Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 07,2004 00:00

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԱԻԼԱՆԴԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈՐ Բաղրամյան 6 – Իսահակյան 46 շենքերի արանքում գտնվող 750 քմ պտղատու այգին 2003-ից սկսած ամբողջությամբ հատվեց՝ Թաիլանդի թագավորության պատվո հյուպատոսարան կառուցելու համար: Իսկ հետո ճարտարապետահատակագծային առաջադրանքի մեջ նշվեց, թե այդ 750 քմ-ն ամայի եւ անբարեկարգ տարածություն է: Այս տարածքի բնակիչներն անգամ դատական կարգով փորձեցին կանխել հողհատկացումը: Բնակիչները բողոքում են, որ Թաիլանդի 4 հարկանի հյուպատոսարանը կառուցվում է շինարարական նորմերի խախտմամբ՝ ի հաշիվ երկհարկանի շենքերում գտնվող իրենց բնակարանների լուսավորության: Ընդ որում՝ շինությունը կառուցվում է հարակից շենքերից 4-5 մետր հեռավորության վրա, նորմատիվներով նախատեսվող 10-12-ի փոխարեն: Բաղրամյան 6 շենքի բնակիչ Որմիզդուխտ Վարդանյանը մամուլին հայտնել էր, թե երբ այս ամենի մասին բողոք ներկայացրին դատարան՝ «Դատավորը ծանոթացավ մեր գործին, միանշանակ համաձայնեց, որ մեր բողոքն արդարացի է, բայց հաջորդ օրը որոշեց հօգուտ կառուցողի: Հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ նման որոշումը կայացել է «զորավոր» զանգից հետո»: Բնակիչները ենթադրում են, որ «զորավորը» եղել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը, որն այս շինարարությունն իրականացնող «Դիսքավրի թուր» ՍՊԸ ղեկավար ու Հայաստանում Թաիլանդի թագավորության պատվո հյուպատոս Արթուր Մկրտչյանի հորեղբոր որդին է: Լեւոն Մկրտչյանը մեր զրույցի ընթացքում հերքեց, թե ինքն այս հարցով դիմել է արդարադատության նախարարին կամ այդ գործը քննող դատավորին. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ այս ամենի հետ ես որեւէ կապ չունեմ: Որեւէ միջամտություն նույնպես չի եղել իմ կողմից՝ ո՛չ նախարար եղած ժամանակ, ո՛չ հիմա: Իմ հորեղբոր որդիները գործարարներ են եւ այս գործընթացը սկսել են տարիներ առաջ: Նրանց գործողություններն ամբողջությամբ օրենքի սահմաններում են՝ հաստատված դատարանների որոշումներով»: Լեւոն Մկրտչյանը նաեւ հայտնեց, թե այս գործընթացը սկսվել է դեռ 1999-2000 թվականներին. «Նրանց մի քանի տեղ հատկացումներ են արվել՝ քաղաքապետարանն այդ ժամանակ չի կատարել իր խոստումները, եւ փոխարենը տվել են այս տարածքը: Արթուր Մկրտչյանը չի էլ իմացել, որ սա կոնֆլիկտային տարածք է»: Իրոք՝ Բաղրամյան 6 – Իսահակյան 46 տարածքում հողհատկացումն արվել է իբրեւ փոխհատուցում Բժշկական համալսարանի մոտ ընկերության սեփականություն 480 քմ տարածքի դիմաց: «Այդտեղ բոլոր աշխատանքներն արդեն կատարված էին՝ նախագծեր, կոմունիկացիաներ եւ այլն: Բայց համալսարանի ուսանողները դիմել էին Երեւանի քաղաքապետին, որ այդ տարածքում կառուցեն զոհված ազատամարտիկի հուշարձան, եւ ես չէի կարող ընդդիմանալ»,- պատմեց Արթուր Մկրտչյանը: Թաիլանդի պատվո հյուպատոսը նույնպես հերքեց Լեւոն Մկրտչյանին վերագրվող դերակատարությունը. «Նրա անունն ընդամենը շահարկում են ու այս ամենին տալիս քաղաքական աստառ»: Արթուր Մկրտչյանը հերքեց, թե հյուպատոսարանը կառուցվում է նորմատիվային խախտումներով. «Ինչ վերաբերում է նրան, որ այնտեղ եղել են մրգատու ծառեր՝ մենք այս տարածք ենք մտել շատ ավելի ուշ, քան արվել է հողհատկացումը: Այդ ժամանակ անկյունի վրա միայն մի բարդի կար, որ հրշեջների հետ ենք հատել, քանի որ չորացած եւ շատ վատ վիճակում էր եւ ընկնելու էր բնակիչների տան վրա: Իսկ մնացածը՝ պայմանագիր ունենք կանաչապատման ընկերության հետ, եւ նրանք են կատարել բարեկարգումը: Նրանք կարող են պարզաբանել, թե ինչ ծառեր են տեղահանվել այնտեղ»: Հյուպատոսարանի նպատակահարմարությունը կարող է հարցականների տեղիք տալ, քանի որ Հայաստանի եւ Թաիլանդի միջեւ կարծես թե չկան սերտ շփումներ: Սակայն Արթուր Մկրտչյանը պնդեց. «Պատվո հյուպատոսությունն աշխատում է, տրամադրում մուտքի վիզաներ եւ իրականացնում դեսպանատան ամբողջ գործունեությունը: Իսկ Թաիլանդի եւ Հայաստանի միջեւ կապերը շատ սերտ են: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Թաիլանդից պատվիրակություն էր ժամանել՝ դասախոսների եւ ուսանողների փոխանակման առնչությամբ: Սա մի օրինակ է հազարից»: Ըստ նրա՝ Ռուսաստանում Թաիլանդի դեսպանի եւ ՀՀ նախագահի հանդիպման ընթացքում էր պայմանավորվածություն ձեռք բերվել այս հյուպատոսարանի վերաբերյալ: Սակայն ԱԳՆ-ն 22.07.2003-ին գրավոր տեղեկացրել է բնակիչներին, որ Երեւանի քաղաքապետարանից ստացված պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ հողատարածքն օտարվել է «Դիսքավրի թուր» ՍՊԸ-ին՝ սպասարկման օբյեկտ, այլ ոչ թե Թաիլանդի հյուպատոսություն կառուցելու նպատակով: «Չգիտեմ, թե ինչ ձեւով են հայթայթել այդ պատասխանը, բայց այն չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Արթուր Մկրտչյանը եւ հայտնեց, թե այդ նամակից հետո հանդիպել է ԱԳ նախարարին: Պարզաբանեց նաեւ, թե ինչու է հատկացված տարածքն այդքան մեծ՝ Հայաստանի եւ Թաիլանդի հյուպատոսարաններում կառուցվելու են մեր երկրներում արտադրվող ապրանքների ցուցասրահներ. «Տնտեսական գործունեություն չենք իրականացնելու: Ուղղակի ցանկանում ենք, որ մեր երկրների գործարարներն իմանան, թե ինչ հնարավորություններ ունեն Հայաստանը եւ Թաիլանդը: Մի հարկ էլ լինելու է մշակութային կենտրոն՝ ներկայացվելու է Թաիլանդի կյանքը՝ պատկերներով»: Ի դեպ, «Դիսքավրի թուր»-ը դիմել էր քաղաքապետարան, որ հաստատի այս նախագիծը: Եվ երբ որեւէ պատասխան չէր հետեւել՝ դիմել էին դատարան: Հիմա թեեւ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կա, որով Երեւանի քաղաքապետը պարտավոր է հաստատել նախագիծը, Երվանդ Զախարյանն առայժմ չի կատարել դատարանի որոշումը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել