ԵԽԽՎ
պատվիրակ եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն
արդյոք կարո՞ղ է փաստարկված ապացուցել, որ ԵԽԽՎ Դիտարկման հանձնախմբի ընդունած բանաձեւի
նախագծում զեկուցողը չի ցուցաբերել միակողմանի եւ կողմնակալ մոտեցումներ: –
Ապրիլի 27-ից մինչեւ հունիս ընդդիմությունն անցկացրել է 6 հանրահավաք, որոնցից 5-ի
անցկացումն արգելել է իշխանությունը: Սակայն Յասկերնիայի նախապատրաստած բանաձեւում
նշված է, թե «հանրահավաքները շարունակում են լինել արտոնված», եւ իշխանությունները
զերծ են մնացել հավաքների անցկացման ազատության չհիմնավորված սահմանափակումներից:
Դուք սա համարում եք անաչա՞ռ գնահատական: – Նախ, արդեն պետք է խոսել ոչ թե
Յասկերնիայի գնահատականների, այլ Դիտարկման հանձնախմբի հաստատած զեկույցի մասին:
Ուստի այստեղ արդեն սխալ է անձնավորելը: Հանձնախումբը լսել է տարբեր տեսակետներ.
նիստին ներկա էր նաեւ Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչը՝ Շավարշ Քոչարյանը,
որը շարադրեց Ձեր նշած փաստարկները: Դրանք չընդունվեցին: Եվրախորհուրդն ունի իր գնահատումները,
թե ճիշտ են մերժվել կամ սխալ, այսինքն՝ օրենքի խախտումո՞վ է այս կամ այն հարցը լուծվել,
թե՞ ոչ: – Եվ նրանք իրոք խորացե՞լ են հիմնավորումների մեջ ու պարզե՞լ, թե
ինչպես ստացվեց, որ Երեւանի քաղաքապետը հունիսի 4-ին արգելեց հանրահավաքը՝ պատճառաբանելով,
թե «Արդարության» դեմ գործ է հարուցված, իսկ դրանից հետո, երբ Յասկերնիան ժամանեց
Հայաստան՝ հանրահավաքն արտոնվեց, թեեւ դեռ կարճված չէր «Արդարության» դեմ գործը:
– Այո՛, իհարկե խորանում են: Նրա՛նք են գնահատողը: Ես կարող եմ հայտնել իմ
տեսակետը, որ կլինի սուբյեկտիվ, քանի որ իշխանությանը մաս կազմող կուսակցություններն
իրենց ուրույն պատկերացումներն ու տեսակետներն ունեն, ընդդիմությունն՝ այլ: Բայց
եթե դիմել ենք մեկին, որ մեզ դատի, ուրեմն՝ այս գնահատականները պիտի ընդունենք որպես
արբիտրի տեսակետ: – Սակայն իշխանություն լինեք, թե ընդդիմություն՝ փաստեր
կան, որոնք անհնար է անտեսել: Բանաձեւի նախագծում նշված է, որ իրավապաշտպանների եւ
լրագրողների վրա հարձակումների վերաբերյալ քննություն է անցկացվել ու Վեհաժողովը
տեղեկացվել է դրանք իրականացրածների նկատմամբ ձեռնարկված իրավական գործողությունների
մասին: Մինչդեռ հետաքննվել է միայն ապրիլի 5-ի հարձակումը, իսկ ապրիլի 12-ի գիշերը
լրագրողներին դաժան ծեծի ենթարկածներն ընդհանրապես չեն ենթարկվել պատասխանատվության:
Իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա հարձակվողներն էլ բացահայտված չեն: –
Չմոռանանք, որ 1374 բանաձեւն ընդունվել էր լրիվ այլ խնդրի արձագանքելու համար՝ կար
ներքաղաքական լարվածություն, խոսքը գնում էր ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների
եւ առճակատումների մասին, որոնց ականատեսը եղանք գարնանը: Իսկ ձերբակալությունները
կամ կալանքները, որոնք այդ ընթացքում տեղի ունեցան՝ դիտարկվում էին այդ համատեքստում:
Միքայել Դանիելյանն ի՞նչ կապ ունի այս խնդրի հետ: Երբ բանաձեւում նշված էր անհապաղ
իրավական գնահատման արժանացնելու մասին՝ խոսքը վերաբերում էր այն անձանց, որոնք լուսաբանել
են հանրահավաքները եւ ցույցերը: – Եվս մի դրույթ, որ խնդրահարույց է դարձնում
զեկույցի անկողմնակալությունը: Անգամ պաշտոնական տվյալներով՝ ոստիկանությունն ամեն
հանրահավաքից հետո բերման էր ենթարկում բազմաթիվ անձանց: Սակայն զեկուցողը միայն
նշել է. «Սահմանադրությունը երաշխավորում է տեղաշարժման ազատությունը»՝ չանդրադառնալով,
թե փաստացի ապահովվե՞լ է այդ իրավունքը: – Հիշեցնեմ, որ Դիտարկման հանձնաժողովը
զեկուցողներին Հայաստան էր գործուղել ամռանը, եւ այդ օրերի հետ են կապված նրանց բոլոր
գնահատումները: Իսկ այդ շրջանում այլեւս չեն արձանագրվել նման բաներ: – Մանավանդ
որ՝ հունիսից դադարեցին հանրահավաքները: – Հենց դրա համար էլ չեն արձանագրվել:
Նրանք եկել էին տեսնելու՝ այդ երեւույթներն այդ պահին Հայաստանում կա՞ն, թե՞ ոչ:
Այլապես՝ եղածն ո՞ւմ միջոցով պիտի ճշտեին, ո՞վ է անաչառ գնահատողը՝ ընդդիմությունն
ասում է՝ «եղել է», իշխանությունը՝ «չի եղել»: – Մի խոսքով, Յասկերնիայի զեկույցը
համարում եք անաչա՞ռ: – Զեկույցը միշտ էլ կարող է կատարյալ չլինել: Բայց ընդհանուր
առմամբ՝ այո՛, անաչառ է: – Անաչառ են նաեւ զեկույցում Ղարաբաղի՞ վերաբերյալ
արձանագրումները, որ բանակցություններում առաջընթաց չկա, կամ որ Հայաստանը չի կարողանում
ապացուցել, թե որքան մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանը Ղարաբաղի բնակչության գոյատեւման
համար, ուստի պետք չէ շահարկել Բուդապեշտում հայ սպայի սպանությունը, քանի որ չկա
«ագրեսիայի ընդհանուր քաղաքականություն»: – Այո՛, բանակցություններում առաջընթաց
չկա՝ ճիշտ դիտարկում է: Իսկ երկրորդ գնահատումն այդպես չեմ ընկալել: Յասկերնիան ցանկացել
է ասել, թե պետք չէ մի դեպքն այն աստիճան մեծացնել, որ իսկապես երկու պետությունների
միջեւ ընդհանուր դառնա ատելությունը: Այո՛, մասնավոր դեպքը պետք չի բարձրացնել այդ
մակարդակի: Բայց որ այդ դեպքը շատ լուրջ ազդեցություն ունեցավ ատելությունը մեծացնելու՝
սա էլ կա: ՆԱՏՕ-ի համաժողովի շրջանակներում մի գործընկերը կացնահարեց մյուսին՝ այստեղ
ի՞նչ այլ մոտիվ կարող էր լինել, եթե ոչ՝ ազգայինը: Հարցազրույցը
վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ