու մեռնում են»: Ջեռուցման խնդիրը չի լուծվում արդեն 3 տարի, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից բողոքներին պատասխանել են, թե հնարավոր է 2006-ին շենքի վերանորոգման հարցն ընդգրկվի Սոցներդրումների հիմնադրամի աշխատանքային ծրագրում: Ծերերը սարսափել են. «ուրեմն եւս երեք տարի վետերաններին սպասվում է ցրտահարություն եւ դանդաղ մահ»: Ի տարբերություն վետերանների տան բնակիչ Սերգեյ Կարապետյանի ներկայացրած անմխիթար վիճակի, Նորքի ծերանոցի բնակիչ Ժորժիկ Ալեքսանյանը շատ գոհ է իր ապրելակերպից էլ, ղեկավարությունից էլ, պետության վերաբերմունքից էլ. «Ես չեմ զգում, որ ծերանոցում եմ, թվում է՝ հանգստյան տանն եմ: Ինտերնատի աշխատակազմը նվիրված է ծերերին, սիրալիր են, սնունդը միշտ բարձր մակարդակի վրա է: Մինչեւ հիմա այսքան փաղաքշանք չենք տեսել ու մեր կյանքը 10 տարի ավելացել է այս հանգստյան տանը»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել