Ներքեւները չեն ուզում, վերեւները չեն կարողանում Խորեն Սարգսյանին, Նորիկ Պետրոսյանին եւ Սանատրուկ Սահակյանին հակակոմունիստական քարոզչության համար Հայաստանի կոմունիստական կուսակցությունից հեռացնելու՝ ՀԿԿ բյուրոյի որոշումն ընդունվել է միաձայն, սակայն միարժեք չի ընկալվում ՀԿԿ շարքերում եւ շրջանային կառույցներում: ՀԿԿ Աշտարակի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար Գուրգեն Հովհաննիսյանը հավաստիացնելով, որ բյուրոյի որոշումը իրենց համար հիմք լինել չի կարող, հայտարարեց. «Որքան էլ զարմանալի է, մենք կուսակցության որոշումները տեղերում ստանում ենք լրատվական գործակալություններից: Ցավալիորեն իմացանք, որ բյուրոյի որոշում է եղել եւ Խորեն Սարգսյանին, Նորիկ Պետրոսյանին ու Սանատրուկ Սահակյանին հեռացրել են կոմկուսից: Փաստը շատ վատ արձագանք գտավ մեզ մոտ: Ես զրուցեցի սկզբնական կազմակերպությունների քարտուղարների, շարքային կոմունիստների ու հարյուրավոր համակիրների հետ եւ եկանք այն համոզման, որ որոշումը հակականոնադրական է, չի բխում կուսակցության շահերից եւ անձնական ինչ-ինչ խնդիրներ լուծելու հարց է»: Գուրգեն Հովհաննիսյանի եւ նրա համախոհների համար Խորեն Սարգսյանը, Նորիկ Պետրոսյանը եւ Սանատրուկ Սահակյանը կոմունիստներ են եւ կմասնակցեն կազմակերպվելիք բոլոր միջոցառումներին. «Հիշեցման կարգով ասեմ, որ երբ 1991-93 թվականներին Ռուբեն Թովմասյանը (ներկայումս ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը- Ն.Գ.) աշխատում էր ՀՀ կառավարության տրանսպորտի բաժնի վարիչ, հիշյալ երեք ընկերները շատ ծանր ու դժվարին պայմաններում կուսակցություն էին վերականգնում: Այս ընկերները մեծ հեղինակություն եւ հարգանք ունեն հազարավոր կոմունիստների ու համակիրների շրջանում: Այս ձեւով Թովմասյանը չի կարող ոչ մի առաջընթաց ունենալ: Այդ որոշումը խփում է ոչ միայն կուսակցության, այլեւ պետության եւ ժողովրդի շահերին: Մենք դա օրինական որոշում չենք համարում, քանի որ Թովմասյանն ինքը չենթարկվեց ՀԿԿ բյուրոյի որոշմանը, երբ 5:2 հարաբերակցությամբ նրան անվստահություն հայտնեցին»: Գուրգեն Հովհաննիսյանի կարծիքով, Ռ. Թովմասյանը քինախնդիր մարդ է, քննադատությունն ընդունում է շանտաժի տեղ: «Համոզված եմ, որ հանրապետության բազմաթիվ կոմունիստներ ու համակիրներ չեն ընդունի այս որոշումը: Հույս ունեմ, որ առողջ տրամաբանությունը վերջնականապես կհաղթի, Թովմասյանը չի կարող միանձնյա որոշել կուսակցության ճակատագիրը: Ի վերջո, մեր առջեւ ավելի մեծ խնդիրներ են, քան մեկը մյուսին հայհոյելը»: Պարոն Թովմասյանի՝ քաղաքից բացակայելու պատճառով չհաջողվեց ճշտել նրա վերաբերմունքը ներքեւների ըմբոստության առիթով: Սակայն հիշեցնենք, որ վերոհիշյալ ընկերներին կուսակցությունից հեռացնելը ՀԿԿ ղեկավարը միանգամայն օրինական է համարում: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ