Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ

Հոկտեմբեր 07,2004 00:00

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑԵՐ ԵԽԽՎ պատվիրակ եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն արդյոք կարո՞ղ է փաստարկված ապացուցել, որ ԵԽԽՎ Դիտարկման հանձնախմբի ընդունած բանաձեւի նախագծում զեկուցողը չի ցուցաբերել միակողմանի եւ կողմնակալ մոտեցումներ: – Ապրիլի 27-ից մինչեւ հունիս ընդդիմությունն անցկացրել է 6 հանրահավաք, որոնցից 5-ի անցկացումն արգելել է իշխանությունը: Սակայն Յասկերնիայի նախապատրաստած բանաձեւում նշված է, թե «հանրահավաքները շարունակում են լինել արտոնված», եւ իշխանությունները զերծ են մնացել հավաքների անցկացման ազատության չհիմնավորված սահմանափակումներից: Դուք սա համարում եք անաչա՞ռ գնահատական: – Նախ, արդեն պետք է խոսել ոչ թե Յասկերնիայի գնահատականների, այլ Դիտարկման հանձնախմբի հաստատած զեկույցի մասին: Ուստի այստեղ արդեն սխալ է անձնավորելը: Հանձնախումբը լսել է տարբեր տեսակետներ. նիստին ներկա էր նաեւ Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչը՝ Շավարշ Քոչարյանը, որը շարադրեց Ձեր նշած փաստարկները: Դրանք չընդունվեցին: Եվրախորհուրդն ունի իր գնահատումները, թե ճիշտ են մերժվել կամ սխալ, այսինքն՝ օրենքի խախտումո՞վ է այս կամ այն հարցը լուծվել, թե՞ ոչ: – Եվ նրանք իրոք խորացե՞լ են հիմնավորումների մեջ ու պարզե՞լ, թե ինչպես ստացվեց, որ Երեւանի քաղաքապետը հունիսի 4-ին արգելեց հանրահավաքը՝ պատճառաբանելով, թե «Արդարության» դեմ գործ է հարուցված, իսկ դրանից հետո, երբ Յասկերնիան ժամանեց Հայաստան՝ հանրահավաքն արտոնվեց, թեեւ դեռ կարճված չէր «Արդարության» դեմ գործը: – Այո՛, իհարկե խորանում են: Նրա՛նք են գնահատողը: Ես կարող եմ հայտնել իմ տեսակետը, որ կլինի սուբյեկտիվ, քանի որ իշխանությանը մաս կազմող կուսակցություններն իրենց ուրույն պատկերացումներն ու տեսակետներն ունեն, ընդդիմությունն՝ այլ: Բայց եթե դիմել ենք մեկին, որ մեզ դատի, ուրեմն՝ այս գնահատականները պիտի ընդունենք որպես արբիտրի տեսակետ: – Սակայն իշխանություն լինեք, թե ընդդիմություն՝ փաստեր կան, որոնք անհնար է անտեսել: Բանաձեւի նախագծում նշված է, որ իրավապաշտպանների եւ լրագրողների վրա հարձակումների վերաբերյալ քննություն է անցկացվել ու Վեհաժողովը տեղեկացվել է դրանք իրականացրածների նկատմամբ ձեռնարկված իրավական գործողությունների մասին: Մինչդեռ հետաքննվել է միայն ապրիլի 5-ի հարձակումը, իսկ ապրիլի 12-ի գիշերը լրագրողներին դաժան ծեծի ենթարկածներն ընդհանրապես չեն ենթարկվել պատասխանատվության: Իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա հարձակվողներն էլ բացահայտված չեն: – Չմոռանանք, որ 1374 բանաձեւն ընդունվել էր լրիվ այլ խնդրի արձագանքելու համար՝ կար ներքաղաքական լարվածություն, խոսքը գնում էր ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների եւ առճակատումների մասին, որոնց ականատեսը եղանք գարնանը: Իսկ ձերբակալությունները կամ կալանքները, որոնք այդ ընթացքում տեղի ունեցան՝ դիտարկվում էին այդ համատեքստում: Միքայել Դանիելյանն ի՞նչ կապ ունի այս խնդրի հետ: Երբ բանաձեւում նշված էր անհապաղ իրավական գնահատման արժանացնելու մասին՝ խոսքը վերաբերում էր այն անձանց, որոնք լուսաբանել են հանրահավաքները եւ ցույցերը: – Եվս մի դրույթ, որ խնդրահարույց է դարձնում զեկույցի անկողմնակալությունը: Անգամ պաշտոնական տվյալներով՝ ոստիկանությունն ամեն հանրահավաքից հետո բերման էր ենթարկում բազմաթիվ անձանց: Սակայն զեկուցողը միայն նշել է. «Սահմանադրությունը երաշխավորում է տեղաշարժման ազատությունը»՝ չանդրադառնալով, թե փաստացի ապահովվե՞լ է այդ իրավունքը: – Հիշեցնեմ, որ Դիտարկման հանձնաժողովը զեկուցողներին Հայաստան էր գործուղել ամռանը, եւ այդ օրերի հետ են կապված նրանց բոլոր գնահատումները: Իսկ այդ շրջանում այլեւս չեն արձանագրվել նման բաներ: – Մանավանդ որ՝ հունիսից դադարեցին հանրահավաքները: – Հենց դրա համար էլ չեն արձանագրվել: Նրանք եկել էին տեսնելու՝ այդ երեւույթներն այդ պահին Հայաստանում կա՞ն, թե՞ ոչ: Այլապես՝ եղածն ո՞ւմ միջոցով պիտի ճշտեին, ո՞վ է անաչառ գնահատողը՝ ընդդիմությունն ասում է՝ «եղել է», իշխանությունը՝ «չի եղել»: – Մի խոսքով, Յասկերնիայի զեկույցը համարում եք անաչա՞ռ: – Զեկույցը միշտ էլ կարող է կատարյալ չլինել: Բայց ընդհանուր առմամբ՝ այո՛, անաչառ է: – Անաչառ են նաեւ զեկույցում Ղարաբաղի՞ վերաբերյալ արձանագրումները, որ բանակցություններում առաջընթաց չկա, կամ որ Հայաստանը չի կարողանում ապացուցել, թե որքան մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանը Ղարաբաղի բնակչության գոյատեւման համար, ուստի պետք չէ շահարկել Բուդապեշտում հայ սպայի սպանությունը, քանի որ չկա «ագրեսիայի ընդհանուր քաղաքականություն»: – Այո՛, բանակցություններում առաջընթաց չկա՝ ճիշտ դիտարկում է: Իսկ երկրորդ գնահատումն այդպես չեմ ընկալել: Յասկերնիան ցանկացել է ասել, թե պետք չէ մի դեպքն այն աստիճան մեծացնել, որ իսկապես երկու պետությունների միջեւ ընդհանուր դառնա ատելությունը: Այո՛, մասնավոր դեպքը պետք չի բարձրացնել այդ մակարդակի: Բայց որ այդ դեպքը շատ լուրջ ազդեցություն ունեցավ ատելությունը մեծացնելու՝ սա էլ կա: ՆԱՏՕ-ի համաժողովի շրջանակներում մի գործընկերը կացնահարեց մյուսին՝ այստեղ ի՞նչ այլ մոտիվ կարող էր լինել, եթե ոչ՝ ազգայինը: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել