ԼՂՀ-ում
էլ նրանք հովանավորում են միայն թեթեւ ժանրը Օրերս Արցախի Վ. Փափազյանի անվան
պետական դրամատիկական թատրոնը Երեւանում խաղաց «40 օր համբառնալուց առաջ» տրագիֆարսը:
Ներկայացման մեջ քննարկման առարկան մարդկային հոգեբանությունն էր, կյանքում գործած
արարքների վերլուծությունը անդրաշխարհում: Պիեսի հեղինակը վանաձորցի դրամատուրգ Սամվել
Խառատյանն է: Բեմադրության մեջ զբաղված էին թատրոնի առաջատար դերասաններ Միքայել
եւ Խաչիկ Հարությունյանները, Նվարդ Ասատրյանը, Սվետլանա Թովմասյանը եւ ուրիշներ:
Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Լեոնիդ Հարությունյանը նշեց, որ մայրաքաղաքային
կյանքից հեռու գավառային թատրոնների համար փառատոները առիթ են փոխշփման եւ թատերային
կյանքի աշխուժացման: Իսկ իրենց այցելությունը Երեւան՝ «Հայ Ֆեստի» շրջանակներում
էր: Արցախի թատրոնը կադրերի խնդիրը լուծում է կից գործող թատերական ստուդիայի
հաշվին: Պրն Հարությունյանն ասաց, որ վիրավորական է Արցախի մշակույթը Հայաստանի մշակույթից
զատ դիտարկելը: Այս առիթով նույնիսկ հիշեց ԼՂՀ կրթության եւ մշակույթի նախարար Արմեն
Սարգսյանի խոսքերը: «Մեր մշակույթի նախարարն ասում է, որ ինքը ոչ թե մի առանձին պետության
նախարար է, այլ Հայաստանի Հանրապետության գավառներից մեկի մշակույթի բաժնի վարիչն
է: Այսինքն նա իրեն տեսնում է ընդհանուր համատեքստում՝ ՀՀ մշակույթի նախարարության
ներքո: Կարծում եմ՝ մշակույթի համար չպետք է սահմաններ նշանակել: Չէ՞ որ Հայաստանի
ու Ղարաբաղի լեզուն, կրոնը եւ հոգեբանությունը նույնն են»,- կարծում է պրն Հարությունյանը:
Նրանից տեղեկացանք, որ Արցախում էլ բարձրաստիճան պաշտոնյաները քիչ են թատրոն հաճախում:
«40 օր համբառնալուց առաջ» բեմադրությունը, սակայն, բոլորն են դիտել: «Ներկայացման
պրեմիերան խաղացել ենք Արցախի նախագահի, խորհրդարանի ու կառավարության անդամների
առաջ: Նման բախտի միշտ չենք արժանանում: Թատրոն չհաճախող պաշտոնյաներին ըմբռնումով
ենք մոտենում, մտածում, որ երեւի դպրոցական տարիքում նրանց չեն դաստիարակել թատրոնի
ոգով»,- ասաց Արցախի թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Ինչպես Երեւանում, Արցախում
էլ հիմնական հանդիսատեսը երիտասարդությունն է: Թատրոնին կից ստուդիայի բազայի վրա
գործում է «Աստղիկ» մանկապատանեկան թատրոնը, որի ներկայացումներն անցնում են լեփլեցուն
դահլիճում: Լ. Հարությունյանի համոզմամբ, վաղուց ժամանակն է վերականգնել Արցախի թատերական
հարուստ ավանդույթները եւ դուրս գալ միջազգային շուկա: Նա հիշեցրեց, որ մինչ 1932-ին
իրենց թատրոնի հիմնադրվելը, նախախորհրդային շրջանում Արցախն ունեցել է գործող թատրոն,
իսկ 1860-ականներից ամբողջ Անդրկովկասում հայտնի էր Նիկիտա Խանդամիրյանի՝ Շուշիում
ծաղկող թատրոնը: Այժմ Արցախի Վ. Փափազյանի անվան թատրոնը միջազգային խոշոր
միջոցառումներին մասնակցելու նպատակ ունի: Ըստ Լ. Հարությունյանի, այդ նպատակին հասնելու
համար ներկայացումների որակը կատարելագործելուց զատ, հարկավոր է նաեւ լավ հովանավորներ
գտնել: Նա ցավով փաստեց, որ արցախցի օլիգարխները գերադասում են հովանավորել ավելի
թեթեւ ժանրեր, քան աջակցել լուրջ ներկայացումներ բեմադրող պետական թատրոնին. «Պատճառն
այն է, որ ունեւորները քիչ են հասկանում արվեստ, նաեւ թատրոն: Իսկ թատրոնը պետք է
միշտ հովանավորվի, որովհետեւ երբեք չի կարող ապրել ինքնածախսածածկմամբ»: Լ.Հարությունյանը
նշեց, որ արտասահմանից սկսել են հետաքրքրվել իրենց թատրոնով, բայց չցանկացավ առայժմ
փակագծերը բացել, քանի դեռ համագործակցությունը սկսված չէ: Նա պատմեց, որ հաճախ իրենց
ներկայացումները դիտելու են գալիս արտասահմանցի հյուրեր, որոնք դրական կարծիքներ
են թողնում տպավորությունների գրքում: Շուտով Վ. Փափազյանի անվան թատրոնը
սերբական պիեսի հիման վրա կբեմադրի «Գիշերային իրարանցում» կատակերգությունը: Իսկ
երեխաներին անակնկալ է սպասվում՝ Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային
ներկայացումը: Հոկտեմբերի 9-ին եւ 10-ին թատրոնը հանդես կգա Գյումրիում, հնարավոր
է մի ներկայացում էլ Արթիկում խաղա: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ