ՈՒսուցչի տոնը Արաբկիր համայնքում
Հոկտեմբերի 6-ին Արաբկիր համայնքի թաղապետ Լեւոն Հարությունյանի նախաձեռնությամբ Մարզահամերգային համալիրում «ուսուցչի տոնը» նշեցին համայնքի դպրոցների, մանկապարտեզների, մարզադպրոցների եւ երաժշտական կրթօջախների մանկավարժները: Երեխաների կրթության եւ դաստիարակության գործում ունեցած պատկառելի ավանդի համար Լ. Հարությունյանը հանդիսավոր արարողությամբ 66 մանկավարժի շնորհակալագրեր եւ դրամական պարգեւներ հանձնեց: Պարգեւատրման արարողությունից հատկապես հուզվել էին համայնքի վաստակավոր ուսուցիչները, որոնց խոսքերով. «նույնիսկ դժվար տարիներին ջանք ու եռանդ չենք խնայել մատաղ սերնդին ազգային ոգով կրթելու համար»:
Շնորհավորելով բոլոր մանկավարժներին Ուսուցչի օրվա առթիվ, պարոն Հարությունյանը նրանց մաղթեց առողջություն, բեղմնավոր աշխատանք. «Բոլորս ձեր ներկայությամբ միշտ աշակերտ ենք: Այսօր այս սրահում թեւածում է անհանգստությունը՝ դասը պատասխանող եւ ձեր գոհունակությանը արժանանալու ձգտող աշակերտի անհանգստությունը: Ժամանակներն առաջ են գնում, շատ բան է փոխվում, բայց, միեւնույն է, ուսուցիչն է, որ ամեն մարդու օգնում է այս կյանքում իր տեղը գտնել, իր օրինակով, անսովոր ուժով ապացուցելով, որ հավերժական արժեքներ կան ու դրանք պահպանել է պետք: Ձեր խնդիրները շատ են, պահանջները՝ արդարացի: Երջանկություն է սիրված լինելը, երջանկություն է ուսուցչի զգաստացնող ներկայությունը վայելելը: Ձեր տարածած լույսի դեմ՝ խավարը ոչինչ է»:
Լ. Հարությունյանն առաջին դասարանը Թբիլիսիում հաճախելուց հետո տեղափոխվել է Երեւան եւ ուսումը շարունակել Արաբկիր համայնքի դպրոցներից մեկում: Դպրոցական տարիների հուշերից պատմելիս թաղապետը չմոռացավ իր առաջին ուսուցչուհուն՝ ընկեր Նունեին: Պարոն Հարությունյանը խոստովանեց նաեւ, որ աշակերտական տարիներին չարաճճիություններ արել է, սակայն չսիրած ուսուցիչ չի ունեցել: Պարգեւատրման արարողությանը ներկա էին նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ: Քաղաքապետ Երվանդ Զախարյանը նույնպես շնորհավորեց մանկավարժներին: Երեկոն ուղեկցվեց համերգով եւ հյուրասիրությամբ:
R