ԵՐԵԿ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԵԽ ԽՎ-ն այսօր քննարկելու է Հայաստանի ստանձնած պարտավորությունների, այդ թվում՝ ԵԽԽՎ ս.թ. հունվարին եւ ապրիլին ընդունած բանաձեւերի կատարման ընթացքը: Իսկ նախօրեին ԵԽԽՎ-ն անդրադարձել էր նաեւ Ադրբեջանի պարտավորությունների կատարման ընթացքին եւ այդ երկրում ժողովրդավարական ինստիտուտների վիճակին: Հայտնի է, որ քննարկումը, մեղմ ասած, մխիթարող չի եղել ադրբեջանցի պատվիրակների համար: Սակայն ադրբեջանական մամուլը երեկ գտել էր իր համար ավելի «վարդագույն պատառիկներ»: Մասնավորապես, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան՝ օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան «Թրեյդ» գործակալության համար մեկնաբանելով իր հանդիպումները ԵԽ ղեկավարների հետ՝ ասել էր, թե՝ «Ընդհանուր առմամբ ԵԽ-ն գոհ է Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակից, եւ բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ այդ ոլորտում իրականացվող, մասնավորապես՝ բանտարկյալներին, այդ թվում՝ քաղաքական, ներում շնորհելու քաղաքականությունը, նաեւ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի գործադրումը»: Երեկ ԵԽԽՎ-ում ելույթ ունեցավ Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Հայաստանի պատվիրակության անդամներից Թուրքիայի վարչապետին հարցեր տալու համար հերթագրվել էին Շավարշ Քոչարյանն ու Արմեն Ռուստամյանը, սակայն նրանց կրկին հերթ չհասավ: ԵԽ այս նստաշրջանում սա արդեն երրորդ դեպքն է, երբ հայ պատվիրակները հարցեր տալու հնարավորություն չեն ունենում: Փոխարենը հարցեր տվեցին ռուսաստանցի պատգամավորները: «Դուք խոսում եք ահաբեկչության դեմ պայքարից, սակայն մենք փաստեր ունենք, որ այն ռուս քաղաքացիները, որոնք ահաբեկչությունների են մասնակցել, պատրաստվել են Թուրքիայում, եւ ահաբեկչություններ իրականացնելուց հետո բուժում են ստացել եւ թաքնվել կրկին Թուրքիայում»,- ասաց ՌԴ ներկայացուցիչ Աստրովսկին: Թուրքիայի վարչապետը ՌԴ ներկայացուցչին խնդրեց նախ պարզաբանել, թե խոսքը ում մասին է` ՌԴ քաղաքացիների՞, թե՞ ահաբեկիչների. «Դրանք տարբեր բաներ են: Ես առաջարկում եմ համագործակցել: Դրա համար մեր անվտանգության մարմինները չպետք է միմյանցից թաքցնեն իրենց ունեցած տեղեկատվությունը»: