ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ Սկսել են հաղթանակներով Իզմիրում (Թուրքիա) մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց 20-րդ եւ կանանց 9-րդ ակումբային առաջնությունը: Անցկացվել է երկու տուր: Եկատերինբուրգի «Մաքս Վեն» ակումբում գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը մեկնարկային մրցամարտում հայտավորված չէր: Սակայն հաջորդ օրը Կազանի «Լադյա» թիմի հետ հանդիպումում նա հանդես եկավ երկրորդ խաղատախտակի առջեւ ու սեւերով հաղթեց Վալերի Յանդեմիրովին: Իսկ ահա «Մաքս Վենի» առաջատար Գարրի Կասպարովը նույնպես սեւ խաղաքարերով զիջեց Սերգեյ Ռուբլյովսկուն: Այդուհանդերձ, «Մաքս Վենը» համառ պայքարում մեկ միավորի առավելությամբ հաղթեց «Լադյային»: Երկու հանդիպումում հարյուր տոկոսանոց արդյունք է ցույց տվել «Բոսնիա» ակումբի անդամ Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա): Նրան անձնատուր են եղել Սիգուրդուր Սիգֆուսոնը՝ «Հելլիր Չեսս Քլաբ» եւ Գվինտեր Կուբան՝ «Ադմիրալ Սպարկաս»: Վլադիմիր Հակոբյանը 16-րդն է Հրապարակվեց պրոֆեսիոնալ շախմատիստների վարկանիշային դասակարգման հերթական ցուցակը՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ: Սովորականի պես այն գլխավորում է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը: 2-րդ հորիզոնականում ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչն է, 3-րդում՝ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: Առաջին տասնյակն ըստ հերթականության կազմել են Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Յուդիթ Պոլգարը (Հունգարիա), Մայքլ Ադամսը (Անգլիա), Պետեր Լեկոն (Հունգարիա), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա): Հայաստանի ներկայացուցիչներից լավագույնը Վլադիմիր Հակոբյանն է՝ 16-րդ տեղ: Այնուհետեւ գալիս են. 29. Լեւոն Արոնյան, 77. Սմբատ Լպուտյան, 78. Գաբրիել Սարգսյան, 98. Կարեն Ասրյան, 111. Ռաֆայել Վահանյան, 161. Արտաշես Մինասյան, 208. Արսեն Եղիազարյան, 222. Աշոտ Անաստասյան: Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը ցուցակում 52-րդն է: