Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ՝ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ

Հոկտեմբեր 07,2004 00:00

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ՝ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ «Արդարություն» ժողով արեց եւ «ԸՕ»-ի հարց քննարկեց Սա այն դեպքն է, երբ կարելի է արձանագրել՝ «գաղտնի՝ ի լուր աշխարհի»։ «Արդարություն» դաշինքի անդամները երեկ փակ-գաղտնի ժողով էին անցկացրել՝ Դաշնակցությունից վարակվելով։ Մինչ Դաշնակցությունը որոշում է իր փակ ժողովները «պզդիկ մը» բաց անել, «Արդարությունը» հակառակն է որոշում՝ դաշինքի նիստերը անցկացնել գաղտնի։ Երեկվա գաղտնի նիստում էլ որոշել էին քննարկվող հարցերի մասին ոչինչ չասել, սակայն «մախաթը պարկում թաքցնել»-ը չհաջողվեց։ Երեկվա ընթացքում արդեն դաշինքի որոշ անդամներ հասցրին հայտարարություններ անել այստեղ ու այնտեղ, որ հոկտեմբերի 27-ին սպասվում է հանրահավաք կամ այդ կարգի միջոցառում, որի ժամանակ կհարգվի «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակը եւ որը կկրի «Ընդդեմ ահաբեկչության» խորագիրը։ Սակայն «Արդարության» նիստից անմիջապես հետո դաշինքի որոշ անդամներ այնքան գաղտնապահ էին, որ պարզապես զարմանալի էր. մասնավորապես, անգամ Արշակ Սադոյանը, որը սովորաբար ցանկացած ձայնագրիչի առաջ պատրաստ է խոսել, երեկ, համենայնդեպս, ոչինչ չէր ուզում պատմել նիստից. «Աշխատանքային խորհրդակցություն անցկացրինք, եւ քանի որ շարունակական է լինելու, որոշեցինք մինչեւ վերջնական արդյունքի չգալը որեւէ հարց չներկայացնել։ Քննարկվել են այսօրվա իրավիճակում հրապարակի վրա եղած հարցերը, բայց քանի որ քննարկման փուլ է, առայժմ թույլ տվեք ոչինչ չասել»։ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն ասաց հետեւյալը. «Մեր որոշումներին կհետեւեն կոնկրետ գործողություններ»։ Այսինքն՝ ի՞նչ աստիճանի կոնկրետ՝ իշխանությունը ուժո՞վ են վերցնելու։ Մանավանդ օրերս Վազգեն Մանուկյանը բացատրեց, որ սահմանադրական ճանապարհ է այն ճանապարհը, որից կարող է օգտվել ժողովուրդը իշխանությունը վերցնելու համար, քանի որ ըստ ՀՀ գործող Սահմանադրության՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Մեր հարցին՝ կոնկրետ ի՞նչ է ակնկալվում, Արամ Գասպարի Սարգսյանն ասաց. «Մենք պատրաստ ենք բոլոր այն քայլերին, ինչ որ կանխորոշել է Սահմանադրությունը»։ Այս օրերին իշխանական կոալիցիայում քննարկվող «Ընտրական օրենսգիրքը» բավականին խնդիրներ կարող է առաջացնել նույն կոալիցիայի ներսում, քանի որ Դաշնակցությունը պնդում է (առայժմ)՝ «Ընտրական օրենսգրքում» պետք է արձանագրվի 100 տոկոսանոց համամասնական համակարգը։ Ըստ էության, նույն կարծիքին է նաեւ ՕԵԿ-ը, որոշ չափով՝ ՄԱԿ-ը։ Ստացվում է, որ այս կռվում Հանրապետականը եւ «Ժողպատգամավորը» մենակ են մնալու։ Ու եթե այս իրավիճակում «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները որոշեն մասնակցել «Ընտրական օրենսգրքի» քվեարկությանը, իսկ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը բավարար համարձակություն ունենան չկատարել Ռոբերտ Քոչարյանի հրահանգներն «Ընտրական օրենսգրքի» մասով, ապա կարելի կլինի արձանագրել, որ կոալիցիայի ներսում այլեւս ոչ թե ճաքեր են, այլ՝ ճեղքվածքներ։ Հենց այս սցենարի հավանականությունը ստուգելու նպատակով «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչներին հարցրինք՝ հնարավո՞ր է «Ընտրական օրենսգրքի» քվեարկության ժամանակ ընդդիմադիր խմբակցությունը մասնակցի՝ կոնկրետ այդ հարցի հետ կապված միանալով, ասենք, Դաշնակցությանը. «Մենք ունենք «Ընտրական օրենսգրքի» մեր նախագիծը եւ այդ նախագծի տերն ենք։ Թե այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր կանենք՝ կերեւա առաջիկայում։ Մենք մեր դիրքորոշմանը հավատարիմ կմնանք. ո՞ւմ զինակիցը կդառնանք կամ ո՞վ մեր զինակիցը կդառնա՝ դա արդեն այլ հարց է»,- ասաց ՀԴԿ նախագահը։ Վիկտոր Դալլաքյանը եւ Արամ Գ. Սարգսյանը հիշեցրին, որ ընդդիմությունն ունի որոշում՝ կարեւորագույն հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց որոշումը, ինչից չեն էլ հրաժարվում։ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն ասաց, թե «Ընտրական օրենսգրքի» հետ կապված իր դիրքորոշումը ընդդիմությունն այլ քաղաքական ուժերով չի պայմանավորում. «Հիմնական, սկզբունքային մեր դիրքորոշումը երեք կարեւորագույն հարցերի է վերաբերում. 1. համամասնություններին (մենք կողմնակից ենք 100 տոկոս համամասնության), 2. հանձնաժողովների ձեւավորման հավասարակշռված լինելուն (որը նաեւ ԵԽԽՎ եւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունն է), 3. վստահված անձանց իրավունքների մեծացման։ Այս սկզբունքային հարցերում այն ուժերը, որոնք կփորձեն մեզ հետ համագործակցել, մենք որեւէ խնդիր չենք տեսնում»։ Վիկտոր Դալլաքյանը շեշտեց, որ անգամ ամենալավ օրենսգիրքը «պարտադիր, բայց ոչ անհրաժեշտ պայման է՝ ազատ ընտրություններ անցկացնելու. դրա համար ամենակարեւորը քաղաքական կամքի դրսեւորումն է»։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Ալբերտ Բազեյանը դաշինքի նիստի մասին մանրամասներ չուզեց ներկայացնել՝ բավարարվելով հերթապահ՝ «քննարկվել են կազմակերպչական հարցեր» նախադասությամբ։ Սակայն «Ընտրական օրենսգրքի» հարցում ի՞նչ է մտադիր անել դաշինքը, հնարավո՞ր է, որ կոնկրետ այս հարցը ընդդիմությունը վերադարձնի խորհրդարան. «Մենք բոյկոտում ենք ԱԺ-ի աշխատանքները եւ չենք կարող մասնակցել քննարկումներին, բայց չեմ բացառում, որ կարեւորագույն հարցերի քվեարկությանը, եթե գտնենք, որ մեր մասնակցությունը քվեարկությանը կարող է օժանդակել այս կամ այն հարցի դրական լուծմանը, գուցե եւ որոշում կայացվի մասնակցել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել