Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԱԼ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ՝ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿՈՐՑՆԵԼՈՎ

Հոկտեմբեր 07,2004 00:00

Երեկ այդպիսի խորհուրդ տվեց Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը՝ հյուրընկալելով Երեւանի պետական համալսարանում, որի ռեկտորը նրան շնորհեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում:

Մինչ այդ նախագահն այցելել էր Ծիծեռնակաբերդ եւ Մատենադարան, հանդիպել էր Պեյո Յավորովի անվան դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին: ԵՊՀ-ում Բուլղարիայի նախագահը հիշեց Պ. Յավորովի «Հայեր» բանաստեղծության բովանդակությունը հայ-բուլղարական բարեկամության մասին եւ շեշտեց, որ բանաստեղծի այդ կարծիքը կիսում է Բուլղարիայի հանրության մեծ մասը: Համալսարանում Գ. Պրվանովը, պատմական էքսկուրս կատարելով, հասավ մինչեւ Ավարայրի ճակատամարտ ու շեշտեց, որ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ, Ավարայրի ճակատամարտի հատվածում հիշատակել է հայերին աջակցած բուլղարացիներին:

Իր հերթին պատմական ակնարկ կատարելով՝ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը հիշեց նաեւ Բալկանյան պատերազմը, որտեղ հայերը միացան բուլղարացիներին՝ թուրքերի դեմ կռվում:

Այսուամենայնիվ, Բուլղարիայի նախագահը կարծում է, որ պատմական փաստերի հանդեպ պետք է դրսեւորել լոկ բարոյական վերաբերմունք եւ երբեք դրանք բանակցային գործընթացների նյութ չդարձնել: Գ. Պրվանովն իր այս կարծիքը հայտնեց ի պատասխան ուսանողներից մեկի այն հարցին, թե Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու պարագայում արդյոք չպե՞տք է իբրեւ նախապայման դրվի ցեղասպանության ճանաչման հարցը: «Մենք շահագրգիռ ենք, որ մեր բոլոր հարեւանները լինեն Եվրամիության անդամ եւ պահպանեն Եվրամիության ներկայացրած բոլոր պահանջները: Եվրամիությունը կորոշի՝ ինչպես վարվել, սակայն այս հարցը վերաբերում է անցյալին, եւ ես չէի համաձայնի, որ պատմական իրողությունները բանակցային գործընթացների սեղանին դրվեին»: Եվ պրն Պրվանովը հիշեց, որ Բուլղարիան էլ շատ երկար ժամանակ ստրկություն է ապրել, բայց հարկ չկա բանակցություններում շահարկել պատմական փաստերը. «Մենք եւս ունենք հինգդարյա ստրկություն, մենք եւս ունենք մեր պահանջները»:

Բուլղարիայի նախագահը կարծում է, որ պետություններն անհրաժեշտության դեպքում պետք է զիջումների գնան, եթե պատրաստ են ընդունել Եվրամիության օրենքները: Իհարկե, ըստ նախագահի, նրանք դա պետք է անեն իրենց ինքնությունն ու ինքնուրույնությունը պահպանելով: Հաջորդ հարցին, թե ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկի Բուլղարիան ԼՂՀ հարցի կարգավորմանն աջակցելու ուղղությամբ, պրն Պրվանովը պատասխանեց. «Բուլղարիան, իբրեւ ԵԱՀԿ նախագահող երկիր, ամեն ինչ արել է՝ բանակցային գործընթացը խթանելու համար եւ բավարարված է վերջին շրջանում նախագահների եւ նախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումներից»: Բուլղարիայի նախագահը վստահ է, որ խնդիրը կարող է լուծվել միայն քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով՝ հանդուրժողականության եւ փոխգործակցության արդյունքում:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել